• Latest news

Մեր նպատակն է հավասարեցնել կյանքի միջին տեւողությունը եւ առողջ կյանքի միջին տեւողությունը. հայտնի մասնագետ

29 սեպտեմբերի, 2016  17:36

Այսօր մարդկանց կյանքի միջին տեւողությունը նկատելիորեն աճել է անցյալ դարի համեմատ, բայց միաժամանակ աճել է տարիքի հետ կապված հիվանդությունների տարածվածությունը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնի էնդոկրինոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ պրոֆեսոր Բրունո Լունենֆելդը  (Իսրայել) պատմել է, որ 50 տարի առաջ մարդիկ մահանում էին մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, հիմնականում`  վարակիչ հիվանդություններից:  Այսօր մարդիկ անհամեմատ ավելի երկար են ապրում, բայց իրենց կյանքի վերջին   7-8 տարվա ընթացքում հիվանդանում են սրտանոթային, ուռուցքային եւ այլ հիվանդություններով, որոնք վատացնում են նրանց կյանքի որակը: 

Բրունո Լունենֆելդի խոսքով, այսօր բժշկության նպատակն է հավասարեցնել կյանքի միջին տեւողությունը եւ առողջ կյանքի միջին տեւողությունը:  Այսինքն այնպես անել, որ մարդը կարողանա ամբողջ կյանքն առողջ ապրել, իսկ տարեց հասակում հնարավորինս չբախվի տարիքային հիվանդությունների:   Դա, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է եւ մարդու համար, եւ նրա ընտանիքի, եւ երկրի, որում նա ապրում է, չէ որ տարիքի հետ կապված հիվանդությունները շատ թանկ են արժենում ինչպես ընտանիքին, այնպես էլ պետբյուջեին: 

Տղամարդկանց ծերացման հարցերին եւ տարիքային հիվանդությունների դեմ պայքարի ուղիներին է նվիրված   ISSAM-ի X ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ (Տղամարդկանց ծերացման հարցերի ուսումնասիրման միջազգային ընկերակցության), որն այսօր մեկնարկել է Երեւանում: Կոնգրեսի հիմնական նպատակը վերջին գիտական մշակությունների քննարկումն է եւ իրենցից բժշկական, սոցիալական եւ տնտեսական լուրջ խնդիրներ ներկայացնող հիվանդությունների կանխարգելիչ եւ բուժական ռազմավարությունների ոլորտում փորձի փոխանակումը: 

Բրունո Լունենֆելդը նշել է, որ կանայք այսօր ավելի հաճախ են բժշկի գնում, նրանց մոտ դա երիտասարդ տարիքից սովորություն է դառնում: Իսկ տղամարդիկ, չցանկանալով ցուցադրել թուլությունը եւ հիվանդ թվալ, ավելի հազվադեպ են գնում բժշկի: Արդյունքում կանանց կյանքի միջին տեւողությունը  7-8 տարով ավելի երկար է, քան տղամարդկանց մոտ: 

Նշենք, որ Բրունո Լունենֆելդը  1961 թվականին հաջողությամբ կլինիկական պրակտիկայի մեջ է մտցրել մարդկային կլիմակտերիկ գոնոդոտրոպինի օգտագործումը:  Թոշակի անցնելուց հետո պրոֆեսորը, որը շուտով  90 տարեկան կդառնա, հետաքրքրվել է ծերացման հարցերով եւ ԱՀԿ-ի հետ սկսել է   ISSAM կազմակերպել: ISSAM-ի առաջին կոնգրեսը կազմակերպվել է Ժնեւում` 19 տարի առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է