Շվեյցարացի գիտնականները հաջողությամբ վերականգնել են մաշկի քաղցկեղով 5 հիվանդի քթերը աճառի օգնությամբ, որն աճեցվել է հիվանդների սեփական հյուսվածքից, հաղորդում է Fox News-ը:
Հյուսվածքային ինժեներիա կոչվող տեխնիկան օգտագործելով՝ Բազելի համալսարանի գիտնականները հիվանդների քթերից շատ փոքր քանակությամբ աճառ են վերցրել, որոնք հետագայում լաբորատորիայում աճեցվել են: Ստացվել է սպիտակ աճառի համեմատաբար մեծ զանգված, որը հեշտությամբ հնարավոր է եղել ձեւափոխել՝ յուրաքանչյուր հիվանդի քթի ձեւին համապատասխան:
Ըստ առաջատար հետազոտող Իվան Մարտինի՝ քթի վերականգնման այս ձեւը կարելի է օգտագործել մաշկի ոչ մելանոմային քաղցկեղով տառապող հիվանդների համար, որը հիմնականում ախտահարում է քթի մակերեսը արեւի ճառագայթների ազդեցության հետեւանքով: Ներկայումս վիրաբույժները հիվանդությունը բուժում են քթից ուռուցքի լրիվ հեռացման ճանապարհով՝ միջամտության ժամանակ շատ հաճախ հեռացնելով աճառի կենսական կարեւոր հատվածները:
Իրենց լաբորատոր աճառների ստեղծման համար Մարտինը եւ իր թիմը 76-88 տարեկան, մաշկի քաղցկեղի վիրահատությունից հետո քթի լուրջ թերություն ունեցող 5 հիվանդների քթերի միջնապատերից ոչ մեծ բիոպսիա են կատարել: Վերցված հյուսվածքները ընդամենը մի քանի մմ տրամագծով են եղել:
Հետազոտողները հետագայում առանձնացրել են աճառային բջիջները եւ բազմացրել դրանք՝ օգտագործելով աճի գործոնների համադրություն:
Մոտ երկշաբաթյա ժամկետից հետո մեծացված բջիջները տեղադրվել են կոլագենային թաղանթի վրա եւ աճեցվել են եւս 2 շաբաթների ընթացքում: Այս 4 շաբաթներից հետո՝ սկզբնական բիոպսիայի չափերի հետ համեմատած, աճառի կտորները մեծացել են մոտ 40 անգամ:
Այսպիսով՝ վիրաբույժների տրամադրության տակ յուրաքանչյուր հիվանդի ճշգրիտ պահանջներին համապատասխան աճառ ձեւավորելու նպատակով բավարար քանակությամբ հյուսվածք կար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր