• Latest news

Տղամարդկանց համար պարտադիր 7 բժշկական հետազոտություն

16 հունիսի, 2014  22:57

Ընդունեք, որ նույնիսկ առողջական խնդիր ունենալու դեպքում մեծ տհաճությամբ եք բժշկին այցելության գնում, էլ չասենք` երբ խոսքը կանխարգելիչ ստուգումների մասին է: Բայց առողջության նկատմամբ պրոակտիվ վերաբերմունքը` լուրջ հիվանդությունների առկայության ստուգումը, կարող է կրճատել հաջորդ այցելությունը, գրում է Foxnews-ը:

Կախված տարիքից, ընտանեկան պատմությունից եւ կենսակերպի գործոններից, տղամարդիկ զանազան ստուգումներ պետք է անցնեն: Ստորեւ ներկայացնում ենք ամենակարեւորները:

Շաքարախտ

Շաքարախտի դեմ ստուգվելու կարիքը երբեք չեք ունենա, եթե առողջ կենսակերպ եք վարում` քաշը նորմալ է եւ հիվանդության առկայությունը մատնանշող այլ ռիսկային գործոններ չկան (խոլեստերինի բարձր մակարդակ կամ արյան բարձր ճնշում): Այդուհանդերձ, 45 տարեկանից բարձր տղամարդկանց համար, մանավանդ եթե քաշը նորմայից բարձր է, գլյուկոզայի կամ A1C թեստը չի խանգարի: 

A1C-ն հանձնելիս նախօրոք քաղցած մնալու պահանջ չի լինի, սակայն գլյուկոզայի ստուգման դեպքում ստիպված կլինեք նախօրոք 8 ժամ սոված մնալ. ջրից բացի ոչինչ չի կարելի:

Սեռավարակներ

Նույնիսկ եթե տարիներ շարունակ միայն մեկ անձի հետ եք սեռական հարաբերություն ունեցել, համապատասխան սեռավարակները հայտնաբերող հետազոտություններ անցնելը վատ գաղափար չէ: Բազմաթիվ սեռավարակներ կարող են տարիներով գաղտնի մնալ: 

Մարմնի զանգվածի գործակից

Սա հաշվելու համար բժշկին այցելել հարկավոր չէ: Անչափ կարեւոր է իմանալ, թե որքան է կազմում ձեր հասակի եւ կշռի հարաբերությունը` օրգանիզմում առկա ճարպի քանակը պարզելու համար: 18.5-ի եւ 24.9-ի միջակայքը նորմալ է համարվում: 

Խոլեստերին

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան տղամարդկանց խորհուրդ է տալիս, 20 տարեկանը լրանալուց հետո, յուրաքանչյուր 4-ից 6 տարին մեկ խոլեստերինի մակարդակը ստուգել: Սակայն ձեր անձնական բժիշկը կարող է առավել հաճախ ստուգումներ նշանակել, եթե առկա են սրտային հիվանդության գործոններ` շաքարախտ, ծխախոտի օգտագործում եւ արյան բարձր ճնշում:

Խոլեստերինի մակարդակը արյան անալիզով է ստուգվում, այնպես որ բժիշկը կարող է նախօրոք` 9-12 ժամ ոչինչ չուտելու պահանջ ներկայացնել:

Արյան ճնշում

Ինչպես եւ խոլեստերինի պարագայում, արյան բարձր ճնշումը եւս կարող է առանց ախտանիշների զարգանալ, բայց, բարեբախտաբար, այս հիվանդության դեմ ստուգումն արագ եւ անցավ է:

Կոլոնոսկոպիա

Տղամարդկանց մեծամասնությունը հաստ աղիքի քաղցկեղի թեստ պետք է հանձնի 50 տարեկանում, բայց նրանք, ովքեր հիվանդության ընտանեկան պատմություն ունեն, կշահեն` եթե ավելի շուտ նախազգուշական միջոցառումներ ձեռք առնեն: Մարդիկ հաճախ խուսափում են թեստից` այս պարագայում հետանցքի մեջ փոքրիկ տեսախցիկ են մտցնում` պոլիպների եւ քաղցկեղի դրսեւորման այլ նշանների առկայությունը ստուգելու համար: Ասում են` այնքան էլ տհաճ չէ, որքան թվում է:

Առավել տհաճ պահը թեստին նախապատրաստվելիս կարող եք համարել: Հարկավոր է աղիքներն ամբողջությամբ դատարկել եւ այնուհետ` 1-3 օր ոչինչ չուտել, խմել միայն մաքուր ըմպելիքներ եւ շատ լուծողական ընդունել: Բայց գործի լավ կողմն էլ կա` բավական է բժիշկն ասի, որ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել, հետագա 10 տարիների ընթացքում կոլոնոսկոպիայի կարիք չեք ունենա:

Շագանակագեղձի հետազոտություն

Շագանակագեղձի քաղցկեղի դեմ ստուգման անհրաժեշտությունը շատերի կողմից է վիճարկվում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն թանկ եւ ոչ անհրաժեշտ, ավելին` երբեմն էլ վնասակար միջոց է:  Այդուհանդերձ, 50 տարեկանից բարձր մարդկանց առաջարկվում է խոսել բժշկի հետ` հետեւյալ թեստերի դրական եւ բացասական կողմերի մասին` մատով հետանցքային ուսումնասիրություն (որի դեպքում բժիշկը մատը հետանցքի մեջ է մտցնում` շոշափման միջոցով ուսումնասիրություն իրականցնելու համար) եւ PSA թեստ, որի դեպքում էլ արյան մեջ շագանակագեղձին հատուկ անտիգենի առկայությունն է ստուգվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել