Բժշկական տուրիզմն այսօր արդեն լայն տարածում է գտել ողջ աշխարհում. հարյուր հազարավոր հիվանդներ ամեն տարի այս կամ այն երկիրն են այցելում՝ իրենց հայրենիքում անհասանելի՝ որակյալ բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով:
Իսկ այս ամառ ո՞ր երկրներ կարելի է այցելել: NEWS.am Medicine-ը հինգ ամենահրապուրիչ երկրների ցանկն է պատրաստել, որտեղ կարող եք որակյալ բժշկական ծառայություններ գտնել: Միակ խնդիրն այն է, որ դրանք, ցավոք սրտի, շատ քչերի գրպանին կարող են հարմար լինել:
1. Սինգապուր
Բարձրորակ ախտորոշման կենտրոններով եւ քաղցկեղային հիվանդությունների բուժմամբ հայտնի Սինգապուրը տարեկան շուրջ 610 հազար՝ այս կամ այն բժշկական ծառայությունից օգտվելու մտադրությամբ ժամանած զբոսաշրջիկների է ընդունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդմամբ, այս երկրի առողջապահական համակարգը լավագույնն է Ասիայում: Ավելին՝ այն, կառավարության միջոցների հաշվին իրականացվող առատաձեռն ներդրումների շնորհիվ, շարունակում է հսկայական արագությամբ զարգանալ: Օրինակ՝ բոլորովին վերջերս կենսատեխնոլոգիաների գծով գիտահետազոտական կենտրոնի բացման նպատակով 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացվել:
Ընդ որում, բարձր որակը նաեւ բժշկական սպասարկմանն է վերաբերում: Գներն, իհարկե, բոլորովին էլ ցածր չեն, բայց եւ, որոշ երկրների համեմատությամբ, աստղաբաշխական թվերով չեն բնորոշվում:
2. Մալայզիա
Ամեն տարի գրեթե կես միլիոն զբոսաշրջիկներ երկրագնդի ամենատարբեր ծայրերից Մալայզիա են ժամանում՝ տեղի բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով: Եվ այդ ամենը՝ շնորհիվ համեմատաբար ցածր գների եւ զարգացած ենթակառույցների: Հնարավոր է՝ առանձնապես շատ բան չեք լսել մալայզիական բժշկության մասին, սակայն այս երկրում բազմաթիվ որակյալ բժշկական հաստատություններ են գործում, որտեղ անհամեմատ ցածր գներով կարելի է գործնականում հնարավոր բոլոր հետազոտությունները անցնել եւ բժշկական միջամտությունը ստանալ: Հատկապես երբ խոսքը այրվածքների բուժմամբ մասնագիտացված՝ ողջ աշխարհին հայտնի մալայզիական կլինիկաներին է վերաբերում:
3. Թաիլանդ
Թաիլանդը բժշկական տուրիզմի տեսանկյունից ամենահանրահայտ եւ հրապուրիչ երկրներից մեկն է հանդիսանում: Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ցանկացած վիրահատության կարիք ունենալու դեպքում կարելի է, առանց երկմտելու, այս երկիր մեկնել: Թաիլանցի վիրաբույժները, որպես կանոն, արհեստավարժ եւ բարեհամբույր մասնագետներ են, իսկ գները՝ բավականաչափ ցածր: Օրինակ՝ դեմքի ձգման պրոցեդուրան, որն այլ երկրներում շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար արժի, այստեղ ընդամենը 2500-3000 դոլարով են կատարում՝ բարեխղճորեն եւ առանց թերությունների:
4. Բրազիլիա
Բժշկական տուրիզմի տեսանկյունից ամենահեղինակավոր երկրներից մեկը՝ Բրազիլիան, առավելապես պլաստիկ վիրահատություններով է հայտնի, որոնք արեւմտյան երկրների մեծ մասի համեմատությամբ, 60 տոկոսից էլ ցածր գներով են իրականացվում: Ներկայումս Բրազիլիայում ավելի քան 4500 լիցենզավորված պլաստիկ վիրաբույժներ են գործում, որոնք նախընտրում են վիրահատությունները, մասնավոր կլինիկաների փոխարեն, խոշոր հիվանդանոցներում իրականացնել:
Այս կամ այն բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով, տարեկան 180 հազար զբոսաշրջիկ է Բրազիլիա ժամանում:
5. Հնդկաստան
Որքան էլ որ տարօրինակ հնչի, Հնդկաստանը նույնպես բժշկական տուրիզմի տեսանկյունից հրապուրիչ երկիր է համարվում: Ավելին՝ չնայած հնդկական կլինիկաների մեծ մասը միջազգային հավատարմագրում չի անցել, երկրագնդի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներ են այս երկիր ժամանում՝ տեղի օրթոպեդիկ եւ սրտաբանական ծառայություններից օգտվելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, աորտա-կորոնար շունտավորման մասին է, որն իրականացնելու համար նույնիսկ ամերիկացի զբոսաշրջիկների հոսք է նկատվում (պրոցեդուրան Հնդկաստանում շուրջ 30 000 ԱՄՆ դոլար արժի, մինչ ամերիկացի մասնագետները 300 000 դոլար են պահանջում):
2012թ. տվյալներով, Հնդկաստանում առաջարկվող բժշկական ծառայություններից օգտված զբոսաշրջիկների թիվը շուրջ 400 հազար է կազմել:
Հանուն արդարության հարկ է նշել, որ Հայաստանը եւս վերջին տարիներին բավականաչափ մեծ թվով «բժշկական» տուրիստների է գրավում: Արտասահմանցիները մեր երկիր են գալիս՝ պլաստիկ, ինչպես նաեւ սրտի բարդ վիրահատություններ իրականացնելու նպատակով: Բազմաթիվ հայ վիրաբույժներ ոչնչով չեն զիջում իրենց արեւմտյան գործընկերներին, բայց եւ շատերի գրպանին հարմար գումար են պահանջում՝ վիրահատության դիմաց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր