Շուկան այսօր լի է տարատեսակ ատամի մածուկներով, եւ այդ զանազանության մեջ երբեմն շատ դժվար է կողմնորոշվել: Ինչպե՞ս ընտրել ատամի մածուկ: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանել է ատամնաբույժ Արթուր Փափազյանը:
Ատամնաբույժի խոսքով՝ մածուկների մեծ մասն ունի գրեթե նույն բաղադրությունը՝ չնչին տարբերություններով: Բայց երբեմն հենց այդ չնչին տարբերություններն են որոշում ատամի մածուկի «ուղղվածությունը» եւ առանձնահատկությունները:
Եթե ատամներն առողջ են…
Եթե պացիենտը չունի լուրջ խնդիրներ, նա կարող է ուղղակի ընտրել ցանկացած մածուկ՝ ըստ իր գրպանի կամ նախասիրության:
Եթե ատամներն ու լնդերը առողջ չեն…
Եթե պացիենտը ատամների կամ լնդերի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի եւ ցանկանում է հատուկ՝ բուժիչ ատամի մածուկ գնել, պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ. միայն նա, ծանոթանալով պացիենտի խնդիրներին, կարող է նրան ճիշտ խորհուրդ տալ:
Այստեղ հարկ է նաեւ նշել, որ կան մածուկներ, որոնք, ինչպես պնդում են դրանց արտադրողները, կարող են բուժել լնդերի հիվանդությունները, սակայն դա ոչ միշտ է այդպես: Բանն այն է, որ սովորաբար լնդերի հիվանդությունները փոխկապակցված են լինում այլ հիվանդությունների հետ, կամ էլ այլ առողջական խնդիրների հետեւանք են լինում: Նման դեպքերում մածուկի օգնությամբ հազիվ թե հնարավոր լինի բուժել լնդերը՝ պետք է նաեւառաջ վերացնել խնդիրը, որի պատճառով լնդերը անառողջ են դարձել:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մածուկ ընտրելիս, եթե խնդիրներ կան, արժե բժիշկի հետ խորհրդակցել: Գուցե Ձեզ ոչ թե հատուկ մածուկ է պետք, այլ բուժու՞մ:
Թանկը միշտ չէ, որ լավն է
Մածուկների գներն այսօր խիստ տարբեր են՝ սկսած մի քանի հարյուր դրամից, մինչեւ մի քանի հազար: Արդյո՞ք ավելի թանկ մածուկներն ավելի լավն են:
Պարզվում է, դա միշտ չէ, որ այդպես է. որոշ թանկ մածուկներ գրեթե չունեն առավելություններ այլ, ավելի էժան մածուկների համեմատ: Այդ պատճառով, չարժե թանկ մածուկ գնել միայն այն բանի համար, որ թանկ է եւ պետք է որ լավը լինի: Ավելի ճիշտ կլինի վստահել սեփական փորձին եւ զգացողություններին, կամ՝ խորհրդակցել մասնագետի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր