• Latest news

Դեմքի կեսը կորցրած տղամարդը վիրահատությունից հետո մոդել է դարձել (ֆոտո)

30 հուլիսի, 2014  19:51

39-ամյա Ռիչարդ Նորիսը 22 տարեկան էր, երբ պատահաբար հրազենով դեմքին էր կրակել եւ արդյունքում սարսափելի վնասվածքներ ստացել: Դժբախտ պատահարը նրան առանց քթի եւ ատամների էր թողել, բացի այդ էլ՝ լեզվի մի հատվածն էր վնասվել: Շուտով նրա լուսանկարը տղամարդկանց համար հրապարակվող ամենաառաջնակարգ ամսագրերից մեկի շապիկին է հայտնվելու, եւ այդ ամենը՝ ծանրագույն վիրահատության շնորհիվ, որի ընթացքում բժիշկները դիմային փոխպատվաստում են իրականացրել:

Այլանդակված դեմքով, հոտառությունից զուրկ Ռիչարդը տարիներ շարունակ խուսափում էր հասարակության մեջ հայտնվել, տնից դուրս գալիս էլ անպայման դիմակ էր կրում: Հիմա էլ խոստովանում է, որ բազմաթիվ անգամ ինքնասպանության մասին է մտածել, հաղորդում է London Evening Standard-ը:

Ճիշտ է՝ հետագա 16 տարիների ընթացքում մի քանի անգամ վիրահատությունների է դիմել՝ դեմքը վերականգնելու նպատակով, սակայն արդյունքներն աննշան էին, եւ բժիշկներն ի վերջո ստիպված էին խոստովանել, որ այլեւս ոչինչ հնարավոր չէ անել:

Ռիչարդի կյանքը փոխվեց այն օրվանից, երբ Մերիլենդի համալսարանը ներկայացնող դոկտոր Էդուարդո Ռոդրիգեսից դեմքի ամբողջական փոխպատվաստման ենթարկվելու առաջարկ ստացավ:

Մինչ այդ Միացյալ Նահանգներում ընդամենը երկու նմանատիպ վիրահատություն էր իրականացվել: Մեկ այլ դեպքում էլ՝ 2005թ.-ին, իր իսկ շան ճանկերից վնասվածքներ ստացած մի ֆրանսուհի էր մասնակի փոխպատվաստման ենթարկվել:

Սակայն Ռիչարդին այլեւս ոչինչ եւ ոչ ոք չէր կարող հետ պահել: Դիմել էր տարբեր հաստատությունների եւ ի վերջո վիրահատության համար անհրաժեշտ գումարը դրամաշնորհի տեսքով ձեռք բերել: Այնպես որ, կարճ ժամանակ անց՝ 2012թ-ին, լիովին պատրաստ էր վիրահատությանը, թեեւ զգուշացում էր ստացել, որ ողջ մնալու շանսը ոչ ավելի, քան 50 տոկոս է գնահատվում:

Ռիչարդ Նորիսն այլեւս կարող է նոր դիմագծերով, ծնոտով, ատամներով եւ նույնիսկ լեզվով պարծենալ: Թեեւ փորձություններն այսքանով չեն ավարտվում: Նրա օրգանիզմը մինչեւ կյանքի վերջ փորձելու է ազատվել փոխպատվաստված դեմքից, այնպես որ ամեն օր ստիպված է լինելու դեղորայք օգտագործել եւ ժամանակ առ ժամանակ էլ՝ բժշկական հետազոտությունների ներկայանալ՝ համոզվելու համար, որ բուժումը նորմալ է ընթանում:

Բացի այդ, նրան արգելվել է ծխել, ալկոհոլ օգտագործել եւ նույնիսկ արեւի տակ երկար մնալ, քանի որ դեմքի մաշկը կարող է վնասել:

Վերջերս Ռիչարդն իր պատմությունը American GQ ամսագրին է ներկայացրել. ավելին՝ պարբերականի նոր համարի շապիկին հենց նրա լուսանկարն է լինելու:

Վիրահատության մասին հիշելիս միշտ ասում է. «Հույսի կաթիլը՝ մի ողջ օվկիանոս, եւ դույլով հավատը՝ մի ողջ աշխարհ կարող է ստեղծել»:  

Դոկտոր Էդուարդո Ռոդրիգեսի պնդմամբ՝ Ռիչարդը երբեք իր մասին չի մտածել: «Այդ հրաշալի մարդը միշտ եղանակ է փնտրում՝ ուրիշներին օգնելու, հույս տալու համար», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել