• Latest news

5 բնական միջոց՝ միգրենի դեմ պայքարի համար

2 օգոստոսի, 2014  19:41

Անկախ նրանից՝ կլինիկական միգրեն ունեք, սինուսային, թե սովորական գլխացավ, հակամիջոցներ չձեռնարկելու դեպքում օրվա ընթացքում կարող եք ցրվածություն, լույսի նկատմամբ բարձր զգայունություն, թուլություն եւ էներգիայի պակաս զգալ:

Իհարկե՝ իբուպրոֆեն կամ որեւէ այլ՝ ցավազրկող դեղամիջոց ընդունելով, կարող եք օրվա բնականոն ընթացքը վերադարձնել, բայց հանուն ճշմարտության պետք է նշել, որ ցավազրկող դեղամիջոցներն այնքան էլ հարմար չեն գլխացավի համար, քանի որ հաճախակի (եւ առանց սննդի) օգտագործման դեպքում կարող են ստամոքսին լուրջ վնաս հասցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Այնպես որ, նախքան դեղահաբերին ապավինելը, միգուցե ստորեւ բերված 5 բնական միջոցների՞ն ուշադրություն դարձնեք:

Մինչ փրկարար միջոցների նկարագրությանն անցնելը, նշենք, որ գլխացավը կարող է տարատեսակ պատճառներով ի հայտ գալ: Երեւույթի ամենադաժան տեսակը միգրենն է համարվում, որի առաջացման արդյունքում երկար ժամեր, երբեմն էլ՝ օրեր տեւող, ուժասպառության հանգեցնելու ընդունակ գլխացավ է նկատվում: Մարդության շուրջ 10 տոկոսին ծանոթ այս խանգարումը կարող է սրտխառնոցով եւ լուսավախությամբ ուղեկցվել: Միգրենը սովորաբար սերոտոնինի թերի նյութափոխանակության արդյունքում եւ հատկապես՝ ճարպակալմամբ աչքի ընկնող մարդկանց մոտ է ի հայտ գալիս: Էմոցիոնակ եւ ֆիզիկական սթրեսը, կոֆեին ընդունելու ցանկությունը, ջրազրկումը եւ սինուսային խնդիրները (օդի ջերմաստիճանի կամ ճնշմամբ պայմանավորված) նույնպես կարող են անցանկալի գլխացավ առաջացնել:

Իսկ հիմա՝ պայքարի միջոցների մասին.

Շատ ջուր խմեք եւ առավել հաճախ սնվեք

Առաջին քայլն ամենապարզն է. քանի որ գլխացավը կարող է ջրազրկման արդյունք լինել, հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել: Բացի այդ, հաճախ սնվելն էլ չէր խանգարի: Ջրազրկման պարագայում օրգանիզմը մեծ քանակությամբ էլեկտրոլիտներ՝ նատրիում, կալիում եւ քլորիդներ է կորցնում: Արյունատար անոցները սեղմվում են եւ առավել քիչ ծավալով թթվածին հասցնում ուղեղին, ինչը կարող է ցավի ռեցեպտորների գրգռման հանգեցնել: Այդուհանդերձ, եթե որոշել եք դեղահաբին ապավինել, ապա նախօրոք անպայման մի բան կերեք:

Խոնավ օդ շնչեք

Սինուսային գլխացավը կարելի է խոնավության միջոցով հաղթահարել: Այն հրաշալի միջոց է՝ քիթն ու սինուսային անցուղիները լորձից ազատելու համար: Մասնավորապես, կարող եք տաք ցնցուղ ընդունել եւ միաժամանակ գոլորշին շնչել:

Գլուխը մերսեք՝ լարվածությունից ազատվելու համար

Լարվածության արդյունքում առաջացող գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը մերսումն է համարվում: Գլխացավի այս տեսակը կարող է սեղմված ծնոտների, ինտենսիվ աշխատանքի, դեպրեսիայի, անհանգստության, ինչպես նաեւ սննդի եւ քնի պակասի արդյունք լինել:

Գլխի հետնամասը, կողային հատվածները եւ պարանոցը մերսելով՝ կարող եք մեկ ակնթարթի ընթացքում ազատվել ցավից: Մարմնի ամբողջական մերսումը եւս կարող է դրական արդյունքի հանգեցնել, քանի որ գլխացավ հարուցող լարվածությունը երբեմն մեջքի եւ ուսերի տարածքում է թաքնվում: 

Ճակատին սառը (կամ տաք) կտոր դրեք

Ամեն ինչ գլխացավի տեսակից է կախված: Լարվածության արդյունքում առաջացող գլխացավի պարագայում լավագույն լուծումը տաք կոմպրեսն է, քանի որ այդ կերպ կարելի է մկանները թուլացնել: Իսկ ահա սառը թրջոցը արյունատար անոթները սեղմելու եւ կոպերի լարվածությունը թուլացնելու հատկություն ունի:

Դաղձի յուղ

Դաղձը եւս կարող է գլխացավի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: Մասնավորապես, ջրային ու գանգուր անանուխների եւ դաղձի համադրությունը կարող է ոչ միայն գլխացավ, այլ նաեւ՝ մրսածություն, սրտխառնոց, փորլուծություն, ստամոսքի ցավ, փքվածություն եւ մարսողական բնույթի այլ խանգարումներ վերացնել: Ճակատին կամ գլխի կողային մասերին դաղձի գել կամ յուղ քսելով՝ կարելի է նկատելի արդյունքի հասնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել