• Latest news

Շաքարախտ եւ հղիություն. Հնարավո՞ր է արդյոք առողջ երեխա ունենալ

20 դեկտեմբերի, 2013  13:49

Մոտ 30-40  տարի առաջ բժիշկները շաքարախտ ունեցող կանանց արգելում էին հղիանալ եւ ծննդաբերել, քանի որ մեծ վտանգ կար ինչպես մոր այնպես էլ երեխայի համար:Այն մասին թե ինչն է հիմա փոխվել, եւ ինչու են հիմա շաքարախտով կանայք ավելի շատ ծննդաբերում, NEWS.am Medicine  թղթակցի հետ զրույցում պատմեց Երեւանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ եւ «Մուրացան» համլսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար Ելենա Աղաջանովան:

Բժիշկ, ասացեք խնդրեմ, ին՞չ է  շաքարային դիաբետը (շաքարախտը): Եւ կարող են արդյոք շաքարախտով կանայք ծննդաբերել:

Շաքարախտը քրոնիկ հիվանդություն է, որը կապված է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրության խանգարման կամ հյուսվածքներում ինսուլինի ազդեցության խանգարման հետ: Երկու դեպքում էլ մենք տեսնում ենք ինսուլինի անբավարարության պատկեր: Եթե ինսուլինի քանակությունը անբավարար է, ապա արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը: Իսկ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը ունի վնասակար ազդեցություն  բոլոր օրգանների անոթների պատերի, նյարդային վերջավորությունների վրա:

Շաքարաաախտով հիվանդների թիվը աճում է ամբողջ աշխարհում, այդ թվում  Հայաստանում: Շաքարախտով  հիվանդ կանանց  թիվը, ովքեր ուզում են եւ մայր են դառնում աճում է մեր երկրում, բայց կոնկրետ վիճակագրություն մենք չունենք: Մեծ հավանականություն կա , որ երեխան կարող է արատներով ծնվել կամ անկենսունակ լինել: Մինչդեռ իրավիճակը հիմա փոխվել է, քանի որ շաքարախտի բուժումը դարձել է ավելի արդյունավետ քան նախկինում: Հիմա ոչ ոք չի կարող արգելել կնոջը ծննդաբերել, բացառություն  են կազմում  լուրջ քրոնիկ անոթային բարդություններ ունեցող կանայք: Նրանց հակացուցված է հղիությունը, քանի որ կարող է անոթային բարդությունների առաջխաղացում լինել, ինչը անդառանալի վնաս կհասցնի կնոջ առողջությանը: վերջին տարիներին շաքարախտով կանայք սկսել են ավելի շատ հղիանալ, քանի որ սկսել են ավելի լավ վերահսկել շաքարախտը:

Պետք է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ, եթե այն նորմայից բարձր է , դա նշանակում է, որ ավելի քիչ շաքար է անցնում բջջի ներս, հետեւաբար վերջիններս քաղց են զգում եւ սկսում են քիչ էներգիա արտադրել: Դա մեկ։ Մյուս կողմից՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է անոթների պատերը: Արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկվում է դեղերի միջոցով: Մանկական տարիքում նշանակվում է միայն ինսուլինոթերապիա, իսկ 40-ից հետո մարդիկ բուժվում են հիմնականում հաբերի միջոցով:

Շաքարախտով յուրաքանչյուր կին պետք է նախօրոք պլանավորի իր հղիությունը եւ նախապատրաստվի դրան, կարգի բերի օրգանիզմը եւ շաքարի մակարդակը՝ 5,5մմոլ/լ առավոտյան սոված վիճակում, մինչդեռ օրվա ընթացքում թույլատրվում է գլյուկոզայի մակարդակի բարձրացում մինչեւ 8մմոլ/լ: Պետք է կոռեկցիայի ենթարկել բուժումհը եւ համապատասխան դեղաչափ  ընտրել: Եթե կինը պատահական հղիանա, ինսուլինի մակարդակը չբարձրացնելու դեպքում՝ հորմոնալ մեծ ծանրաբեռնվածությունից ելնելով, արյան մեջ շաքարի մակարդակը այնքան կբարձրանա, որ կհանգեցնի կետոզի, կետոացիդոզի, որոնք կարող են անդարձելի վնաս հասցնել մորը եւ ապագա փոքրիկին: Երեխան եւ մայրը ընդհանուր արյան շրջանառություն ունեն, ուստի մոր արյան մեջ շաքարի մակարդակը  պետք է կատարյալ  մակարդակի լինի:Անհրաժեշտ է արյան մեջ շաքարի մակարդակի մշտական հսկողություն, այսինքն, եթե բժիշկը խորհուրդ է տալիս , որ առաջին տիպի խաքարախտ ունեցող երեխան կամ երիտասարդ մարդիկ օրը 4 անգամ չափեն  շաքարի մակարդակը, ապա հղիության ընթացքում հնարավոր է երկու – երեք անգամ ավելի հաճախ պահանջվի: Լինում են դեպքեր, երբ կարիք է լինում յուրաքանչյուր երկու ժամը մեկ ստուգել շաքարի մակարդակը, եւ դրանից կախված կոռեկցիայի ենթարկել բուժումը:

Ի՞նչ է փոխվել այն ժամանակներից, երբ շաքարախտով կանանց արգելում էին հղիանալ եւ ծննդաբերել:  Մասնագետներն են դարձել ավելի պրոֆեսիոնա՞լ, թե՞ դեղորայքն է ավելի արդյունավետ:

Փոխվել է շաքարախտով հիվանդների վարման ընթացքը: Հայտնվել է «ինքնահսկում» հասկացությունը, որին բժիշկը սովորեցնում է հիվանդներին: Շաքարախտով հիվանդները ինքնուրույն կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Փոխվել է նաեւ շաքարախտով հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնությունը: Մեր հիվանդանոցում 1տիպի շաքարախտով հիվանդները «Շաքարախտի դպրոց» են այցելում:Այս դպրոցում կրթություն են անցնում ե՛ւ մայրերը, եւ՛ երեխաները, սովորում են 1 եւ 2 տիպի շաքարախտների տարբերությունը, ինսուլինների տարբերությունը, եւ որն է նրանց ազդեցությունը: Երբ «Շաքարախտի դպրոցում» ուսանածը իմանում է իր շաքարի մակարդակը, նա կարողանում է շտկել ինսուլինի մակարդակը, ինչպես նաեւ սնունդը:

Մենք սովորեցնում ենք հիվանդներին ճիշտ սնվել: Նրանք պետք է իմանան, թե որ մթերքներն են բարձրացնում շաքարի մակարդակը, իսկ որը՝ ոչ, այսինքն կրթված հիվանդները գիտեն, թե իրենց սննդակարգի որ մթերքները պետք է հաշվեն, իսկ որը ո՛չ: Նրանցից յուրաքանչյուրը ստանում է շաքարի մակարդակը նորմայի սահմաններոքւմ պահելու ինսուլինոթերապիայի իր սխեման՝ երբ է պետք սնունդ ընդունել, ինչքան ֆիզիկական վարժություններ պետք է անել եւ ինչպես կարգավորել սնունդն ու ինսուլինի մակարդակը՝ ունենալով այս կամ այն ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Կրթված հիվադներն ավելի լավ են հսկում շաքարի մակարդակը:

Այս ուսումը պետք է անցնեն նաեւ շաքարախտով հիվանդ հղիները: Շաքարախտով հիվանդ հղին պետք է առողջի նման սնվի: Իհարկե, շաքարի մակարդակն այս դեպքում կտրուկ սահմանփակվում է, քանի որ պետք է խուսափել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներից: Եթե կինը չի տառապում հավելյալ քաշից, ապա ճարպոտ սնունդը կարելի է չսահմանփակել: Շաքարախտով հինվանդը պետք է շատ միրգ , բանջարեղեն եւ կանաչեղեն ուտի:  Բայց գլյուկոզայի  շատ քանակություն պարունակող մրգերը պետք է սահմանափակվեն: Մենք սովորեցնում ենք շաքարախտով  հիվանդներին, որ կարելի է ուտել եւ՛ շոկոլադ, ե՛ւ խաղող, բայց դա չպետք է կանոնավոր լինի: Եթե  ուզում եք խմորեղեն ուտել, ապա պետք է ինսուլինի լրացուցիչ ներարկում կատարեք:

Ստացվում է, որ բժիշկների կողմից հիվանդները մեծ հոգեբանական օգնություն են ստանու՞մ:

Այո՛: Դա կարելի է անվանել ինչպես հոգեբանական  օգնություն, որը ցանկացած տարիքում օգնում է շաքարախտով հիվանդին: Բայց եթե խոսքը գնում է երեխաների մասին, ապա ասսյտեղ ամեն-ինչ շատ ավելի բարդ է: Շատ հիվանդների, եւ հատկապես ծնողների մոտ ինչ-որ «ջայլամի քաղաքականություն» է, քանի որ նրանք ուզում են թաքնվել հիվանդությունից, ոչինչ չանել, չտեսնել, չիմանալ, եւ հույս ունենալ, որ ամեն ինչ կանցնի: Բայց այսպիսի մոտեցումը արմատապես սխալ է, քանի որ ցավոք, ոչինչ չի անցնի, սա այդ հիվանդությունը չէ: Այդ պատճառով հենց ամենասկզբից, երբ շաքարախտ է ախտորոշվում, ծնողներն ու երեխաները սկսում են դասերի հաճախել, որպեսզի իմանան, թե իրենց ինչպես պահեն:

Շաքարախտով հիվանդ ո՛չ երեխաների, ո՛չ էլ հղիների կյանքի որակը չպետք է տուժի: Երեխաները պետք է լիարժեք աճեն եւ զարգանան, դառնան հասարակության լիարժեք անդամ, առողջ ընտանիքներ կազմեն եւ առողջ երեխաներ ունենան: Եվ դա միանգամայն իրական է:

Երբեմն հղիության ժամանակ հանկարծակի շաքարխտ է առաջանում, որը ծննդաբերությունից հետո անցնում է։ Դա այսպես կոչված հղիների շաքարախտ է կամ գեստացիոն շաքարախտ:Մինչդեռ եթե առկա է նաեւ ժառանգական հակվածություն շաքարախտի հանդեպ, ապա հիվանդությունը մնում է նաեւ հղիությունից հետո:

Որո՞նք են շաքարախտի կլինիկական դրսեւորումները: Ին՞չ է զգում շաքարախտով հիվանդը:

Երբ կինն արդեն երկար տարիներ հիվանդ է շաքարխտով, նրա մոտ առկա են լինում լուրջ բարդություններ երիակամերի եւ աչքերի հետ կապված: Օրգանիզմի վրա հղիության ծանրությունը կարող է հանգեցնել տեսողության վատացման, ինչպես նաեւ կուրության: Ինչպես նաեւ երիկամային ախտահարման ՝ նեֆրոպաթիայի առաջընթացի ռիսկ կա: Այդպիսի էքստրեմալ վիճակներում բժիշկը կարող է արգելել հղիությունը:

Շաքարախտով հիվանդ կինը լիովին կարող է հղինալ եւ առողջ երեխա ունենալ: Էնդոկրինոլոգները շաքարախտով հիվանդ աղջիկներին խորհուրդ են տալիս երեխա ունենալ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ չկան անոթային բարդություններ, դա ուղղակի ժամանակի հարց է: Մեկի մոտ շուտ են սկսում անոթային բարդությունները, մյուսի մոտ ավելի ուշ: Շաքարային դիաբետի սկզբից 10-15  տարի անց, արդեն սկսում են դրսեւորվել անոթային բարդություններ, բայց եթե առկա է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի  լավ  կոմպենսացիա, այս ժամկետը կարելի է հետաձգել: Բացարձակ պարտադիր չէ, որ  շաքարախտով հիվանդ կնոջ երեխան նույնպես հիվանդ լինի: Շաքարախտով հիվանդ երեխա ունենալու հավանականությունը կազմում է 10-15%: Բայց եթե  հիվանդ կնոջ ամուսինը նույնպես հիվանդ է շաքարախտով, ինչը շատ հաճախ է հանդիպում, ապա հավանականությունը բարձրանում է մինչեւ 20-25%:  Բայց երկու դեպքում էլ հավանականությունը 100%  չէ:

Զրուցեց Անի Լիպարիտյանը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել