• Latest news

Գարեջուրն ուղեղի կոգնիտիվ գործառույթը խթանելու ներո՞ւժ ունի

28 սեպտեմբերի, 2014  15:37

Վերջերս իրականացված հետազոտության շրջանակում գայլուկի եւ գարեջրի մեջ առկա ֆլավոնոիդներից մեկի՝ քսանտոհումոլի բաղադրությամբ հարուստ սննդային հավելումները երիտասարդ մկների ուղեղի կոգնիտիվ գործառույթը խթանելու հատկություն են դրսեւորել: Այս բացահայտությունը կարող է, ի հավելումն աշխատանքային հիշողության հետ կապված խնդիրների, նյութափոխանակության խանգարումներ ունեցող եւ ճարպակալման ու հիպերտենզիայի դեմ պայքար մղող մարդկանց լուրջ օգնություն առաջարկել, հավաստիացնում է Medical Daily-ն:

Հարկ է նշել, որ ֆլավոնոիդները միայն գարեջրի բաղադրության մեջ չէ, որ առկա են: Հիշյալ մետաբոլիտների բազմազանությամբ նաեւ մրգերն եւ բանջարեղենն են աչքի ընկնում, սկսած անտոցիանիդիններից, որոնք կարմիր, կապույտ եւ մանուշակագույն հատապտուղների մասն են կազմում եւ վերջացրած դեղին սոխի, գանգրակաղամբի, բրոկոլիի եւ խնձորի բաղադրիչը հանդիսացող ֆլավոնոլներից: Դրանք բոլորը հակաօքսիդանտներին հատուկ դերակատարում են ապահովում՝ օրգանիզմի համար եւ, բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ստացված վկայությունների համաձայն, կարող են քաղցկեղի մետաստատիկ ախտահարման եւ բորբոքման կանխարգելման միջոց ծառայել: 

Այդուհանդերձ, Օրեգոնի պետական համալսարանի գիտնականները զգուշացումներ են, որ զուտ այն պատճառաբանմամբ, թե գարեջուրը քսանտոհումոլ է պարունակում, առավել խելացի դառնալու համար սառը ըմպելիքին տրվելը չի օգնի: «Քսանտոհումոլի՝ հետազոտության ընթացքում օգտագործված ծավալներն ընդունելու համար հարկավոր է օրական 2 հազար լիտր գարեջուր խմել», - մեկնաբանել է հետազոտական խմբի ղեկավար, կենսաբժշկական գիտությունների պրոֆեսոր Քեթի Մագնուսոնը: 

Վերջինս, գործընկերների հետ միասին, լաբորատոր պայմաններում 49 մկների առողջությանն է հետեւել. կրծողների մի մասի սննդակարգում ութ շաբաթ շարունակ խնդրո առարկա մետաբոլիտն է ներառվել: Գիտնականները, մասնավորապես, կենդանիների հարաբերական եւ ասոցիատիվ հիշողությունն ու կոգնիտիվ ճկունությունն են ստուգել: 

Արդյունքում պարզվել է, որ, ի տարբերություն տարեց կրծողների, երիտասարդների մոտ նշանակալի բարելավումներ են նկատվում: Խոսքը, մասնավորապես, պալմիտոիլավորման՝ սինապտիկ ճկունության կորստով բնորոշվող ծերացման նորմալ գործընթացի առավել ցածր տեմպերին է վերաբերում: Հենց այս երեւույթն է պատճառը, որ 50 տարեկանից հետո հիշողության հետ կապված խնդիրներ են առաջանում, երբ սկսում ենք դժվարությամբ «հատվածներն ի մի բերել»:

“Քսանտոհումոլը նյութափոխանակությունն արագացնելու, լյարդում առկա ճարպաթթուների մակարդակը նվազեցնելու եւ, գոնե երիտասարդ մկների պարագայում, ուղեղի կոգնիտիվ ճկունությունը բարելավելու հատկություն ունի», - հետազոտության արդյունքներն է ամփոփել համահեղինակ Դանիել Զամզովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել