• Latest news

Մանրուքներից առաջացած սթրեսը կարող է մարդու կյանքից տարիներ խլել

25 սեպտեմբերի, 2014  18:23

Աշխատանքի կորուստը, ամուսնու կամ կնոջ մահը, քրոնիկ հիվանդությամբ ախտորոշումը, բնականաբար, սթրեսի ծանր խթանիչներ են հանդիսանում եւ կարող են դեպրեսիայի առաջացման եւ, արդյունքում, կյանքի տեւողության կրճատման հանգեցնել: Սակայն, ինչպես Experimental Gerontology ամսագրում հրապարակված հետազոտական տվյալներն են վկայում, տարեց մարդկանց պարագայում առավել մեծ վտանգ թույլ խթանիչներից պետք է սպասել, զգուշացնում է Medical Daily-ն:

Սթրեսի առաջացում հրահրող թույլ գործոնները ամենօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Գնացքների չվացուցակի փոփոխությունը կամ զգեստին թափված սուրճը ասվածի ակնառու օրինակն են հանդիսանում: Դրանց բախվելու դեպքում երկու տարբերակ ունենք՝ անտեսել եւ առաջ շարժվել («երջանկությանս ոչինչ չի կարող խանգարել» կարգախոսով) կամ թույլ տալ, որ տեղի ունեցածը ողջ օրվա ընթացքում տրամադրության վրա անդրադառնա:

Օրեգոնի պետական համալսարանին կից գործող առողջ ծերացման հետազոտական կենտրոնի տնօրեն Քերոլայն Օլդվինի գլխավորությամբ կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին տարբերակն ընտրող տարեց մարդիկ վաղաժամ մահանալու լուրջ վտանգի են ենթարկվում: Սթրեսը մի շարք վնասակար երեւույթների առաջացում կարող է հրահրել՝ սկսած բարկության զգացումից մինչեւ ստամոքսի ցավ, սրտի արագ աշխատանք եւ հակում՝ թմրանյութերի նկատմամբ:

Օլդվինի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության շրջանակում նախկինում՝ 1985-2005թթ.-ին իրականացված ուսումնասիրությունների 1293 մասնակիցների հետագա՝ մինչ 2010թ.-ը գրանցված առողջական վիճակն է վերլուծվել: Ձեռքի տակ տվյալներ ունենալով մասնակիցների կյանքում տեղի ունեցած ծանր իրադարձությունների, ինչպես նաեւ ամենօրյա խնդիրների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին, գիտնականները պարզել են, որ սթրեսի թույլ խթանիչների բախվելիս ժպտալու ունակ կամավորների 29 տոկոսն է կյանքին հրաժեշտ տվել, մինչ մանրուքներից գրգռվող անձանց ընդամենը 36 տոկոսն է կենդանի:

Համալսարանականների համոզմամբ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք սթրեսին դիմակայում: Երեւույթի բացասական ազդեցությունից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել, առողջ սննդակարգի հետեւել, երաժշտություն լսել եւ զբոսանքի գնալ (նախընտրելի է՝ այգում կամ անտառում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել