• Latest news

Ամստերդամում աշխարհի առաջին մանրէաբանական այգին է բացվել

1 հոկտեմբերի, 2014  23:43

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 30-ին Ամստերդամում Միկրոպիայի՝ աշխարհի առաջին ինտերակտիվ մանրէաբանական այգու բացման արարողությունն է տեղի ունեցել: Ֆրանս Պրես գործակալության հաղորդմամբ, հաստատությունը քաղաքային Artis կենդանաբանական այգու հարեւանությամբ է գտնվում: Artis-ի տնօրենը վաղուց էր այցելուներին կենդանի բնության ոչ միայն մակրո-, այլ նաեւ միկրոմակարդակը ցուցադրելու գաղափարի շուրջ մտորում: 

Մանրէաբանական այգին արտաքուստ լաբորատորիա է հիշեցնում: Ցուցադրանմուշները՝ բազմաթիվ միկրոօրգանիզմներն այստեղ մեծ էկրաններին միացված մանրադիտակների օգնությամբ են տեսանելի դառնում: Մի խոսքով, այցելուները մանրէների՝ Պետրիի անոթներում եւ ամաններում ծավալվող կյանքին հետեւելու եզակի հնարավորություն են ստացել: Հետաքրքրական է այն, որ միկրոօրգանիզմների բազմացումը հատուկ եռաչափ միկրոսկոպի օգնությամբ է ցուցադրվում:

Մանրէաբանական այգու ցուցանմուշների շարքում նաեւ Էբոլա վիրուսի վիթխարի մոդելը կա: Իսկ հատուկ սքաները այցելուներին տեղեկություն կտրամադրի այն մասին, թե մարմնի որ հատվածում եւ որքան մանրէներ են տվյալ պահին կրում: Սիրահարված զույգերն էլ կարող են համբուրվելուց հետո պարզել, թե որքան մանրէներ են համբույրի ընթացքում միմյանց փոխանցել:

«Մանրէներն ամենուրեք են, ուստի պատահական չէ, որ միկրոկենսաբանները տնտեսության գրեթե բոլոր սեկտորների՝ առողջապահության, սննդային արդյունաբերության, շինարարության, դեղագործության եւ նավթագազային ոլորտի կողմից ամենապահանջված մասնագետներն են դարձել: Այդուհանդերձ, եթե գիտության ոլորտը շարունակի մի խումբ փորձագետների ժառանգությունը մնալ, մարդկանց մոտ երբեք դրա նկատմամբ հետաքրքրություն չի առաջանա: Մենք նպատակ ունենք ցույց տալու այցելուներին, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, եւ որ մանրէներն էլ այդ կապերի կարեւորագույն մասն են կազմում», - հավաստիացրել է Միկրոպիայի տնօրեն Հեյգ Բալիանը (Haig Balian):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել