• Latest news

MP․ Հալյուցինացիաներն ու զառանցանքը կապված են ուղեղային ցանցում նշանակալիության գնահատականի խափանման հետ

17 ապրիլի, 2024  14:16

Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի գոտիներ, որոնք կապված են այնպիսի հոգեկան խանգարումների հետ, ինչպիսին փսիխոզն է: Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry (MP) գիտական ​​ամսագրում:

Պսիխոզի դեպքում մարդը կարող է  հալյուցինացիաներ ունենալ և զառանցել: Իրականության ընկալումը խեղաթյուրվում է, կպչուն գաղափարներ ու վախեր են առաջանում։ Փսիխոզը ուղեկցում է այնպիսի լուրջ հիվանդությունների, ինչպիսին է շիզոֆրենիան, սակայն դրա ախտանիշները մարդկանց մոտ կարող են առաջանալ նաև առանց որևէ կոնկրետ ախտորոշման:

Այս անոմալիաները բացահայտելու համար գիտնականներն ուսումնասիրել են 6-39 տարեկան մարդկանց, որոնք հազվագյուտ գենետիկ խանգարում ունեին՝ կապված փսիխոզի հետ, որը կոչվում է 22q11.2 դելեցիայի համախտանիշ:

Հիվանդների մոտ բացակայում է 22-րդ քրոմոսոմի պատճեններից մեկը: Բացի սրտի արատների, ուշադրության պակասի համախտանիշի, հիպերակտիվության (ADHD) և աուտիզմի վտանգից, դելեցիայի համախտանիշ ունեցողների շուրջ 30%-ի մոտ հավանականություն կա փսիխոզի, շիզոֆրենիայի կամ այս երկուսի զարգացման համար: Թիմը ուղեղի տվյալներ է հավաքել՝ օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսակա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (fMRI), որը հետևում է արյան հոսքի փոփոխություններին, որոնք համապատասխանում են գլխուղեղի բջիջների ակտիվությանը: Հետազոտությանը մասնակցել է գրեթե 900 մարդ, այդ թվում՝ 101 մարդ՝ 22q11.2 դելեցիայի համախտանիշով, ոմանք՝ փսիխոզով, ոմանք՝ առանց դրա, և 120 մարդ՝ «անհայտ ծագման փսիխոզով»:

Գիտնականները ստեղծել են մեքենայական ուսուցման ալգորիթմ՝ fMRI տվյալների օրինաչափությունները բացահայտելու համար: Արհեստական ​​բանականությունը փսիխոզ ունեցող մարդկանց ուղեղում բնորոշ ազդանշաններ է հայտնաբերել։ Դրանք կենտրոնացած են եղել երկու ուղեղային շրջաններում՝ ճակատային կղզյակային բաժնում, որը զտում է անկարևոր տեղեկատվությունը, և վենտրալ շերտավոր մարմնում, որը կանխատեսում է, թե որ տեղեկատվությունն է մեզ համար առավել օգտակար կամ կարևոր:

Երկու ոլորտներն էլ պատասխանատու են ուղեղի նշանակալիության գնահատականի համակարգի աշխատանքի համար, որը դինամիկ կերպով տեղափոխում է մեր ուշադրությունը ներքին մտքերի և արտաքին գրգռիչների միջև՝ ուղղելով ուշադրությունը նրան, ինչը կարևոր և իրական է ներկա պահին:

Գիտնականները հույս ունեն մշակել ուղեղի առանցքային հատվածները խթանելու մեթոդներ, որպեսզի կանխեն կամ հետաձգեն փսիխոզի առաջացումը այդ խանգարման մեծ հավանականություն ունեցող մարդկանց մոտ։ 



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել