• Latest news

Ինչպե՞ս սնվել ամռան շոգին. խորհուրդ է տալիս դիետոլոգը

22 հուլիսի, 2015  15:51

Ինչպիսի սննդակարգի է պետք հետեւել ամռան շոգին, որպեսզի օրգանիզմը ստանա բոլոր անհրաժեշտ նյութերը ու նաեւ մարսողական խնդիրներ ի հայտ չգան: Այս հարցի շուրջ լրագրողների հետ զրուցեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Շոգին մարսողական համակարգը աշխատում է ոչ այնպես, ինչպես սովորական ժամանակ, եւ խնդիրներից խուսափելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս ամառային սննդակարգի մեջ անպայման ներառել կամ բացառել հետեւյալ բաղադրիչները:

1.Ջուր

Ջուրը սննդակարգի այն կոմպոնենտն է, որը ապահովում է ջերմային ճիշտ բալանսը: Այն մարդիկ, որոնք առողջական խնդիրներ՝ մասնավորապես, բարձր զարկերակային ճնշում ու խնդիրներ երիկամների հետ, չունեն, պետք է ավելացնեն ջրի օգտագործումը 1 կգ-ի դիմաց 300 միլիլիտրից միչնչեւ 500 մլ 1 կգ-դիմաց, քանի որ ամառվա ընթացքում օրգանիզմը ավելի շատ հեղուկ է կորցնում: Այսինքն՝ եթե 50 կգ քաշով մարդը տարվա ցուրտ եղանակին պետք է 1.5 լիտր ջուր խմի օրական, ապա ամառվա ընթացքում այս ցուցանիշը պետք է հասցնել մինչեւ օրական 2.5 լիտր:

Ինչպես նշեց Վարդանուշ Պետրոսյանը, քրտինքի հետ միասին օրգանիզմից դուրս է բերվում ոչ միայն ջուրը, այլ նաեւ հանքային աղերը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել սեղանի հանքային ջուր (ոչ բուժիչ)։ Ընդ որում՝ դիետոլոգը զգուշացնում է, որ Հայաստանում առկա շշալցված ողջ ջուրը բուժիչ է, այլ ոչ սեղանի ջուր է, այդ պատճառով չի կարելի չարաշահել դրանք: Որպես այլընտրանք  դիետոլոգը առաջարկում է սննդակարգում բանջարեղեն ընդգրկել, քանի որ բանջարեղենը եւս շատ ջուր է պարունակում եւ հանքային աղերի աղբյուր է:

2. Բանջարեղեն

Բանջարեղեն պետք է ուտել ամեն սնունդ ընդունելուց: Կարելի է նաեւ սնունդ ունդունելու արանքներում թարմանալու համար ուտել, օրինակ, վարունգ կամ գազար:

3. Մրգեր ու հատապտուղներ

Մրգերն ու հատապտուղները 90 տոկոսով բաղկացած են ջրից: Առաջին տեղում այս ցուցանիշով ձմերուկն է ու սեխը: Մրգերի ու հատապտուղների առավելություններից մեկն այն է, որ դրանք միզամուղ էֆեկտ ունեն: Արդյունքում երեկոյան մարդիկ ոտքերի այտուցում չեն ունենում: Միզամուղ հատկություն, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով, ունեն կալիումային աղ պարունակող բոլոր մթերքները: «Կալիումը նատրիումի թշնամին է, նատրիումը (աղը) օրգանիզմում պահում է հեղուկը, իսկ կալիումը այն դուրս է բերում։ Մենք երեւի օրհնված ենք. մեր երկրի շնորհներից մեկը ծիրանն է, որը կալիումով ամենահարուստ պտուղներից մեկն է»,  - նշեց նա: Ամռանը խորհուրդ է տրվում սննդակարգում ծիրան, իսկ ձմռանը՝ ծիրանաչիր ընդգրկել:

4. Աղ

Այտուցումներ ունեցող մարդկանց՝ մասնավորապես հղի կանանց, պետք է ընդհանրապես բացառել սննդակարգից աղը: Այսինքն՝ բանջարեղենի հետ աղ չօգտագործել, պանիրը եւս չպետք է աղի լինի, պետք չէ օգտագործել թթու ու պահածոյացված մթերքներ, որոնց մեջ թաքնված աղ կա, փոխարենը պետք է սննդակարգում ներառել կալիումով հարուստ մթերքները՝ ծիրանը, բանանն ու կարտոֆիլը (վերջինս պետք է խորովել առանց աղի):

Այսպիսի մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթը մեկ կալիումային բեռնաթափման օր կազմակերպել: Այդ օրը սննդակարգում պետք է ներառել միայն կալիումով հարուստ մթերք, եւ օրգանիզմը այդ մեկ օրվա ընթացքում կկորցնի 700-800 գրամ հեղուկ, ինչը եւս լավ է ավելորդ քաշից ազատվելու տեսանկյունից:

5.Վարունգ ու կաթնաթթվային մթերքներ

Վարունգը վառ արտահատված միզամուղ էֆեկտ ունի, եւ ամռան սեզոնին այն պետք է լինի ամենաշատ օգտագործվող մթերքներից մեկը: Շատ լավ համակցում է վարունգի ու կաթնաթթվային մթերքների համակցումը:

«Տաք եղանակը սիրում ենք ոչ միայն մենք, այլեւ տարբեր միկրոբներ, որոնք սկսում են արագ բազմանալ, եւ կարող են թունավորումների պատճառ դառնալ։ Աղիներում բնականից կան լավ միկրոբներ, որոնք կան նաեւ մեր մածունի մեջ եւ կաթնանթվային բոլոր սննդամթերքների մեջ՝ կեֆիրների, բնական, առանց շաքարի յոգուրտների։ Մեր տեղային յոգուրտը մածունն է։ Այնպես որ ամենաառաջին հակաթունավորումային պրոֆիլակտիկ սննդամթերքը մածունն է», – նշեց նա։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ամենօրյա սննդակարգում ներառել վարունգով ու սամիթով մածունը: Սամիթը, նրա խոսքով, կարող է օգնել ազատվել գազերից, որոնք ի հայտ են գալիս մրգերի օգտագործման արդյունքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է