ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Ալի Սինդին նշեց, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:
Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն, եւ առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական եւ մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:
Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծեց, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Նա նկատեց, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:
Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման եւ վերահսկման ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաեւ իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվեցին նաեւ շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Մենք մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարեւորում ենք որակի, մատչելիության եւ հասանելիության սկզբունքը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Կողմերը կարեւորեցին համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:
Նշենք, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր