Հայկական մամուլում որոշակի պարբերականությամբ հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, որ բժշկական այս կամ այն հաստատությունում բժշկական անձնակազմը տարիներով աշխատավարձ չի ստանում: Հաղորդագրությունները սովորաբար հիմնված են նրա վրա, որ ինչ-որ մեկը զանգել է խմբագրություն, բողոքել է, բայց չի ցանկացել ներկայանալ: Տնօրենները, որպես կանոն, կտրականապես հերքում են նման տեղեկությունները, չնայած կարող են ընդհանրապես չարձագանքել` ելնելով դրանց անանուն բնույթից: Պետական պաշտոնյաները, վկայակոչելով հենց նույն` անանունությունը, նման հաղորդագրությունները չեն մեկնաբանում:
NEWS.am Medicine-ը փորձել է պարզել, թե ի վերջո ինչպես է կազմակերպված Հայաստանում բուժաշխատողների վճարման համակարգը եւ որտեղ է շան գլուխը: Ինչպես պարզաբանել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, բժշկական տարբեր հաստատություններում տարբեր սխեմաներ են կիրառում: Ասենք, կրտսեր բուժանձնակազմը, ինչպես նաեւ տեխնիկական աշխատողները ամրագրված աշխատավարձ են ստանում, իսկ բժիշկները` աշխատավարձ, գումարած բոնուսներ ամեն հիվանդից կամ էլ միայն բոնուսներ: Եթե այդ ամենը հստակորեն ձեւակերպված է փաստաթղթերով եւ ամեն ինչ անցնում է դրամարկղով, ոչ մի խնդիր չկա: Բայց մեր աղբյուրի խոսքով, կան նաեւ ստվերային սխեմաներ: Ասենք, այն, ինչ գրված է թղթին, բուժանձնակազմը հենց այդպես թղթի վրա էլ տեսնում է` ամիսը մեկ ստորագրելով աշխատավարձերի ցուցակը: Ենթադրվում է, որ նրանք միեւնույն է` հիվանդներից փող են առնում: Կամ` բժիշկը նվազագույն ամրագրված աշխատավարձ է ստանում (գործատուների համար կա նման հարմար հասկացություն, ինչպիսին երկրում նվազագույն աշխատավարձն է), բայց պիտի ղեկավարության հետ կիսի «ձախ» եկամուտը: Ինչպես պարզաբանել է մեր աղբյուրը, աշխատանքի ընդունելիս թղթի վրա գրվում է այն, ինչ գրվում է, իսկ մնացած «կանոնների» մասին պայմանավորվում են բանավոր: Բայց դրանց մասին պայմանավորվում են, ահա թե ինչն է կարեւոր: Հենց այդ պատճառով բժիշկներից ոչ մեկը բացահայտ չի բողոքում: Նրանք կարող են ընդհանրապես առանց աշխատանքի մնալ, այսինքն` ընդհանրապես առանց փողի` «աջ» թե «ձախ»:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի Առողջապահության նախարարության Առողջապահության գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը, Առողջապահության նախարարությունը չի կարող միջամտել մասնավոր կլինիկաների աշխատակիցների եւ ղեկավարների հարաբերություններին, դրանք կանոնակարգվում են աշխատանքային օրենսդրությամբ` կողմերի միջեւ կնքվող պայմանագրով, իսկ վիճելի հարցերը պիտի լուծվեն դատարանի միջոցով: Առողջապահության նախարարությունը կարող է արձագանքել աշխատավարձերի պարտքերի հետ կապված իրավիճակներին, եթե նրանք բողոքով դիմեն, բնականաբար` ոչ անանուն, եւ նրա խոսքով, նման նախադեպեր կան:
Ինչ վերաբերում է պետպատվերին, այդ մասով Գործակալությունը բուժհաստատությունների հետ պայմանագիր է կնքում, եւ այդ պայմանագրում արձանագրվում է, թե տոկոսային ինչ հարաբերությամբ պիտի այդ գումարը բաշխվի բուժանձնակազմի միջեւ: Գործակալությունը հետեւում է պայմանագրի կատարմանը, իսկ խախտման դեպքում կարող է խզել: Միաժամանակ, ինչպես նշել է Սարո Ծատուրյանը, կլինիկաների ղեկավարությունը իրավունք ունի որոշակի շրջանակում վերաբաշխել պետպատվերի գումարները` իր գործողությունները համաձայնեցնելով գործակալության հետ: Սարո Ծատուրյանը հավելել է նաեւ, որ մի քանի տարի առաջ Առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին խորհուրդ էր տվել վճարման էլեկտրոնային համակարգ ներդնել, բայց դա ընդամենը հորդոր է, որը չի կարող պարտադիր բնույթ ունենալ:
Ինչ վերաբերում է «ոչ պաշտոնական» մասին, գործակալության ղեկավարը չմեկնաբանեց այն` նշելով, որ եթե աշխատակիցները պահանջներ ունեն, թող դիմեն դատարան:
Իսկ այժմ մի փոքրիկ քնարական զեղում: Խորհրդային իշխանության արշալույսին առողջապահության ժողովրդական կոմիսար Սեմաշկոյի հետ բժշկության խնդիրները քննարկելիս Ստալինն ասել էր. «Բժիշկներին պետք է զուտ խորհրդանշական աշխատավարձ տալ, լավ բժշկին ժողովուրդն ինքը կկերակրի, իսկ վատերը մեզ պետք չեն»: Այդ ժամանակ են հենց դրվել բժիշկների «խորհրդանշական» վճարի հիմքերը: Չնայած այդ ժամանակվանից մենք փոխել ենք ցուցանակը, էությունը նույնն է մնացել: Ժամանակակից Հայաստանում առողջապահության ֆինանսավորման համակարգը շարունակում է հիմնված մնալ այն բանի վրա, որ բժիշկն աշխատավարձով չի ապրում: Բացահայտորեն, թե ոչ, կարեւոր չէ: Հարցը նույնիսկ այն չէ, թե արդյոք բյուջեում` պետական կամ մասնավոր կլինիկայի, բավականաչափ գումար կա բժշկի պատշաճ աշխատավարձի համար: Ուղղակի համակարգն է այդպիսին: Իսկ թե պետպատվերն ինչպես է բաշխվում բուժհաստատությունների միջեւ, դա արդեն առանձին պատմություն է: Չէ՞ որ հենց պետպատվերը շատ հարմար բան է հիվանդից կողմնակի գումարներ վերցնելու համար:
P.S. Հատուկ բժիշկների համար: Քանի դեռ դուք անկյուններում եւ անանուն եք բողոքում, նշանակում է, դուք այդ համակարգի մաս եք, դուք ընդունում եք դրա կանոնները, կարեւոր չէ` աշխատանքը կորցնելու մտավախությունից, թե նրա համար, որ դա ձեզ էլ է հարմար: Անանուն բողոքները մամուլում ընդամենը թեթեւակի խուտուտ են տալիս նրանց նյարդերը, որոնք կյանքի գնով պահպանում են այդ համակարգը: Ոչ ավելին: Լրագրողները չեն կարող ձեր փոխարեն պաշտպանել ձեր իրավունքները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր