Գլխի վնասվածքները մեծացնում են տարիներ եւ նույնիսկ տասնամյակներ անց ձեռքբերովի թուլամտության առաջացման ռիսկը, նույնիսկ եթե հիվանդին թվում է, թե ինքը դրանից հետո լիովին վերականգնվել է: Այդ մասին տեղեկացնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները:
Նրանք պարզել են, որ բետա-ամիլոիդային սպիտակուցների թանձրուկները, որոնք կապում են Ալցհայմերի հիվանդության հետ, առկա են այն մարդկանց ուղեղում, որոնք գլխի վնասվածք են տարել, նույնիսկ եթե դա եղել է շատ տարիներ առաջ: Նրանց հետազոտությունն օգնել է բացատրել, թե ինչու ուղեղի ծանր վնասվածքներ տարած մարդիկ ձեռքբերովի թուլամտության առաջացման ռիսկի խմբերում են գտնվում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններն արդեն ցույց են տվել գլխի վնասվածքների եւ ձեռքբերովի թուլամտության կապը, մինչեւ վերջերս գիտնականները չէին կարողանում բացատրել այդ կապի մեխանիզմը:
Նոր հետազոտության ընթացքում, որի մասին տեղեկացնում է Neurology ամսագիրը, գիտնականները հետեւել են 9 հիվանդի, որոնք անցյալում տարբեր աստիճանի ծանրության ուղեղի վնասվածք էին տարել: Նրանցից շատերի մոտ այդ վնասվածքների պատճառը եղել է դիտարկման սկզբից 1-17 տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ն: Չնայած կամավորները վնասվածքների հետեւանքով ոչ մի ֆիզիկական շեղում չունեին, շատերն այնուամենայնիվ բախվում էին հիշողության եւ կենտրոնացման խնդիրների:
Ուղեղի բարձր տեխնոլոգիական սկանները ցույց են տվել, որ այդ մարդկանց, ինչպես նաեւ Ալցհայմերի հիվանդության զոհերի մոտ ուղեղը պահպանում է բետա-ամիլոիդային սպիտակուցների կուտակումները: Այն հիվանդների մոտ, որոնք ուղեղի նյարդային մանրաթելերի մեծ վնասվածքներ էին ստացել, դիտարկվում էր նման գնդիկների ավելի մեծ քանակություն: Որպես վերահսկիչ խումբ հանդես էին գալիս առողջ կամավորները, ինչպես նաեւ Ալցհայմերի հիվանդությամբ տառապողներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր