• Latest news

Որոշ մարդիկ նիհարելու համար պիտի լոլիկի փոխարեն քաղցրեղեն ուտեն

8 փետրվարի, 2016  12:52

Յուրաքանչյուր մարդ նույն սննդամթերքին յուրովի է արձագանքում, այդ պատճառով նիհարել ցանկացող որոշ մարդիկ պիտի շատ խիստ դիետայի հետեւեն, իսկ ուրիշները կարող են իրենց ուզածի չափ պաղպաղակ եւ տորթեր ուտել ու միեւնույն է` նիհարել: 

Վայցմանի ինստիտուտի գիտնականները (Իսրայել) պարզել են, որ նույն սննդամթերքը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման վրա. ոմանց մոտ գլյուկոզան կտրուկ բարձրանում է քաղցրեղեն եւ ածխաջրերով հարուստ սնունդ ուտելուց հետո, իսկ ուրիշների մոտ` առաջին հայացքից «անվնաս» սննդամթերքից, օրինակ` բանանից կամ նույնիսկ լոլիկից:

Վերոհիշյալ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում 800 մասնակցի առաջարկվում էր տարբեր սննդամթերք ուտել, ինչից հետո գիտնականները ստուգում էին, թե սննդի որոշակի տեսակին ի պատասխան ինչպես է արյան մեջ փոխվում գլյուկոզայի մակարդակը:  

«Մենք կենտրոնացել ենք արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա, որովհետեւ դրա մշտական բարձրացումը նյութափոխանակության խանգարման ռիսկի հիմնական գործոնն է համարվում», - բացատրել են գիտնականները:

Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է հետեւել կամավորների անհատական հակազդեցությանը ավելի քան 46 000 սննդամթերքի: Նրանք համոզվել են, որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում սննդին, որը նույն գլիկեմիկ ցուցիչն ունի` այսօր ընդունված ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե տվյալ սննդամթերքն ինչպես է ազդում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Օրինակ` պաղպաղակն ու թխվածքը (բարձր գլիկեմիկ ցուցիչով սննդամթերք) որոշ մասնակիցների արյան մեջ շաքարի ավելացման չեն հանգեցրել, բայց օգտակար համարվող յոգուրտը կամ բանանը, ընդհակառակը, առաջացրել են:  

«Օրգանիզմի անհատական պատասխանի վրա ազդում է նաեւ այն, թե սննդամթերքներն ինչպես են համադրվում: Օրինակ` հաց ու կարագ ուտող մասնակիցների երեք չորրորդի արյան մեջ շաքարի մակարդակը պակաս էր բարձրանում, երբ միայն հաց էին ուտում:  Մնացած մասնակիցների մոտ հակառակ հակազդեցությունն էր դիտարկվում:  Բացի այդ, օրգանիզմի պատասխանի վրա կարող է ազդել կենսակերպը, քնի տեւողությունը, ֆիզիկական ակտիվությունը, մարդու մոտ տարբեր հիվանդությունների առկայությունը, ինչպես նաեւ աղիքների միկրոֆլորայի կազմը», - նշել են հետազոտողները:

Բժիշկները հայտնել են, որ շատ մարդկանց կողմից որպես կողմնորոշիչ օգտագործվող գլիկեմիկ ցուցիչը կարող է պետքական լինել միայն ոմանց:  Եթե մարդը փորձում է նիհարել ցածր գլիկեմիկ ցուցիչ ունեցող մթերքների օգնությամբ, բայց, չնայած իր բոլոր ջանքերին, արդյունքի չի հասնում, դա կարող է նշանակել, որ նրա օրգանիզմն այլ սննդամթերք է պահանջում: 

Հենց այդ պատճառով շատ գիտնականներ այսօր խորհուրդ են տալիս նիհարել ոչ թե սննդակարգով, այլ ականջ դնել սեփական օրգանիզմի պահանջներին: 

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են համբավավոր Cell ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել