Յուրաքանչյուր մարդ նույն սննդամթերքին յուրովի է արձագանքում, այդ պատճառով նիհարել ցանկացող որոշ մարդիկ պիտի շատ խիստ դիետայի հետեւեն, իսկ ուրիշները կարող են իրենց ուզածի չափ պաղպաղակ եւ տորթեր ուտել ու միեւնույն է` նիհարել:
Վայցմանի ինստիտուտի գիտնականները (Իսրայել) պարզել են, որ նույն սննդամթերքը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման վրա. ոմանց մոտ գլյուկոզան կտրուկ բարձրանում է քաղցրեղեն եւ ածխաջրերով հարուստ սնունդ ուտելուց հետո, իսկ ուրիշների մոտ` առաջին հայացքից «անվնաս» սննդամթերքից, օրինակ` բանանից կամ նույնիսկ լոլիկից:
Վերոհիշյալ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում 800 մասնակցի առաջարկվում էր տարբեր սննդամթերք ուտել, ինչից հետո գիտնականները ստուգում էին, թե սննդի որոշակի տեսակին ի պատասխան ինչպես է արյան մեջ փոխվում գլյուկոզայի մակարդակը:
«Մենք կենտրոնացել ենք արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա, որովհետեւ դրա մշտական բարձրացումը նյութափոխանակության խանգարման ռիսկի հիմնական գործոնն է համարվում», - բացատրել են գիտնականները:
Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է հետեւել կամավորների անհատական հակազդեցությանը ավելի քան 46 000 սննդամթերքի: Նրանք համոզվել են, որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում սննդին, որը նույն գլիկեմիկ ցուցիչն ունի` այսօր ընդունված ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե տվյալ սննդամթերքն ինչպես է ազդում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Օրինակ` պաղպաղակն ու թխվածքը (բարձր գլիկեմիկ ցուցիչով սննդամթերք) որոշ մասնակիցների արյան մեջ շաքարի ավելացման չեն հանգեցրել, բայց օգտակար համարվող յոգուրտը կամ բանանը, ընդհակառակը, առաջացրել են:
«Օրգանիզմի անհատական պատասխանի վրա ազդում է նաեւ այն, թե սննդամթերքներն ինչպես են համադրվում: Օրինակ` հաց ու կարագ ուտող մասնակիցների երեք չորրորդի արյան մեջ շաքարի մակարդակը պակաս էր բարձրանում, երբ միայն հաց էին ուտում: Մնացած մասնակիցների մոտ հակառակ հակազդեցությունն էր դիտարկվում: Բացի այդ, օրգանիզմի պատասխանի վրա կարող է ազդել կենսակերպը, քնի տեւողությունը, ֆիզիկական ակտիվությունը, մարդու մոտ տարբեր հիվանդությունների առկայությունը, ինչպես նաեւ աղիքների միկրոֆլորայի կազմը», - նշել են հետազոտողները:
Բժիշկները հայտնել են, որ շատ մարդկանց կողմից որպես կողմնորոշիչ օգտագործվող գլիկեմիկ ցուցիչը կարող է պետքական լինել միայն ոմանց: Եթե մարդը փորձում է նիհարել ցածր գլիկեմիկ ցուցիչ ունեցող մթերքների օգնությամբ, բայց, չնայած իր բոլոր ջանքերին, արդյունքի չի հասնում, դա կարող է նշանակել, որ նրա օրգանիզմն այլ սննդամթերք է պահանջում:
Հենց այդ պատճառով շատ գիտնականներ այսօր խորհուրդ են տալիս նիհարել ոչ թե սննդակարգով, այլ ականջ դնել սեփական օրգանիզմի պահանջներին:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են համբավավոր Cell ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր