• Latest news

Սուտը վնասակա՞ր է բարեկեցության համար

7 հոկտեմբերի, 2014  11:36

Սուտը՝ լինի «սպիտակ», թե լիարժեք կեղծարարության մակարդակի, կյանքի անբաժանելի մասն է կազմում, հիշեցնում է FoxNews-ը: Իսկ ինչպես Մասաչուսեթսի համալսարանականներն են հավաստիացնում, մարդկանց 60 տոկոսը, սեփական խոստովանմամբ, 10 րոպե տեւողությամբ խոսակցության ընթացքում գոնե մեկ անգամ ստում են:

Իսկ երեւույթի գլուխգործոցը, բրիտանացի գիտնականների պնդմամբ, տղամարդկանց է բաժին հասնում: Նրանք, որպես կանոն, կանանցից երկու անգամ ավելի հաճախ են սուտ ասում: Եվ ահա, ինչպես պարզվում է՝ չբռնված սուտն այնքան էլ անվնաս չէ, որքան մինչ այժմ էր թվում, հատկապես՝ սեփական բարեկեցության տեսանկյունից: Ստորեւ խնդրո առարկա բացասական ազդեցության մի քանի օրինակներ ենք ներկայացնում.

Սուտը սթրես է խթանում

Ճշմարտությունը չասելով՝ ամեն անգամ ստիպված ենք նոր սուտ հորինել՝ նախկինը ծածկելու համար, ինչը կարող է ուժասպառության եւ սթրեսի առաջացման պատճառ դառնալ: Ապացո՞ւյց եք ուզում՝ եկեք օրինապահներին դիմենք: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ստի դետեկտոր են վարում: 

Պոլիգրաֆ մեքենան, Հարվարդի համալսարանականներից մեկի՝ Դեյվիդ Ռոպեիկի մեկնաբանմամբ, գլյուկոկորտիկոիդներ անվամբ հայտնի՝ ողջ օրգանիզմում քիմիական ռեակցիաներ՝ պուլսի, շնչառության, մաշկի էլեկտրականության (երբ օրգանը, ստորին մակերեսին կուտակված խոնավության հաշվին, առավել կոնդուկտիվ է դառնում) եւ նույնիսկ ձայնի փոփոխություն խթանող հորմոնների ակտիվության մակարդակը չափելու հատկություն ունի: Որքան արագ են դրանք գործում, այնքան բարձր է հավանականությունը, որ ստում եք:

Եվ որքան շատ եք փորձում պատմությունը «ճիշտ» ուղու վրա պահել, այնքան ավելի մեծ սթրեսի եք ենթարկվում, ինչը կարող է բավականին լուրջ կողմնակի ազդեցությունների հանգեցնել: Կոլումբիայի համալսարանականները վկայություն են ձեռք բերել առ այն, որ ծանր սթրեսի ենթարկվող մարդկանց մոտ սրտի կաթվածի առաջացման 27 տոկոսի չափով բարձր ռիսկ է գործում:

Ստելուց հետո դժվարությամբ եք մարզվում

Վերջերս Ստենֆորդի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության շրջանակում մասնակիցների առջեւ իրենց՝ սուտ ներառող բոլոր գաղտնիքները գրի առնելու պայման էր դրվել: Որոշ դեպքերում խոսքը բավականին լուրջ խաբեության՝ ընտանեկան դավաճանության մասին էր, որոշ դեպքերում էլ՝ մանր-մունր կեղծարարությունների, օրինակ՝ երբ ձեւացնում են, թե օրը լավ է անցել:

Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ սեփական անազնվությունն ընդունած մասնակիցների մոտ խանութ գնալն անգամ առավել դժվարությամբ է ստացվում: Տարածություններն ավելի երկար են թվում, դրանք կտրելու ցանկությունն՝ ավելի փոքր: Մարզասրահ հասնելու եւ ծանրություններ բարձրացնելու մտադրության մասին էլ չենք խոսում:

Առողջությունը եւս կտուժի

Նոտր Դամի համալսարանականները պարզել են, որ հնարավորինս քիչ ստող մարդկանց մոտ առավել որակյալ քուն, ցածր լարվածություն, քիչ գլխացավ եւ առավել հազվադեպ՝ կոկորդի ցավ է նկատվում:

Սուտը թանկ է նստում

Նախքան ստելը՝ մի փոքր ավելի երկար մտածեք՝ այն կարող է, առողջությունից բացի, նաեւ դրամապանակի վրա անդրադառնալ: Ստենֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները ուսումնասիրություն են անցկացրել գեղեցկության սրահներում՝ եղունգների հարդարման ծառայությունից օգտվողների շրջանում: Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ մատուցված ծառայության որակից դժգոհ այն այցելուները, որոնք «սպիտակ» ստի օգնությանն են դիմում՝ անբավարարության զգացումը ծածկելու համար, ի վերջո ավելի մեծ թեյավճար են թողնում՝ վրդովմունքը բացահայտ դրսեւորողների համեմատ:

Իսկ ինչո՞ւ է այդպես: Հետազոտության հեղինակների մեկնաբանմամբ, երեւույթի պատճառը կոգնիտիվ աններդաշնակությունն է: Իրական զգացումները թաքցնող մարդիկ սկսում են անհարմարություն զգալ, որից ազատվելու համար այնպիսի վարք են դրսեւորում, կարծես ճիշտ հակառակ զգացումներն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել