Քեմբրիջի համալսարանի և Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ տեսողական շփումն առանցքային դեր է խաղում նորածինների լեզու սովորելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական հանդեսում։
Երբ երեխան նայում է խոսող մարդու աչքերին, նրա ուղեղի ակտիվությունը սինխրոնացվում է չափահասի ակտիվության հետ, և դա օգնում է նրան հասկանալ, թե որ տեղեկությունն արժե մտապահել:
Կյանքի առաջին իսկ ամիսներից նորածինները շրջապատված են հսկայական քանակությամբ հնչյուններով և պատկերներով, որոնք մրցում են նրանց ուշադրությանն արժանանլու համար։ Որպեսզի հասկանան, թե ինչ է պետք սովորել, նրանք օգտագործում են սոցիալական ազդակներ՝ հայացքը, «մանկական խոսքի» արտասանական երանգավորումը, ժպիտը կամ անունով դիմելը։
Նախկինում հետազոտողներն արդեն հայտնաբերել էին, որ տեսողական շփման ժամանակ երեխայի և չափահասի ուղեղի ալիքներն սկսում են ավելի համաժամանակյա ռեժիմով աշխատել։ Այժմ գիտնականները ցույց են տվել, որ այդ մեխանիզմն անմիջականորեն կապված է ուսուցման հետ։
Գիտափորձի ընթացքում 8-10 ամսական 42 երեխա Մեծ Բրիտանիայից և Սինգապուրից լսել են վանկերի կրկնվող համակցություններից բաղկացած երեք հորինված լեզու։ Յուրաքանչյուր լեզու կապված է եղել էկրանին խոսող միևնույն մարդու հետ, սակայն պայմանները տարբերվել են. մի դեպքում երեխաները կարող էին պարզ տեսնել զրուցակցի աչքերը, երկրորդում՝ աչքերը մասամբ քողարկված էին ակնոցով, իսկ երրորդում՝ ամբողջովին թաքնված էին։
Հետազոտողները հետևել են երեխաների ուղեղի ակտիվությանն էլեկտրաուղեղագրության միջոցով, իսկ այնուհետև ստուգել են, թե լեզվական որ կառույցներն են նրանք կարողացել մտապահել։
Պարզվել է, որ երեխաները սոսկ պասիվորեն չեն ընկալել իրենց լսած ամեն ինչ։ Նրանք սովորել են միայն այն լեզուն, որի ուսումնասիրության ժամանակ կարողացել են տեսնել խոսողի աչքերը։ Ընդ որում, հենց երեխայի և չափահասի ուղեղի ալիքների սինխրոնացումն է լավագույնս կանխատեսել հաջող ուսուցումը։
«Նույնիսկ եթե նորածիններն ուշադիր նայում էին էկրանին, առանց տեսողական շփման տեղեկությունը պարզապես անցնում էր նրանց կողքով»,- պարզաբանել է Քեմբրիջի համալսարանի դոկտոր Քայլի Քլաքսոնը։ Նրա գնահատմամբ՝ ուղեղի սինխրոնացումը ցույց է տալիս, որ երեխան ակտիվորեն ընտրում է՝ ինչին ուշադրություն դարձնի։
Ազդեցությունը նույնն է եղել Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի երեխաների դեպքում, ինչը վկայում է դրա համընդհանուր լինելու մասին և կախված չէ մշակույթից։ Ընդ որում, գիտնականները նշում են, որ տեսողական շփումը երեխային տեղեկության կարևորությունը ցույց տալու միջոցներից միայն մեկն է։ Տարբեր մշակույթներում այդ դերը կարող են կատարել այլ ազդակներ՝ ժպիտը, ժեստերը կամ անունով դիմելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day