Ընդամենը մի քանի րոպե տևողությամբ բարձր ինտենսիվությամբ արագավազքը կարող է օրգանիզմում ավելի արտահայտված և արագ մոլեկուլային փոփոխություններ առաջացնել, քան զգալիորեն ավելի երկարատև, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Նման եզրահանգման են եկել Ռոկֆելերի համալսարանի հետազոտողները։
Գիտնականները համեմատել են մարզումների երեք տեսակի նկատմամբ օրգանիզմի արձագանքը․ առավելագույն ինտենսիվությամբ 30-վայրկյանանոց վեց արագավազք, 90 րոպե տևողությամբ չափավոր հեծանվավազք և չափավոր վազք վազքուղու վրա։ Արդյունքներն էական տարբերություն են ցույց տվել՝ կախված ծանրաբեռնվածության ինտենսիվությունից։
Վեց կարճ արագավազորդներն անմիջապես մարզումից հետո փոխել են արյան հետազոտված սպիտակուցների գրեթե մեկ քառորդը։ Համեմատության համար՝ 90 րոպե տևողությամբ չափավոր հեծանվավազքն ազդել է վերլուծված սպիտակուցների 0.25%-ից էլ պակաս մասի վրա։ Վազքուղու վրա չափավոր վազքն առաջացրել է ավելի արտահայտված արձագանք, քան հեծանվային մարզումը, սակայն այն միևնույն է զգալիորեն թույլ էր արագավազքի թողած էֆեկտից։
Արագավազքն արագորեն փոխում է արյան կազմը
Բարձր ինտենսիվությամբ մարզումը փոխել է նաև ավելի քան 200 մետաբոլիտների մակարդակը և արագորեն բարձրացրել այն սպիտակուցների քանակը, որոնք մասնակցում են անոթագոյացմանը, հյուսվածքների վերակառուցմանն ու հորմոնալ ազդանշանների փոխանցմանը։
Հետազոտողները ենթադրում են, որ այս սպիտակուցներից մի քանիսը կարող են արյան մեջ հայտնվել մի գործընթացի շնորհիվ, որը հայտնի է որպես էկտոդոմենային շեդինգ: Այս դեպքում սպիտակուցը նորից չի սինթեզվում․ բջիջների մակերեսին արդեն իսկ գոյություն ունեցող սպիտակուցներից անջատվում են որոշակի հատվածներ, որոնք արագորեն անցնում են արյան հոսքի մեջ։
Գիտնականներն ուսումնասիրել են նաև սպրինտային մարզումից հետո վերցված արյան նմուշների նկատմամբ մարդու ճարպային բջիջների արձագանքը։ Բջիջներում տեղի են ունեցել գեների ակտիվության մասշտաբային փոփոխություններ, որոնք կապված են էներգիայի վերամշակման, հորմոններին արձագանքելու և հասանելի սննդանյութերի ճանաչման հետ։
Չափավոր ծանրաբեռնվածության դեպքում արձագանքն ավելի դանդաղ է զարգանում
Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո օրգանիզմի մոլեկուլային արձագանքն ավելի թույլ է եղել և զարգացել է աստիճանաբար։
Ճարպաթթուների և լյարդի կողմից արտադրվող ու դիմացկունության ծանրաբեռնվածության հետ կապված սպիտակուցների մակարդակի նկատելի բարձրացումն արյան մեջ ի հայտ է եկել մարզումից միայն մոտ երեք ժամ անց։
Ճարպային բջիջները, որոնք ենթարկվել են 90 րոպեանոց չափավոր հեծանվավազքից հետո վերցված արյան ազդեցությանը, նույնպես ցուցադրել են գեների ակտիվության չնչին փոփոխություններ։
Ճարպակալման, դիաբետի և կենսաբանական ծերացման հետ կապը
Այնուհետև հետազոտողները համադրել են ֆիզիկական ծանրաբեռնվածությանն արձագանքած սպիտակուցները բրիտանական UK Biobank տվյալների բազայի ավելի քան 53 հազար մասնակիցների բժշկական տվյալների հետ։
Պարզվել է, որ այդ սպիտակուցներից շատերը կապված են սիրտ-անոթային և նյութափոխանակային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Հատկապես ակնառու է եղել ճարպակալման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և նյութափոխանակության այլ խանգարումների հետ կապը։
Նման հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ կապված 33 սպիտակուցներից 32-ը փոխվել են սպրինտային ծանրաբեռնվածությունից հետո, մինչդեռ չափավոր ֆիզիկական ակտիվությունն ազդել է դրանցից միայն երեքի վրա։ Այս սպիտակուցների ավելի քան մեկ քառորդը կապված է եղել նաև ավելի դանդաղ կենսաբանական ծերացման հետ։
Ընդ որում, մոլեկուլային այս արձագանքը պահպանվել է նույնիսկ ութ շաբաթ կանոնավոր մարզվելուց հետո։ Հետազոտողների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ նկատվող էֆեկտը օրգանիզմի բնական արձագանքն է հենց բարձր ինտենսիվությամբ ծանրաբեռնվածությանը, այլ ոչ թե անսովոր ֆիզիկական ակտիվության առաջացրած ժամանակավոր սթրեսի հետևանք։
Ինչու կարող է կարևոր լինել մարզումների ինտենսիվությունը
Արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունը կարող է էապես ազդել այն բանի վրա, թե ինչ սպիտակուցներ և մետաբոլիտներ են անջատվում արյան մեջ, և թե ինչպես են մարզմանն արձագանքում տարբեր օրգաններն ու հյուսվածքները։
Հատուկ ուշադրություն է դարձվում էկզերկիններին՝ սպիտակուցներին և մետաբոլիտներին, որոնք անջատվում են արյան մեջ ֆիզիկական վարժությունների ընթացքում կամ դրանցից հետո։ Դրանք կարող են լինել այն մեխանիզմներից մեկը, որոնք կարճատև ինտենսիվ ծանրաբեռնվածության շրջանները կապում են առողջության վրա դրական ազդեցության հետ։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը չի նշանակում, որ երեք րոպեանոց սպրինտն ընդհանուր առմամբ հավասարազոր է 90 րոպեանոց չափավոր մարզմանը։ Խոսքն այլ բանի մասին է․ ծանրաբեռնվածության ինտենսիվությունն ունակ է օրգանիզմում սկզբունքորեն այլ և զգալիորեն ավելի արագ մոլեկուլային արձագանք առաջացնել։
Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում՝ «Վարժությունների ինտենսիվությունը կարգավորում է օրգանների միջև կապը և ազդում մարդու սիրտ-անոթային ու նյութափոխանակության առողջության ցուցանիշների վրա» վերնագրով հոդվածում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day