• Latest news

Ինչպես են բժիշկները շարունակական կրթության կրեդիտներ հավաքելու

13 մայիսի, 2016  20:57

Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգը Հայաստանում ներդրվել է բժշկական ավագ եւ միջին անձնակազմի համար: Ավագ անձնակազմը պիտի հինգ տարվա ընթացքում  220 կրեդիտ հավաքի, միջինը`  140 կրեդիտ: Այդ մասին «Բժիշկների հավաստագրում, ակնկալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկմանը հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:  

Նրա խոսքով, դեղագետները հինգ տարում պիտի 160 կրեդիտ հավաքեն, իսկ դեղագործները` 110:

Սամվել Սողոմոնյանը նշել է, որ հաշվի առնելով դժվարությունները, որոնց կբախվի նոր համակարգը ներդրման դեպքում, որոշում է կայացվել պահպանել արտոնագրման հին համակարգը` Առողջապահության ազգային ինստիտուտում կամ Երեւանի բժշկական համալսարանում յոթշաբաթյա դասընթացները:  «Սակայն ժամանակի ընթացքում վերջնականապես կազատվենք այդ համակարգից», - ասել է նա: 

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, բժիշկների նկատմամբ առաջին պատժամիջոցները, եթե նրանք կրեդիտների պահանջված քանակը չհավաքեն, կկիրառվեն միայն  2021-ից: Նա նաեւ նշել է, որ բժիշկները, որոնք այժմ արդեն բավարար քանակությամբ հավաստագրեր ունեն միջազգային համաժողովների կամ տեղական համաժողովների մասնակցության վերաբերյալ, որոնց վրա Առողջապահության նախարարության կնիքը կա, կարող են հինգ տարի չսպասել եւ դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Հավաստագրման եւ կրեդիտավորման կենտրոն հավաստագրում ստանալու համար:   

Սամվել Սողոմոնյանը նաեւ տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ եվրոպական կամ հյուսիսամերիկյան ճանաչված կրեդիտները Հայաստանում ավելի բարձր նշանակություն կունենան, այսինքն դրանք կհաշվվեն որոշակի գործակցով, ասենք` եվրոպական մեկ կրեդիտը հավասար կլինի հայկական 1.5 կրեդիտի: 

Նա ներկայացրել է ենթաօրենսդրական ակտերից մեկի նախագիծը, որում նկարագրված են կրեդիտների ստացման եղանակները, միաժամանակ նշելով, որ այժմ արվում է ամեն հնարավորը բժիշկների համար կրեդիտների ստացման գործընթացի թեթեւացման նպատակով, բայց հետագայ քայլ առ քայլ բարդացմամբ կրեդիտավորման եվրոպական համակարգի հետ ներդաշնակեցման նպատակով:  

Նա պարզաբանել է, որ մեկ կրեդիտը հավասար է գիտակրթական ակտիվության մեկ ժամի: Հինգ տարվա ընթացքում բժիշկները, անկախ մասնագիտությունից, պիտի հավաքեն. 

- 30 կրեդիտ աղետների բժշկության վերաբերյալ, դրանցից   20-ը` տեսական, 10-ը` գործնական: «Դա արվել է` հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դրությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որպեսզի մենք վստահ լինենք, որ անհրաժեշտության դեպքում մեր բժիշկներից յուրաքանչյուրը կարող է աշխատել ռազմադաշտային հոսպիտալում», - ասել է նա:

-Կրեդիտներ կստանան ոչ միայն համաժողովների, սեմինարների, կոնգրեսների եւ այլնի մասնակիցները, այլեւ դրանց կազմակերպիչները, ընդ որում, կրկնակի չափով: «Դա պատասխան է այն մարդկանց, որոնք ասում են` ես պրոֆեսոր եմ, ես պիտի սովորեցնեմ ուրիշներին, ոչ թե ինձ: Իսկ մենք ասում ենք, որ եթե դու այդպիսի աստղ ես, ինքդ համաժողով կազմակերպիր», - ասել է նա, հավելելով սակայն, որ միջոցառման կազմակերպիչների թիվը չպետք է գերազանցի մասնակիցների թվի 5 տոկոսը: 

- Թեկնածուական թեզի պաշտպանությունը 110 կրեդիտ է տալիս

 - Դոկտորական թեզի պաշտպանությունը` 220 կրեդիտ

- Արտոնագրված բուհերի դասախոսները դասավանդման ամեն տարվա համար կստանան   30 կրեդիտ

- Հրապարակված դասագրքի համար` 75 կրեդիտ

- Հրապարակված մենագրության համար` 20 կրեդիտ

- Հրապարակված հոդվածի համար` 1 կրեդիտ ամեն էջի համար, բայց ոչ ավելի, քան  5 կրեդիտ ամբողջ հոդվածի համար:

- Վարկանիշային գրախոսվող միջազգային ամսագրում հրապարակված հոդվածի համար` կրկնակի ավելի կրեդիտ, քան հայկական ամսագրերում հրապարակվածի: 

Կրեդիտները երեք տեսակի կլինեն` տեսական, գործնական եւ ինքնակրթության: Բոլոր բժշկական մասնագիտությունները բաժանված են երկու մեծ խմբի` թերապեւտիկ եւ վիրաբուժական: Առաջին խմբի մասնագետները պետք է հավաքեն 70 տոկոս տեսական կրեդիտներ, 20 տոկոս գործնական, եւ ինքնակրթության` 10 տոկոս:  Վիրաբուժական խմբում մասնագետները պետք է հավաքեն 50 տոկոս տեսական կրեդիտներ, գործնական` 40 տոկոս, ինքնակրթության` 10 տոկոս:    «Հետագայում առցանց հարթակի զարգացմամբ ինքնակրթության մասնաբաժինը կաճի», - ասել է նա: 

Բժիշկները նաեւ հնարավորություն ունեն կրեդիտներ հավաքել հարակից մասնագիտութուններից, ասենք` հոգեբանությունից, ինչպես նաեւ այն մասնագիտություններից, ինչպիսին է կառավարումը կամ աշխատանքային օրենսգիրքը, որոնք անհրաժեշտ են կառավարման գործունեության համար: Բայց դրանք չպետք է գերազանցեն կրեդիտների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Սամվել Սողոմոնյանը հայտնել է, որ ՇՄԶ-ի կրեդիտների վերաբերյալ միջոցառումներ կարող են կազմակերպել բժշկական ասոցիացիաները, բժշկական կազմակերպությունները,  գիտակրթական հաստատությունները եւ այն ՀԿ-ները, այդ թվում` միջազգային, որոնք գործունեություն են իրականացնում առողջապահության ոլորտում:   «Այս փուլում մենք բիզնես կառույցներին արգելել ենք ՇՄԶ-ների միջոցառումներ կազմակիերպել: Այսինքն դեղագործական ընկերությունը չի կարող ինքը նման միջոցառում կազմակերպել: Բայց այն կարող է դա անել որեւէ ասոցիացիայի հետ, հանդես գալով որպես հովանավար: Դա արվել է նրա համար, որ այդ միջոցառումները չվերածվեն ագրեսիվ գովազդի», – պարզաբանել է նա: 

Նա նաեւ նշել է, որ օրենքի կիրառության սկզբնական փուլում պարտադիր պայման չէ ամեն տարում կրեդիտների հավասար քանակություն հավաքելը:  «Տվյալ փուլում մենք խոսում ենք, որ բուժաշխատողն ազատ է բաշխելու իր կրեդիտները հինգ տարվա ընթացքում, բայց հետագայում, երբ մոդելն աշխատի, անհրաժեշտ կլինի կրեդիտներ ստանալ արդեն ամեն տարում հավասարաչափ, շարունակական զարգացման ապահովման համար», – ասել է նա։

Նշենք, որ «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2016-ի մայիսի 4-ից, բայց կրեդիտային միավորների հավաքման համակարգը Առողջապահության նախարարության կողմից ավելի վաղ էր ներդրվել`  2015-ի հունիսից:

Քննարկումը կազմակերպել էր Հայ օգնության ֆոնդը, քննարկմանը ներկա էին բժիշկներ մարզերից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել