• Latest news

Զորի Բալայանի որդին ինքն է ուզում ղեկավարել «Երեւան» բուժկենտրոնը

20 հոկտեմբերի, 2016  21:49

«Երեւան» բժշկական կենտրոնն ունի շենք, անհրաժեշտ սարքավորումներ ու արտոնագիր, սակայն աշխատել չի կարող՝ հիվանդանոցում չկա տնօրեն, որը կարողանար ղեկավարել այն, իսկ պարտքերի պատճառով ամբողջ շենքում վերջերս անջատել են էլեկտրականությունը։

Հայկ Բալայանը՝ Զորի Բալայանի որդին եւ բուժկենտրոնի սեփականատերերից մեկը, NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցը 2012-2014 թթ․ պարտքեր է կուտակել, իսկ 2015-ի վերջին ու 2016-ի սկզբին հարկային տեսչությունը ստուգումներ է արել, խախտումներ հայտնաբերել ու տուգանքներ նշանակել, որոնք Հայկ Բալայանի խոսքով չեն վճարվել սեփականատերերի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով։ Հետո հիվանդանոցի գործադիր տնօրենը՝ Հակոբ Բալայանը, հեռացել է իր պաշտոնից առողջական խնդիրների պատճառով։ Այդ ամենը, Հայկ Բալայանի խոսքով, հանգեցրել է այսօրվա իրադրությանը՝ տնօրեն չկա, տուգանքները վճարված չեն, հիվանդանոցը չի կարողանում աշխատել։ Հիվանդներին ստացիոնարից դուրս են գրել, իսկ որոշ վիրաբույժներ էլ ստիպված են իրենց հիվանդներին ուրիշ կլինիկաների վիրահատարաններում վիրահատել։

Նշենք, որ 2007-ից սկսած՝ կլինիկայի ղեկավարն է եղել երկրորդ սեփականատերը՝ վիրաբույժ Տարոն Տոնոյանը, բայց երկու տարի առաջ նա հրաժարվել է այդ պաշտոնից ի օգուտ Հակոբ Բալայանի։ Հիմա, վերջինի հեռանալուց հետո, Հայկ Բալայանն է ուզում ինքնուրույն ղեկավարել կլինիկան ու հենց այդպես է պատկերացնում ստեղծված խնդրի լուծումը։

«Ես առաջարկեցի, որ մենք խնդրին խաղաղ լուծում գտնենք․ առաջնորդվելով արդարության սկզբունքով՝ առաջիկա 7 տարիներին ես կլինեմ տնօրեն ու կշարունակեմ ղեկավարել կլինիկան։ Բայց իմ գործընկերն ասաց, որ դա բացառված է ու նախընտրեց, որ մենք միասին չաշխատենք, բաժանվենք»,- պատմեց Բալայանը։

Բալայանի գործընկերը՝ Տարոն Տոնոյանը, խնդրի լուծման մի քանի ուղիներ էր առաջարկում, որոնցից մեկն էլ չեզոք մարդու տնօրեն նշանակելն էր, սակայն Բալայանին այդ տարբերակը դուր չի եկել։ Նրա խոսքով, չեզոք գործադիր տնօրենի հետ աշխատանքային փորձը բացասական էր՝ երկու սեփականատերերը տարբեր մոտեցումներ ու կարծիքներ ունեին, իսկ տնօրենը «չէր կարողանում կողմնորոշվել»։

Նրա խոսքով, 4 ամիս առաջ հիվանդանոցը արդեն կանգնել էր նույնատիպ խնդրի առաջ՝ գործադիր տնօրենն ուզում էր հեռանալ, իսկ Տարոն Տոնոյանը պնդում էր, որ առանց գործադիր տնօրենի աշխատել հնարավոր չէ։ Այն ժամանակ ամեն ինչ հարթվել էր ու տնօրենը վերադարձել էր իր պաշտոնին։

Բալայանի խոսքով, այսօր իր համար ցավալի է հիվանդանոցը փակված տեսնելը, ու շատ տհաճ է հետ ուղարկել հիվանդներին, որոնք գալիս են իր մոտ։

«Առանց տնօրենի բարդ է աշխատելը։ Բայց մենք՝ բժիշկներս, մինչեւ վերջին պահը կատարել ենք մեր մասնագիտական պարտքը։ Մենք բուժծառայություններ ենք մատուցել մինչեւ այն պահը, երբ հիվանդանոցի լույսն անջատել են։ Դրանից հետո մենք այլեւս ի վիճակի չէինք աշխատել»,- պատմեց Բալայանը, որը նաեւ կլինիկայի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է լինելու կլինիկայի աշխատակիցների հետ, եթե այն փակվի, Հայկ Բալայանը նշեց, որ ինքն էլ է աշխատակիցներից մեկը ու գործող վիրաբույժ։ Իսկ խոսելով իր հոր՝ հայտնի հասարակական գործիչ Զորի Բալայանի դերի մասին, նա նշեց, որ հայրը կլինիկայի գործերին չի միջամտել։ «Այս կլինիկայի հետ նրա միակ կապն այն է, որ նա իմ հայրն է։ Ինչպես իմ գործընկերը հայր ունի, այդպես էլ ես»։

«Իմ նպատակն է, որ մենք նորից միասին աշխատենք։ Այսօրվա իրավիճակն ինձ համար փակուղի է։ Միակ լուծումը, որը ես տեսնում եմ՝ ընդհանուր հայտարարի գալն է, որպեսզի շարունակենք աշխատել։ Իսկ ընդհանուր հայտարարը ինձ համար փոխադարձ վստահությունն է։ Ես ուզում եմ, որ իմ գործընկերը սկսի վստահել ինձ ու ես սկսեմ ղեկավարել կլինիկան»,- նշեց Հայկ Բալայանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է