• Latest news

Գեր կանանց երեխաները կենսաբանորեն ավելի մեծ են իրենց հասակակիցներից

21 հոկտեմբերի, 2016  22:32

Ավելորդ քաշով կանանց երեխաները հաճախ կենսաբանորեն ավելի մեծ են իրենց հասակակիցներից: Մարդու կենսաբանական տարիքը որոշվում է տելոմերների երկարությամբ՝ քրոմոսոմների ծայրային հատվածներ, որոնք պաշտպանական գործառույթ են կատարում: Մարդը որքան ավելի մեծ է, այնքան նրա տելոմերները կարճ են: Տելոմերները նաեւ զուգակցվում են մարդու կյանքի տեւողության հետ. դրանց կարճացումը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսին են 2-րդ տեսակի շաքարախտը, աթերոսկլերոզը, սիրտ-անոթային պաթոլոգիաները:

Ծնվելիս տարբեր երեխաների տելոմերների երկարությունն իրարից տարբերվում է, սակայն դրա պատճառն առայժմ հայտնի չէ: Hasselt University (Բելգիա) համալսարանի աշխատակից Թիմ Նոուրոթը եւ նրա գործընկերները որոշել են ստուգել՝ արդյոք մոր ավելորդ քաշն ազդո՞ւմ է երեխայի տելոմերների պարամետրերի վրա: Նրանք հավաքել են 743 կանանց մարմնի զանգվածի ինդեքսի տվյալները, որոնք փորձի սկզբում հղի չէին: Ավելի ուշ այս կանայք հղիացել են, իսկ ծնունդից հետո Նոուրոթի խումբը յուրաքանչյուր մայր-երեխա զույգից արյան անալիզ է վերցրել պորտալարից եւ ընկերքից՝ տելոմերի երկարությունը չափելու համար:

Պարզվել է, որ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող կանանց երեխաների տելոմերներն ավելի կարճ են եղել, քան նորմալ քաշով կանանց երեխաներինը՝ համապատասխանաբար 2,5 եւ 5,5 տոկոսով: Սա շատ մեծ տարբերություն է, քանի որ տելոմերը սովորաբար 5-ից 10 տարվա ընթացքում կարճանում է 5,5 տոկոսով: Այսպիսով, ստացվում է, որ գեր կանանց երեխաները կենսաբանորեն 5-10 տարով մեծ են նորմալ քաշով կանանց երեխաներից:

Առայժմ ճշգրիտ տեղեկություններ չկան, թե արդյոք գեր կանանց երեխաները 5-10 տարով ավելի պակաս կապրե՞ն, քան առողջ քաշով կանանց երեխաները, սակայն գիտնականները նախատեսում են հետազոտությունը շարունակել, եւ մի օր, հնարավոր է, գտնեն այս հարցի պատասխանը:

Ինչպե՞ս կարող է  մոր քաշն ազդել երեխայի տելոմերների վրա: Այս հարցը եւս առայժմ ճշգրիտ պատասխան չունի, բայց Թիմ Նոուրոթը եւ նրա գործընկերները ենթադրում են, որ, հնարավոր է, ամբողջ հարցը ճարպային հյուսվածքների մեջ է, որի ավելցուկը բարձրացնում է օրգանիզմում բորբոքման մակարդակը: Այս պրոցեսով հրահրված օքսիդատիվային սթրեսը կարող է բջիջները վնասել եւ կրճատել տելոմերները, իսկ այդ ամենը երեխային է փոխանցվում ընկերքի միջոցով:

University of Sheffield-ից Կատարինա Էնրիկեսը, սակայն, Բելգիայի մասնագետների այս եզրահանգումներին համաձայն չէ: Նրա կարծիքով՝  գեր մայրերի երեխաների տելոմերների երկարության կարճությունը կարող է պայմանավորված լինել նախապես նրանց ծնողների մոտ եւս տելոմերների կարճությամբ, ըստ որում՝ նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն մոր, այլ նաեւ հոր քաշին:

University of Birmingham համալսարանից Ջենեթ Լորդն իր հերթին ընդգծել է, որ ապագա մայրերը պետք է հետեւեն իրենց քաշին, քանի որ մարմնի զանգվածի ինդեքսին հավելվող յուրաքանչյուր միավորը տելոմերները 0,5 տոկոսով կարճացնում է: Նա հավելել է, որ հղիության պլանավորման ժամանակ նորմալ քաշի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում օգտակար է երեխայի առողջության համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել