• Latest news

«Այս կենտրոնը չպետք է նման լինի հիվանդանոցի»․ առաջին տիկինն այցելել է արյունաբանական կենտրոնի նոր շենք (ֆոտո)

7 նոյեմբերի, 2016  20:59

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր շենքում չպետք է լինի ծանր ու ճնշող մթնոլորտ՝ ինտերիերները վառ, ոճային ու աչքին հաճելի, պատերին՝ ուրախ ժամացույցներ, նկարներ, մուլտֆիլմերի պատկերներ։ Երեխաներն այս շենքում չպետք է զգան, որ իրենք հիվանդանոցում են, նրանց համար հաճելի ու ուրախ պետք է լինի այստեղ գտնվելը։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ուսումնասիրելով նոր շենքը, որը ինչպես ակնկալվում է, պաշտոնապես կբացվի վաղը՝ նոյեմբերի 8-ին։

Առաջին տիկնոջ խոսքով երեխաների մոտ արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության հարցում մեծ դեր է կատարում դրական ու լավ տրամադրությունը։

Հին շենքում, որտեղ առայսօր բուժվում են արյան հիվանդություններով երեխաներն ու մեծահասակները, դրական միջավայրի անգամ հեռավոր ակնարկ չկա։ Այն վթարային է, դրա համար էլ վերանորոգելն անիմաստ է, արյունաբանական կենտրոնի բոլոր բաժանմունքները մոտ ապագայում կտեղափոխվեն նոր շենք։ Այնտեղ կբացվեն նաեւ բարձր դոզային քիմիաթերապիայի ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքներ՝ առաջինը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դագբաշյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ամեն տարի լեյկոզով ու արյան այլ չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների մոտ 40 տոկոսը մեկնում է բուժվելու Գերմանիա, Իսրայել ու այլ երկրներ։ Հիմա այդ բոլոր հիվանդները կկարողանան բուժվել Հայաստանում, ավելին, այստեղ կարող են նաեւ հարեւան երկրներից հիվանդներ գալ։

Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումը եվրոպական երկրներում մոտավորապես 150 000-200 000 դոլար արժե, իսկ Հայաստանում այն կարժենա 40-50 հազար դոլար։ Երեխաների բուժման ծախսերը վճարում է առաջին տիկնոջ ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամը։ Հայաստանում հիմնադրամը կկարողանա այդ նույն գումարով ավելի շատ երեխաների բուժում ապահովել։

Ցողունային բջիջների փոխպատվաստումը սովորաբար անհրաժեշտ է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են լեյկոզը, լիմֆոման, ապլաստիկ անեմիան, տալասեմիան։ Դեպքերի 70-80 տոկոսում քիմիաթերապիայով բուժումը արդյունավետ է լինում այդ հիվանդությունների ժամանակ, մնացած դեպքերում ապաքինման մոտ 50 տոկոս հավանականություն կարող է տալ ոսկրածուծի փոխպատվաստումը։ Դա բավականին մեծ տոկոս է։

Ամեն տարի նման փոխպատվաստման կարիք ունի մոտ 60 հիվանդ, որոնցից 10-12-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են։

Բարձր  դոզային քիմիաթերապիայի ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում աշխատելու են մասնագետներ, որոնք նախապատրաստում են անցել Գերմանիայի, Չեխիայի, ու ԱՄՆ-ի կլինիկաներում։ Առաջին տիկինը սակայն նշեց, որ կցանկանար, որ մեր երկրում փոխպատվաստման կայացումը կազմակերպվեր սրտաբանության կայացման նման՝ ժամանակին հանրահայտ կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանը մի քանի տարի աշխատեց Հայաստանում ու մասնագետներին սովորեցրեց այնքան ժամանակ, մինչեւ նրանք կարողացան ինքնուրույն կատարել սրտի բարդագույն վիրահատություններ։

Արյունաբան Կարեն Մելիքսեթյանը լրագրողներին պատմեց, որ բարձր դոզային քիմիաթերապիայի ու ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում տեղադրված է օդի մաքրման հատուկ համակարգ, իսկ պատերն ու հատակը ծածկված են հատուկ պաշտպանիչ նյութով։ Այդ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, քանի որ օնկոհիվանդների մոտ բուժման ընթացքում իմունիտետը ճնշած է լինում, հետեւաբար ցանկացած ինֆեկցիա կարող է նրանց համար մահացու վտանգավոր լինել։

Սմբատ Դագբաշյանը լրագրողներին պատմել է, որ կենտրոնը ծրագրում է նաեւ անվճար սնունդ ապահովել այն երեխաների համար, որոնք բուժում են ստանում ստացիոնարում։ Անվտանգ ու առողջ մթերքներից հատուկ մշակված սննդակարգի համար վճարելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել