• Latest news

Հայաստանի քաղաքացիների միայն 20 տոկոսն է օգտվում պոլիկլինիկաների ծառայություններից. հետազոտություն

25 նոյեմբերի, 2016  18:03

Հայաստանի քաղաքացիների միայն 20 տոկոսն է անհրաժեշտության դեպքում պոլիկլինիկա դիմում, իսկ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցող մարդկանց միայն 17 տոկոսն է իր իրավունքից օգտվում: Եվրամիության աջակցությամբ «Բնակչության առողջության առաջնային պահպանման» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքում նման եզրակացության են հանգել իրականացված հետազոտության հեղինակները՝ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը եւ Օքսֆամի հայկական գրասենյակը:

Օքսֆամի հայկական գրասենյակից Մարգարիտա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ 2016 թվականին ծրագրի ֆինանսավորման համար տրամադրվել է 11,2 մլն դրամ, որը կազմում է առողջապահության ամբողջ ծախսի 12,7 տոկոսը եւ երկրի բյուջեի՝ 0,6 տոկոսը: 2016-ի տվյալներով՝ Հայաստանի մեկ քաղաքացու առողջության պահպանմանը բաժին է ընկել 3763 դրամ:

Հայաստանում այսօր 504 ամբուլատոր պոլիկլինիկա կա, որտեղ մոտ 14,000 մասնագետ է աշխատում: Այս պոլիկլինիկաներում քաղաքացիները կարող են մի ամբողջ շարք անվճար ծառայություններ ստանալ, սակայն այդ ծառայությունների համար քչերն են այնտեղ դիմում. միայն նրանց 20 տոկոսը, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն: Հետազոտության համաձայն՝ պոլիկլինիկաների հիմնական այցելուները 0-7 տարեկան երեխաներն են եւ 75 տարեկանից մեծ տարեց մարդիկ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներ դիմող մարդկանց սոցիալական վիճակին, ապա դիմում է հիմնականում, այսպես կոչված, միջին խավը՝ հարուստները եւ շատ աղքատները ամբուլատորիաների ծառայություններից չեն օգտվում:

Պոլիկլինիկաները ինչո՞ւ են այդքան ոչ հանրաճանաչ:

Հետազոտության համաձայն՝ դա մի քանի պատճառներ ունի:

Առաջին՝ մարդկանցից շատերը չգիտեն, որ իրենք պոլիկլինիկաներում կարող են անվճար ծառայություններ ստանալ: Նաեւ շատերը տեղեկացված չեն, թե իրենց որ դեղորայքն է անվճար կամ զեղչով տրամադրվում:

Երկրորդ՝ մարդկանցից շատերը չեն վստահում պոլիկլինիկաների մատուցած ծառայությունների որակին: Շատերը նույնիսկ մտածում են, որ պոլիկլինիկաները տեխնիկապես ավելի վատ են զինված, քան հիվանդանոցները, հետեւաբար ցանկացած խնդրով գերադասում են անմիջապես հիվանդանոց դիմել:

Այս խնդիրը լուծելու եւ ամբուլատորիաները դերը մեծացնելու համար հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան բարձրացնել այս ոլորտում իրենց իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը. մարդիկ պետք է իմանան, թե ինչ իրավունքներ ունեն եւ իրենց համար ինչ անվճար կամ զեղչով դեղորայք է սահմանված: Առաջարկվում է նաեւ առողջապահական իրավունքների հարցերով մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտ հիմնել:

Մարգարիտա Հակոբյանը նաեւ նշեց, որ առաջարկվում է արգելել բուժհաստատությունների կողմից ինքնուրույն դեղորայք գնելու պրակտիկան. հետազոտության հեղինակների կարծիքով՝ բժշկական կենտրոնի համար դեղորայքը պետք է գնի չշահագրգռված եւ օբյեկտիվ երրորդ անձը:

Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ներկայացված թվերի որոշ մասը տարբերվում է պաշտոնական վիճակագրությունից, եւ հետագայում այդ տվյալներն ահնրաժեշտ է համեմատել, որպեսզի հասկանանք՝ որտեղ է սխալը, եւ որ տվյալներ են ավելի ճիշտ:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ մոտ ապագայում քայլեր կնախաձեռնվեն, որոնք պոլիկլինիկաների ծառայությունները կպարզեցնեն եւ առավել գրավիչ կդարձնեն: Օրինակ՝ կպարզեցվի դեղորայք ձեռք բերելու համար դեղատոմս ստանալու ընթացակարգը: Այսօր դա բավական բարդ է՝ հիվանդը ստիպված է մեծ թվով կաբինետներով անցնել, բայց շատ շուտով դեղորայքի դեղատոմս ստանալը կդառնա պարզ եւ հասանելի:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների ծառայությունների որակին, ապա, ըստ փոխնախարարի, այնտեղ տեխնիկական զինվածությունը, բնականաբար, ավելի թույլ է, քան երկրի առաջատար բժշկական կենտրոններում, փոքր է նաեւ մատուցվող ծառայությունների շրջանակը:

«Սակայն պոլիկլինիկաներն անում են այն, ինչը պետք է անեն: Ոչ ոք չի ասում, որ դրանք պետք է անեն այն ամենը, ինչ անում են հիվանդանոցները: Պոլիկլինիկաներն ապահովում են բնակչության համար բժշկական օգնության հասանելիությունը՝ ախտորոշելով, հիվանդների խնդիրները նույնականացնելով եւ անհրաժեշտության դեպքում նրանց հիվանդանոց ուղարկելով»,- նշեց փոխնախարարը:

Եվրամիության ներկայացուցիչ Ալեքսանդրո Զանոտան, իր հերթին, նշեց, որ Եվրամիության համար այս նախագիծը՝ «Բնակչության առողջության առաջնային պահպանման» բյուջետային ծրագրի անկախ գնահատում, շատ կարեւոր է, քանի որ առնչվում է կառավարության հիմնական գործառույթներից մեկին՝ առողջապահության ոլորտում ծառայությունների մատուցմանը, որն ուղղակիորեն կապված է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության հետ:

Զանոտայի խոսքով՝ լավ է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել հետազոտության արդյունքներին, որոնք, նրա կարծիքով, անչափ դրական են, հատկապես բնակչության շատ աղքատ շերտերի համար, եւ դրանք ի գիտություն ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել