• Latest news

Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 2 մլն-ը գերազանցել է. ԱՀԿ

29 նոյեմբերի, 2016  18:02

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը 2 մլն-ից անցել է: 2015 թվականին ախտորոշվել է հիվանդության ավելի քան 153,000 նոր դեպք: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) համատեղ զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ներկայումս Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ով հիվանդ 2,003,717 մարդ կա: Այս թվի մեջ են ներառված Ռուսաստանից 1,011,377 ՄԻԱՎ-դրական վարակակիր մարդիկ եւ 992,297 մարդիկ 52 այլ երկրներից, որոնք մտնում են ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի մեջ:

«Չնայած ներդրած ջանքերին, ՄԻԱՎ ինֆեկցիան շարունակում է մնալ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում, հատկապես նրա արեւելյան հատվածում հասարակական առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը»,- ասել է ԱՀԿ Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակաբը:

Նա հավելել է, որ այդ խնդրի լուծման համար գործողությունների պլան է կազմվել, որը 2016 թվականի սեպտեմբերին արժանացել է տարածաշրջանի բոլոր երկրների հավանությանը: Իսկ այժմ ԱՀԿ ղեկավարությունը բոլոր երկրների ղեկավարությանը կոչ է անում այդ պլանին հետեւել, որպեսզի ՄԻԱՎ համաճարակը նահանջի եւ 2030-ին դադարի գոյություն ունենալ:

ECDC տնօրեն Անդրեա Էմոնն իր հերթին նշել է, որ ներկայացված տվյալները հիմնված են գրանցված դեպքերի վրա, սակայն ամբողջ իրականությունը չեն արտացոլում, քանի որ դեռեւս մեծ թվով մարդիկ կան, որոնք առայժմ չգիտեն, որ ՄԻԱՎ-ով են վարակված:

«ECDC-ի հաշվարկներով՝ Եվրամիությունում եւ Եվրոպական տնտեսական տարածքում ՄԻԱՎ վարակակիր ավելի քան 122,000 մարդ կա, որոնք այդ մասին չգիտեն: Դա ՄԻԱՎ-ով ապրող գրեթե յուրաքանչյուր յոթերորդ մարդն է»,- ասել է մասնագետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքերը կրկնապատկել, որպեսզի հայտնաբերվեն ՄԻԱՎ-ով վարակված ավելի մեծ թվով մարդիկ, իսկ նրանց, ում մոտ վիրուսն արդեն ի հայտ է եկել, բուժում տրամադրեն:

Զեկույցի համաձայն՝ 2015 թվականին ՄԻԱՎ ինֆեկցիան առաջին անգամ ախտորոշվել է տարածաշրջանի 50 երկրներից 153,407 հիվանդների շրջանում: Նրանցից 27,022-ը (18 տոկոս) Արեւմտյան Եվրոպայի երկրներից էին, 5297-ը (3 տոկոս)՝ Կենտրոնական Եվրոպայի, 121,088-ը (79 տոկոս)՝ Արեւելյան Եվրոպայի: Վերջին տասնամյակի ընթացքում այս թիվը ավելի քան երկու անգամ մեծացել է: Վերջին տասնամյակում այս տարածաշրջանում ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը մեծացել է 80 տոկոսով:

Ինչ վերաբերում է ինֆեկցիայի փոխանցման ճանապարհներին՝ շատ բան կախված է տարածաշրջաններից. օրինակ՝ կենտրոնական եւ արեւմտյան տարածաշրջաններում ՄԻԱՎ ինֆեկցիայի փոխանցման ճանապարհներից առավել տարածված է տղամարդկանց միջեւ միասեռական սեքսը, իսկ արեւելյան տարածաշրջաններում մարդիկ հիմնականում վարակվում են հետերոսեքսուալ ճանապարհով: Արեւելյան տարածաշրջանում գրեթե յուրաքանչյուր երրորդ ՄԻԱՎ վարակակիրը վարակվում է ներարկվող թմրանյութերի օգտագործման հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել