• Latest news

Վիրտուալ իրականությունը կօգնի հաղթահարել ֆանտոմային ցավերը

3 դեկտեմբերի, 2016  13:27

Անդամահատված վերջույթներում ֆանտոմային ցավերով տառապողներին կարող է օգնել վիրտուալ «լրացուցիչ» իրականությունը: Շվեդիայի գիտնականները բուժման հենց այսպիսի միջոց են փորձարկել այն հիվանդների շրջանում, որոնց չեն կարողացել օգնել ֆանտոմային ցավերի դեմ պայքարի մյուս բոլոր միջոցները:

Ֆանտոմային ցավերը հաճախ են առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր վերջույթներ են կորցրել. նրանց ուղեղը նոր վիճակին չի հարմարվում, եւ նրանք այնպիսի զգացողություններ են ունենում ասես վերջույթը դեռեւս իր տեղում է ու ցավում է: Այս զգացողությունները բացասաբար են ազդում հիվանդների կյանքի որակի վրա: Բժշկությանն առայժմ հայտնի չէ ֆանտոմային ցավերի առաջացման պատճառը:

Chalmers University of Technology-ի աշխատակից Մաքս Օրտիզ Քաթալանը իր գործընկերների հետ 14 հիվանդի է ընտրել, որոնց ցավերը չեն կարողացել մեղմել ո՛չ դեղամիջոցները, ո՛չ իմպլանտները, ո՛չ ասեղնաբուժությունը, ո՛չ ուրիշ հայտնի բուժման ցանկացած տարբերակ: Ֆանտոմային ցավերը նրանց անհանգստացրել են միջինը մոտ 10 տարի: Այս խմբում ընդգրկվածներից չորս անձ մշտապես ցավազրկող է ընդունել, մնացած 10 անձինք ընդհանրապես չեն բուժվել, քանի որ արդեն ամեն ինչ փորձել են, եւ նրանց ոչինչ չի օգնել: Մասնակիցներից յուրաքանչյուրն անցել է նոր բուժման 12 սեանս:

Շվեդացի գիտնականների մեթոդի էությունը ուղեղի այն գոտիների վերաակտիվացումն է, որոնք ժամանակին պատասխանատու էին այժմ բացակայող վերջույթի կառավարման համար: Մասնակցի անդամահատված վերջույթին էլեկտրոդներ են ամրացվել, որոնց օգնությամբ նա լրացուցիչ իրականության մեջ կառավարել է վիրտուալ վերջույթը. արհեստական ինտելեկտը բացակայող ձեռքից ստանում էր էլեկտրական ազդակները եւ դրանց հիման վրա էկրանին շարժում պատկերը, իսկ հիվանդները կարող էին դրան հետեւել: Բուժման ոչ մի հայտնի մեթոդ չի ստիպում ուղեղի հարկավոր գոտիներին այնքան ակտիվ աշխատել, որքան Մաքս Կաթալանի եւ նրա գործընկերների մեթոդը:

12 սեանս անցնելուց հետո բոլոր մասնակիցների մոտ ցավային նոպաների հաճախականությունն ու ինտենսիվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Նրանց արդեն ցավն այդքան սաստիկ չի խանգարել քնել եւ զբաղվել կենցաղային գործերով, իսկ դեղամիջոցներ ընդունած չորս հիվանդներից երկուսը հայտարարել են ցավազրկողների չափաքանակի էական կրճատման մասին (81 տոկոս եւ 33 տոկոս):

Կաթալանը նշել է, որ ցավի զգացողությունները նվազել են փորձի ամբողջ ընթացքում, դա նշանակում է, որ բուժման այս միջոցը հավանաբար «բարձրակետ» չունի, եւ բուժման շարունակումը, հնարավոր է, հիվանդների կյանքի որակը լավացնի: Նաեւ հավանական է, որ մեթոդը լույս սփռի ֆանտոմային ցավերի առաջացման պատճառների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել