• Latest news

Հայաստանում ինչո՞ւ են ՄԻԱՎ-դրական կանայք միայն մեկ ծննդատանը ծննդաբերում

4 դեկտեմբերի, 2016  21:21

Հայաստանում ՄԻԱՎ-դրական կանայք այսօր ծննդաբերում են միայն մեկ ծննդատանը՝ Վերարտադրողական առողջության, պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում: Մի կողմից հենց այս կենտրոնի մասնագետները ՄԻԱՎ-դրական մարդկանց հետ աշխատելու փորձ ունեն. նրանք գիտեն՝ ինչպես կազմակերպել մորից երեխային վիրուսի փոխանցման կանխարգելումը: Մյուս կողմից՝ ստացվում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-դրական կանայք չեն կարող ինքնուրույն ընտրել՝ որտեղ ծննդաբերել, ինչը հակասում է բժշկական օգնություն ստանալու մասին օրենքին:

ՄԻԱՎ-դրական կանանց Վերարտադրողական առողջության, պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ են ուղարկում առողջապահության նախարարի 2013 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն, որում, մասնավորապես, նշված է, որ բարձր ռիսկի խմբերի կանայք պետք է ուղարկվեն 3-րդ կարգի ծննդատուն, որտեղ նրանց եւ նրանց երեխաների համար անհրաժեշտ խնամք կապահովվի:

Ուշագրավ է, որ հրամանը կանանց ամենեւին չի պարտավորեցնում ծննդաբերել հատկապես այդ ինստիտուտում, սակայն, ինչպես պնդում են ՄԻԱՎ վարակակիրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ակտիվիստները, մյուս կլինիկաների գինեկոլոգները, հատկապես շրջանների, հրաժարվում են ընդունել ՄԻԱՎ ինֆեկցիայով կանանց եւ նրանց ուղարկում են նշված ինստիտուտ:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փորձագետ Հովհաննես Մադոյանը կարծում է, որ այս կարգն ինչ-որ իմաստով բխում է իրենց՝ կանանց շահերից. նրանք եւ նրանց երեխաները կլինեն փորձառու եւ հուսալի ձեռքերում: Սակայն այս կարգը հաշվի չի առնում «տեխնիկական» բարդությունները, որոնք կարող են առաջանալ հեռավոր շրջաններում բնակվող կանանց մոտ: Օրինակ՝ ձմռանը նրանց համար դժվար կլինի կոնսուլտացիայի եւ ծննդաբերելու համար Երեւան հասնել: Կամ՝ նրանք կարող են մանկահասակ երեխաներ ունենալ, որոնց չեն կարող տանը մենակ թողնել:

Փորձագետը նշեց, որ անցյալում ՄԻԱՎ-դրական կանանց ծննդաբերության կազմակերպուը մեկ ծննդատանը առավել քան արդարացված էր, քանի որ համարվում էր, որ այդ կանանց անհրաժեշտ է կեսարյան հատում կատարել հատուկ տեխնիկայով: Դժվար կլիներ երկրի բոլոր մասնագետներին սովորեցնել այդ տեխնիկայով աշխատել: Սակայն այսօր այս մոտեցումն անցյալի գիրկն է անցել, կարելի է կատարել ամենասովորական կեսարյան, իսկ վիրուսի զրոյական ծանրաբեռնվածությամբ կանայք ընդհանրապես կարող են նաեւ ինքնուրույն ծննդաբերել:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական կենտրոնի մասնագետ Էդուարդ Հովհաննիսյանն, իր հերթին, նշեց, որ ՄԻԱՎ-դրական կանանց ծննդօգնությունը տեսականորեն կարելի է կազմակերպել նաեւ շրջանային կլինիկաներում, հատկապես եթե նրանց վիրուսի ծանրաբեռնվածությունը ծայրահեղ ցածր է, եւ նրանք կարող են ինքնուրույն ծննդաբերել: Այդուհանդերձ, դժվար թե շատ կանայք գտնվեն, ովքեր կցանկանան ծննդաբերել իրենց քաղաքի ծննդատանը. առաջին՝ նրանք Երեւանի մասնագետներին եւ այդ ասպարեզում նրանց փորձին ավելի շատ են վստահում, երկրորդ՝ նրանք վախենում են, որ իրենց քաղաքում բժշկական գաղտնիքը պահելն ավելի դժվար կլինի, եւ իրենց ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին կիմանան քաղաքի մյուս բնակիչները:

Հարկ է նշել, որ այս տարի Հայաստանը աշխարհում երկրորդ եւ տարածաշրջանում առաջին երկիրն է ճանաչվել, որը հասել է մորից երեխային ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ սիֆիլիսի փոխանցման վերացմանը: 2007 թվականից ի վեր՝ մինչ օրս Հայաստանում ՄԻԱՎ-դրական կանայք գրեթե 150 երեխա են ծննդաբերել, եւ նրանցից ոչ մեկը մորից չի վարակվել (այդ թվում՝ նաեւ Նարինեն իր դստեր հետ): Այս հարցում հավանաբար մեծ դեր է խաղացել երկրում ծննդօգնության հատկապես այսպիսի կազմակերպումը եւ այն փաստը, որ եթե 2004 թվականին միայն հղիների մոտ 8 տոկոսն էր ՄԻԱՎ թեստավորում անցնում, ապա այսօր այս ցուցանիշը հասել է մինչեւ 95 տոկոսի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է