• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ կատարվել է շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա

6 դեկտեմբերի, 2016  22:37

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բավական արդյունավետ արդյունքով եզակի վիրահատություն է կատարվել՝ բարորակ գերաճով (ադենոմա) շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա: Հաջողության գրավականն էին պրոֆեսիոնալիզմը, ուռոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների հմտությունները, որոնք վերապատրաստվել են համաշխարհային նշանավոր մասնագետ պրոֆեսոր Ժոաո Մարտինս Պիսկոյի մոտ: Վիրահատությունը կատարել են ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը եւ ուռոլոգիայի բաժանմունքի ուռոլոգ Սարգիս Աբովյանը:

Շագանակագեղձի գերաճը բարորակ ուռուցք է, որը տղամարդկանց մոտ հաճախ առաջանում է 40-50 տարեկանից հետո: Քանի որ շագանակագեղձը ընդգրկում է միզուղիների մի մասը, աճելու դեպքում այն ճնշում է այն եւ դժվարացնում միզարտադրությունը: Ադենոմայի հիմնական ախտանիշը միզարտադրության դժվարությունն է: Կարող է նաեւ լինել անմիզապահություն:

Բուժումը: Մինչեւ վերջին ժամանակները շագանակագեղձի գերաճով հիվանդների ամենատարածված բուժումը վիրաբուժական մեթոդն էր՝ շագանակագեղձի գերաճի ներմիզուկային հատումը:

Վերջին տարիներին աշխարհի առաջատար կլինիկաներում ավելի շատ են կիրառում շագանակագեղձի գերաճի բուժման այնպիսի նոր մեթոդը, ինչպիսին շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան է: Սա քիչ ինվազիվ միջամտություն է, որը թույլ է տալիս կասեցնել արյան մատակարարումը շագանակագեղձի ադենոմային, որի հետեւանքով տեղի է ունենում դրա հակադարձ զարգացում եւ չափերի նորմալացում:

Վիրաբուժական բուժման համեմատությամբ շագանակագեղձի ադենոմայի զարկերակների էմբոլիզացիան թույլ է տալիս խուսափել անզգայացման, արյունահոսության վտանգներից, վիրաբուժական վնասվածքից, մեծ թվով հակացուցումներից եւ հետվիրահատական բարդություններից, ինչպես նաեւ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումից եւ իմպոտենցիայից:

2016 թվականի հուլիսի 1-ին 1938 թվականի ծնված Ա. Ս.-ն «Էրեբունի» ԲԿ-ի ուռոլոգիայի բաժանմունք է ընդունվել ծայրահեղ դժվար միզարտադրության բողոքով: Կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո ախտորոշվել է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Հուլիսի 7-ին տեղային անզգայացմամբ՝ անգիոգրաֆիայի եւ ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը անգիոգրաֆիական լաբորատորիայում կատարեց շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիայի վիրահատությունը: Աճուկի հատվածում կոնքի զարկերակի մեջ է մտցվել բարակ կաթետեր, որի միջոցով զիստի զարկերակի մեջ հատուկ կաթետեր է անցկացվել՝ շագանակագեղձի զարկերակի կաթետերիզացիայի համար: Այնուհետեւ էմբոլիզացիայի համար միկրոկատետերի միջոցով շագանակագեղձի զարկերակի մեջ են ներարկվել միկրոմասնիկներ (կաթետերները հետագայում հեռացվել են): Էմբոլիզացիայի միջամտության ավարտից հետո հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ հաջորդ օրը դուրս է գրվել:

2016-ի հուլիսի 26-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել 1959 թվականի ծնված Ա. Գ.-ն՝ միզուղիների կաթետերի առկայության բողոքով, որը տեղադրվել էր սուր միզակապության պատճառով (այն տեղադրվել էր 25-30 օր առաջ եւ պարբերաբար փոխվում էր): Հետագայում կաթետերը փոխելիս ինքնուրույն միզարտադրությունը չէր վերականգնվել: Կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո ախտորոշվել է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, քրոնիկական միզակապություն: Նրան կատարվել է շագանակագեղձի զարկերակի տրանսկաթետերային էմբոլիզացիա՝ վերը նկարագրված մեթոդով: Միջամտությունից հետո հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ եւ հաջորդ օրը դուրս է գրվել:

Հարկ է նշել, որ համանման վիրահատությունից հետո հիվանդները կլինիկայից դուրս են գրվում նույն օրը: Կատարված միջամտության արդյունավետությունը գրանցվում է տառացիորեն մի քանի ժամ հետո: Վիրահատությունը թույլ է տալիս մինչեւ 50 տոկոսով փոքրացնել շագանակագեղձի ծավալը (ինչը գերազանց ցուցանիշ է): Ուռոդինամիկ ցուցանիշները, մասնավորապես ուռոֆլուոչափական ինդեքսը նորմայի սահմաններում են:

Այս կարգի վիրահատությունները մտել են «Էրեբունի» ԲԿ-ի սովորական պրակտիկայի մեջ եւ Հայաստանի վիրաբուժության ոլորտում դարձել են մասնագիտական մոտեցման անբաժանելի մասը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել