• Latest news

Մոռացված էջեր․ինչ խնդիրների են բախվում միայնակ տարեց մարդիկ (ֆոտո)

16 դեկտեմբերի, 2016  22:11

Անահիտ Ղազարյան, 85 տարեկան, բուժքույր։ Լաերտ Թովմասյան, 75 տարեկան, ճարտարապետ։ Օլյա Գալոյան, 87 տարեկան, ինքնաշարժ կռունկի մեքենավար։ Այս մարդիկ մեկ ընդհանրություն ունեն՝ ժամանակին նրանք բոլորը եղել են հասարակության հարգված, հաջողակ անդամներ, սակայն այսօր, կյանքի մայրամուտին, նրանք մենակ են մնացել՝ լքված իրենց հարազատների ու հասարակության կողմից, որին երկար տասնամյակներ ծառայել են։

Այսօր այդ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք լուծելը բարդ չէ ու լուրջ ֆինանսական ներդրումներ չի պահանջում։ Օրինակ, տիկին Անահիտ Ղազարյանը (բուժքույր, որը կենսաթոշակի անցնելուց հետո մենակ է ապրում, նրա երեխաները արտասահմանում են ու չեն օգնում նրան) ջեռուցման խնդիր ունի․ քաղաքապետարանը նրան փայտ է տրամադրում, որ վառարանով տունը տաքացնի, սակայն այդ փայտը չափից խոշոր է, իսկ այն կոտրել տարեց կինը չի կարող։ Արդյունքում նա ստիպված է մրսել ձմռանը, նույնիսկ այն դեպքում երբ եւ վառարան ունի, եւ փայտ։

Պարոն Լաերտ Թովմասյանը երկար տարիներ ճարտարապետ է աշխատել ու մասնակցել Երեւանում բազմաթիվ շենքերի նախագծմանը։ Այսօր նա մենակ է ապրում ու միայն մի բան է ուզում՝ հայտնվել ծերանոցում, որտեղ գոնե ուրիշների հետ կկարողանա շփվել։

Տիկին Օլյա Գալոյանը՝ Խորհրդային Հայաստանի առաջին ու սակավաթիվ կին բանվորներից է եղել։ Մի քանի տասնամյակ ինքնաշարժ կռունկի մեքենավար է աշխատել ու օգնել շենքեր կառուցել։ Ժամանակին նա տասնյակ շնորհակալական նամակներ էր ստանում, դիպլոմներ ու դրամական պարգեւատրություններ, իսկ հիմա նա մենակ է, ու ոչ ոք չկա կողքին, որ օգնի լուծել առողջական խնդիրները։

Այս ու շատ այլ տարեց մարդկանց խնդիրները գրավել են մի քանի երիտասարդ բժիշկների ուշադրությունը։ Աշխատանքի բերումով շտապ օգնության աշխատակիցներ Արթուր Թորոսյանն ու Առնո Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում էին այդ մարդկանց տներում, տեսնում, թե ինչ պայմաններում են նրանք ապրում ու ինչքան են զգում հասարակ մարդկային ուշադրության ու շփման կարիք։ Նրանց խնդիրները լուծելուն օգնելու համար երիտասարդները որոշել են հիմնել Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա, որին միացել են նաեւ ուրիշ մարդիկ՝ տարբեր տարիքների ու մասնագիտությունների։

Սեւան Իրիցյանը, Ասոցիացիայի անդամներից մեկը, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ իրենց նպատակն է անել այնպես, որ հասարակության համար լսելի դառնան տարեցների խնդիրները, որ նրանց համար նորմալ խնամք ու նորմալ կենսապայմաններ ապահովվի։

«Մարդը կարող է լինել հասարակության արժանի անդամ, լավ անել իր աշխատանքը, իսկ ծերության տարիներին մնալ մենակ ու չստանալ այն ուշադրությունն ու վերաբերմունքը, որին արժանի է։ Մենք ուզում ենք հասարակայնության ուշադրությունը հրավիրել այս մարդկանց խնդիրներին ու բարելավել նրանց կյանքի որակը», - ասել է Սեւան Իրիցյանը։

Մոտ երեք ամիս առաջ ստեղծված ասոցիացիան ծրագրում է տարեց մարդկանց տրամադրել բժշկական խորհրդատվություն, կապող օղակի դեր կատարել նրանց ու բուժկենտրոնների միջեւ, օգնել նրանց լուծել սոցիալական ու առողջական խնդիրները։ Ասոցիացիայի աշխատանքների մյուս ուղղությունն է կազմակերպել միայնակ ծերերի խնամք ու օգնել նրանց կենցաղային հարցերում։ Ասոցիացիայի անդամները վստահ են, որ այս ամենը կօգնի լուծել տարեց միայնակ մարդկանց խնդիրներից շատերը ու արդյունքում նրանց կյանքն ավելի հեշտ ու հաճելի դարձնել։ Այդ բոլոր աշխատանքները կազմակերպելու համար ֆինանսական նպատակներ չհետապնդող ասոցիացիային կամավորներ են պետք՝ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց ժամանակի մի փոքր մասը տրամադրել մյուսներին օգնելու համար։

2017-ին Ասոցիացիան մտադիր է Հայաստանում հետազոտություն կազմակերպել՝ SF-36 հարցաթերթիկի գործածումով, որպեսզի օբյեկտիվ պատկերացում ստանա այդ մարդկանց կյանքի որակի մասին, իսկ հետո գնահատի, թե որքանով է այն փոխվել Ասոցիացիայի աշխատանքի շնորհիվ։

Ասոցիացիայի հետ կարելի է կապվել նրանց կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

(Լուսանկարները տրամադրել է Տարեցների բուժման եւ խնամքի ապահովման ասոցիացիան)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է