• Latest news

Կշարունակվի արդյոք «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցով բուժման ծրագիրը Հայաստանում

17 դեկտեմբերի, 2016  23:46

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ–ն ջանքեր է գործադրում «Նորք» հոգեբուժական կլինիկայի Առաջին փսիխոտիկ էպիզոդի կենտրոնում «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցով արտահիվանդանոցային բուժման ծրագրի շարունակականությունը ապահովելու ուղղությամբ։ Ինչպես NEWS.am Medicine–ի հետ զթույցում նշեց ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանը, ներկայում ծրագրի հետագա ճակատագիրը վտանգված է, քանի որ դեղամիջոցի պաշարները կբավարարեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ժամանակ հասկացնել տվեց, որ ծրագիրը կարող է չշարունակվել։

Ասոցիացիան բաց նամակներ է հղել նախարար Ալթունյանին, վարչապետի խորհրդական Գեւորգ Մուրադյանին, անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, որ իրենց նամակը ուղղել են համապատասխան գերատեսչություն՝ Առողջապահության նախարարություն։ Հարցումը, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»–ն ուղղել էր «Նորք» հոգեբուժական կլինիկա «Զիպրեքսա» դեղամիջոցի օգտագործման ծրագրի արդյունավետության վերաբերյալ մնացել է անպատասխան։ Կլինիկայում իրենց վերաուղղորդել են նախարարություն՝ առաջարկելով տեղեկությունները ստանալ այնտեղից։

Իսկ որո՞նք են այս ծրագրի օգտին հիմնական փաստարկները։

Նախ, նշում է Թուխիկյանը, նախարարը սխալ տեղեկություն է հաղորդել դեղամիջոցի արժեքի մասին. մեկ դեղահաբը արժե ոչ թե 10, այլ՝ 2.3 ԱՄՆ դոլար։ Երկրորդ, Թուխիկյանի պնդմամբ, առանց այս դեղամիջոցի ծրագրի շահառուները (ավելի քան 300 մարդ) կարող են հայտնվել հոգեբուժական ստացիոնարում (Սեւանում կամ Նուբարաշենում)։ Իսկ ստացիոնարում գտնվող մեկ հիվանդի վրա պետությունը ծախսում է 4500 դրամ, ինչը գերազանցում է Զիպրեքսայի օրական չափաբաժնի արժեքը։

Նշենք, որ ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերության Զիպրեքսա դեղամիջոցը օրիգինալ օլանզիպին է։ Այսօր օլանզիպին արտադրում են բազմաթիվ ընկերություններ, Հայաստանում այն արտադրում է «Արփիմեդ» ընկերությունը։ 2013 թվականին պետության կողմից հայտարարված տենդերը շահեց օլանզապինի լեհական տարբերակը՝ «Զոլաքսա»–ն, իր ավելի ցածր գնի շնորհիվ։ Ողջ 2014 թվականի ընթացքում հիվանդների բարեկամները, ինչպես նաեւ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»–ն պայքարում էին «Զիպրեքսա»–ն վերադարձնելու համար, ինչի արդյունքում 2015 թվականին այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մուրադյանի որոշմամբ ծրագիրը վերագործարկվեց։

Ինչպես NEWS.am Medicine–ի հետ զրույցում նշեց ծրագրի շահառուներից մեկի հայրը՝ պարոն Կամոն, ոչ օրիգինալ օլանզիպինը, այդ թվում՝ հայկական արտադրության, շատ վատ ազդեցություն է ունենում իր որդու վրա, նա շատ վատ է քնում եւ մղձավանջներ է ունենում։ Նրա խոսքով, 2015 թվականից իր որդին առանց ընդհատումների ստացել է «Զիպրեքսա», այդ ընթացքում սրացումներ չի ունեցել եւ հիվանդանոց չի պառկել, իսկ մինչ այդ՝ մի քանի անգամ։

Կարինե Թուխիկյանը ներկայացնում է վիճակագրությունը. Ծրագրի շահառուներից 45-ը ընդունվել է աշխատանքի, 5 ամուսնացել է, երեքը շարունակել են ընդհատված ուսումը, եւս 3 փորձում են նկարահանվել ֆիլմերում, իսկ մեկը նույնիսկ գիրք է գրել... Ըստ Թուխիկյանի, խոսակցությունները «Զիպրեքսա»–ն այլ օլանզապինով փոխարինելու մասին արդեն իսկ հիվանդերի մոտ խուճապ են առաջացնում, դրանով իսկ բերելով սրացման։ Թող սա լինի զուտ հոգեբանական գործոն, միգուցե՝ պլացեբո էֆֆեկտ, սակայն նման հիվանդների համար սա կարեւոր գործոն է, կարծում է Թուխիկյանը։

Իսկ ի՞նչ հակափաստարկներ կան

Առողջապահության նախարարության հիմնական հակափաստարկը դեղամիջոցի բարձր գինն է։ Ինչպես ասուլիսում նշեց նախարար Լեւոն Ալթունյանը, եթե կան այս դեղամիջոցի ավելի մատչելի եւ արդյունավետության առումով չզիջող այլընտրանքները, եւ դա հաստատում են միջազգային փորձագետները, ապա նախարարությունը գործելու է սոցիալական արդարության սկզբունքով։

NEWS.am Medicine–ի անցկացրած հարցմանը մասնակցած հոգեբույժները նշում են, որ ժամանակին «Զիպրեքսա»–ն իրոք ամենանորարական դեղամիջոցն էր։ Սակայն ներկայումս օլանզիպինը հոգեբուժության երեկվա օրն է։ Այժմ կան նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք չունեն հին սերնդի դեղերին բնորոշ կողմնակի ազդեցություններ։ Դրանք շատ հարմար են օգտագործման առումով, քանի որ ունեն երկարացված ներգործություն, օրինակ, մեկ ներարկումբավականացնում է մեկ ամիս, իսկ մեկ դեղահաբը՝ մեկ շաբաթ։ Դրանք նույն «Զիպրեքսա»–ից զգալիորեն թանկ են, սակայն պետության համար դրանք ավելի շահեկան են, պնդում են մասնագետները։ Դրանց օգտագործման դեպքում կրճատվում է եւ հոգեկան խնդիրներով մարդկանց հոսպիտալացման հաճախակիությունը եւ ժամկետները, ուստի եւ ստացիոնարին ուղղվող միջոցները։

«Մենք գիտենք, որ նման դեղամիջոցներ կան, եւ եթե դրանք «Զիպրեքսա»–ից արդյունավետ են, ապա թող պետությունը ձեռք բերի դրանք, ոչ թե ջեներիկ օլանզիպինը», – նշում է Կարինե Թուխիկյանը՝ հավելելով, թե այդ նոր դեղամիջոցները Հայաստանում նույնիսկ գրանցված չեն։

Գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կարծիքն այս հարցում ստանալ չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսներն անջատված էին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել