Մեզ այնքան սիրելի ամանորյա ոչ բոլոր կերակրատեսակներն են առողջությանն օգտակար կամ անվտանգ: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը գրեթե բոլորի սեղանին առկա հետեւյալ 5 կերակրատեսակները եւ մթերքները համարում է ամենավատը եւ վնասակարը:
1. Գազավորված ըմպելիքներ
Գազավորված գունավոր ընմպելիքները, որոնք շաքար կամ շաքարի փոխարինիչներ են պարունակում, մի շարք պատճառներով առողջության համար շատ վտանգավոր են: Դրանից բացի, դրանք ախորժակը բացում են եւ մեծ քանակությամբ կալորիա են պարունակում: Դիետոլոգը խորհուրդ է տալիս ուղղակի չգնել այդ ըմպելիքները, որպեսզի հետո տոնական սեղանի շուրջ այն խմելու գայթակղություն չառաջանա: Ավելի լավ է տոնական սեղանին սովորական ջուր կամ հանքային ջուր դնել:
2. Քաղցրեղեն
Մարդկանցից շատերի համար տոները կապվում են քաղցրեղենի հետ, սակայն չպետք է մոռանալ, որ դրանք շաքար են պարունակում կամ, որ ավելի վատ է, շաքարի փոխարինիչ: Առողջության համար շատ վտանգավոր են եւ շաքարը, եւ դրա քիմիական փոխարինիչները:
Եթե շատ եք ցանկանում ամանորյա սեղանին քաղցրեղեն եւ աղանդեր ունենալ, մասնագետը խորհուրդ է տալիս այն գոնե տանը պատրաստել եւ չգնել. այդպես գոնե կիմանաք, որ որակյալ բաղադրամասեր եք օգտագործում, այլ ոչ թե քիմիական բուրավետ նյութեր կամ կարագի փոխարեն մարգարին:
3. Մայոնեզով աղցաններ
Տեսականորեն աղցանը թեթեւ, օգտակար կերակրատեսակ է, բայց երբ աղցանին մայոնեզ կամ թթվասեր է ավելացվում, այն կալորիական եւ ծանր է դառնում: Դրանից զատ, մայոնեզը քիմիական շատ նյութեր, կոնսերվանտներ է պարունակում, էլ չենք խոսում կալորիաների հսկայական քանակի մասին:
Բացի այդ, եթե մայոնեզով կամ թթվասերով աղցանը թարմ չլինի, թունավորման հավանականությունը մեծ է:
4. Տապակած մթերքներ
Դիետոլոգը պնդում է, որ բոլոր տապակած մթերքները նույնպես շատ վտանգավոր են: Ավելին՝ տապակած յուղը կանցերոգեն է եւ վտանգավոր, ուստի ավելի լավ է դրանցից խուսափել: Աշխատեք ամանորյա սեղանին հնարավորինս քիչ տապակած կերակրատեսակ դնել եւ ավելի շատ եփած կամ գոլորշու վրա խաշած եւ, իհարկե, ավելի շատ թարմ աղցաններ:
5. Հին մթերքներ
Ցանկացած հին մթերք, հատկապես եթե սենյակային ջերմաստիճանի պայմաններում է պահվել, կարող է շատ վտանգավոր լինել՝ դրանցից կարելի է թունավորվել: Վտանգ են ներկայացնում ձուկը, մսամթերքը, ձվով, թթվասերով եւ մայոնեզով աղցանները, սերուցքով տորթերը եւ այլ աղանդերը: Եթե հյուր եք գնացել եւ համոզված չեք, որ սեղանին եղած ամեն ինչը թարմ է, ավելի լավ է չուտել, խորհուրդ է տալիս մասնագետը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր