• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքում կատարում են էնդոսկոպիկ վիրահատություններ (ֆոտո)

24 հունվարի, 2017  16:44

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կոկորդի եւ քթի վիրահատություններ են կատարում քիչ ինվազիվ էնդոսկոպիկ մեթոդով, ինչը թույլ է տալիս խուսափել բաց վիրահատությունների տրավմատիկ հետեւանքներից: « Իզմիրլյան» ԲԿ-ի  քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Սոկոլյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կոկորդի եւ քթի հիվանդությունների ախտորոշումը նույնպես էնդոսկոպի միջոցով է կատարվում՝ ճկուն նշտարով ֆիբրոսկոպով, որը հնարավորություն է տալիս զննել քթի խոռոչը, քիթ-ըմպանը եւ կոկորդը:

Բժշկի խոսքով՝ հիվանդները ԼՕՌ մասնագետներին են դիմում հիմնականում քթային դժվարաշնչության, կոկորդում եւ ականջում ցավերի, ծանրալսության եւ խռպոտության (ձայնալարերի խնդիրներ) դեպքերում:

Քթային դժվարաշնչությունը օտորինոլարինգոլոգիայում բոլոր խնդիրներից առավել տարածվածն է եւ կարող է առաջանալ մի շարք գործոնների հետեւանքով՝ միջնապատի ծռվածության, խեցիների գերաճի, հարակից խոռոչների հիվանդությունների (բորբոքումներ, պոլիպներ, կիստաներ): Միջնապատի ծռվածությունը, որը նույնպես հաճախ հանդիպող երեւույթ է, կապված է այն բանի հետ, որ գործնականում բոլոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում բախվում են դիմային վնասվածքների հետ: Պարզապես միջնապատի ծռվածությունները տարբեր աստիճանի են լինում եւ միշտ չէ, որ վիրահատության կարիք են ունենում:

Կարեն Սոկոլյանը նշեց, որ եթե կա կոնսերվատիվ մեթոդով բուժելու հնարավորություն, ապա հիվանդին այդ եղանակն է առաջարկվում՝ դեղերով մշակում, տարբեր պրոցեդուրաներ: Վիրահատությունները կատարվում են հստակ ցուցումների դեպքում:

«Իզմիրլյան» ԲԿ-ում քթի վիրահատությունների ժամանակ օգտագործվող KARL STORZ ընկերության էնդոսկոպը պորտատիվ է, եւ դա լրացուցիչ առավելություններ է ստեղծում:

Այս էնդոսկոպը եզակի է նաեւ նրանով, որ քթի խոռոչը տարբեր անկյուններից դիտելու հնարավորություն է տալիս: Կարեն Սոկոլյանի կարծիքով՝ մանրադիտակի համեմատությամբ էնդոսկոպի առավելությունն այն է, որ միկրոսկոպի օգնությամբ վիրահատությունը միայն վիրաբույժն է տեսնում, իսկ էնդոսկոպի դեպքում մոնիտորի վրա վիրահատությանը հետեւում են բոլոր մասնակիցները, դա նաեւ շատ հարմար է ուսանողներին սովորեցնելու համար:

Ի պատասխան պրակտիկայից որեւէ հետաքրքիր դեպք հիշելու մասին մեր խնդրանքին՝ բժիշկը պատմեց, որ «Իզմիրլյան» ԲԿ դիմել է  18-ամյա աղջիկ, որը աջ քթանցքով շնչել չէր կարողանում՝ այն նրա մոտ ի ծնե փակ էր: Նրան հետազոտեցին եւ աջ կողմում պնդացած լորձ հայտնաբերեցին, այնպիսի պարկիկ, որը դժվարությամբ արտածծեցին էլեկտրոասպիրատորի միջոցով: Այնուհետեւ ուղղեցին քթի միջնապատը, եւ միայն դրանից հետո հայտնաբերեցին, որ աղջկա մոտ առկա է քթի խոռոչի բնածին թաղանթային ատրեզիա (խոանի ատրեզիա) եւ միջնապատի դեֆորմացիա, որն հաստատվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆի միջոցով: Աղջկան վիրահատեցին եւ սիլիկոնային իմպլանտ տեղադրեցին:

Աղջկա մոտ վիրահատությունից մեկ ամիս անց լրիվ վերականգնվել է շնչառությունը եւ նա առողջացած լիարժեք դուրս է գրվել հիվանդանոցից:

Այժմ էնդոսկոպիկ եղանակով բազմաթիվ հիվանդներ են վիրահատվում. մեթոդն արդիական է ու հարմարավետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է