• Latest news

Հետազոտություն. Որոշ մարդկանց ուղեղը մինչեւ ծերություն «երիտասարդ» է մնում

13 մարտի, 2017  13:05

Ուշադրության եւ հիշողության թեստեր անցնող որոշ ծերունիներ կարող են գերազանցել երիտասարդներին՝ կենսաթոշակային տարիքում նրանց ուղեղը նույնքան լավ է աշխատում, որքան 20 տարեկաներինը, իսկ երբեմն՝ նաեւ ավելի լավ: Գիտնականները պարզել են, որ այն «երիտասարդ» ուղեղից արտաքուստ էլ չի տարբերվում: Չիկագոյից նյարդաբան Մարսելխ Մեսուլամը նման տարեց մարդկանց «սուպերծերունի» (superagers) է անվանում:

Ծերանալով՝ մենք սկսում ենք ավելի դանդաղ մտածել, դժվարանում ենք աշխատել բազմախնդիր ռեժիմով եւ ինչ-որ բան մտապահել: Դա պայմանավորված է գլխուղեղի կեղեւի բարակումով՝ տարածված երեւույթ, որն ուղեկցում է ծերանալուն: Տարբեր տարիքի մարդկանց համար նախատեսված հիշողության թեստերում տարբեր նորմեր կան՝ այսպես, եթե նյարդաբանի միջինը 25 տարեկան հիվանդը կարող է մոտ 14 բառ մտապահել, ապա 75 տարեկանի համար 9 բառն արդեն լավ արդյունք կլինի:

Սակայն The Journal of Neuroscience ամսագրում հրապարակված Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ հաստ կեղեւը, այսինքն՝ լավ հիշողությունը հնարավոր է պահպանել:

Հետազոտողների կարծիքով՝ «սուպերծերունիների» ուղեղի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ այս պրոցեսը խանգարվում է: «Հասկանալով, թե ինչպիսին է ուղեղի առողջ ծերացումը՝ մենք կկարողանանք բիոմարկեր առանձնացնել տարիքային հիվանդություններով, օրինակ՝ դեմենցիայով տառապող մարդկանց խնդիրները կանխատեսելու համար»,- ասել է հետազոտության հեղինակներից Ալեքսանդրա Տուրուտուգուլուն:

Տուրուտուգուլուն եւ նրա խումբը թեստավորել են 60-80 տարեկան 40 եւ 18-35 տարեկան 41 մասնակիցներին, որոնք նյարդաբանական եւ հոգեկան հիվանդություններ չեն ունեցել: Նրանք պետք է կատարեին բառերը մտապահելու ստանդարտ թեստեր: Տարեց մասնակիցների շրջանում 17 մարդ նույնքան լավ է հանդես եկել, որքան երիտասարդները կամ նույնիսկ ավելի լավ: Ուսումնասիրելով նրանց ՄՌՏ արդյունքները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ այս ծերունիների ուղեղը ոչ միայն գործում է այնպես, ինչպես երիտասարդ ուղեղը, այլեւ նույն տեսքն ունի: «Սուպերծերունիները» մյուս տարեց մասնակիցներից սկզբունքորեն չեն տարբերվել ո՛չ տարիքով, ո՛չ կրթությամբ: «Սուպերծերունիների» թվում կանայք ավելի շատ են եղել, քան մյուս ծերունիների շարքում:

Նրանց ուղեղի 2 հատվածները նույն վիճակում էին, ինչ վիճակում երիտասարդ մասնակիցների մոտ էր՝ այն հատվածը, որը պահպանում եւ վերականգնում է տեղեկատվությունը, եւ այն հատվածը, որը պատասխանատու է ուշադրության ուղղորդման եւ կարեւոր մասերի հայտնաբերման համար: Այս հատվածները որքան հաստ էին, այնքան ծերունիների հիշողությունն ավելի լավն էր: Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ այս հատվածների չափերը համահարաբերվում են մտապահման ունակության հետ: Ավելի ուժեղ համահարաբերակցություն է հայտնաբերվել այս հատվածների խաչման մարզերում: «Մենք կարծում ենք, որ այս մարզերի միջեւ արդյունավետ փոխազդեցությունը շատ կարեւոր է ուղեղի առողջ ծերանալու համար»,- հայտնել է Տուրուտուգուլուն:

Նրանց մոտ գրեթե չի փոքրացել նաեւ հիպոկամպը, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողության երկարաժամկետի անցնելու համար: Հետազոտողները դեռեւս դժվարանում են այս ֆենոմենի միանշանակ բացատրությունը տալ՝ ենթադրելով, որ դերակատարում ունեն գենետիկ գործոնները եւ առողջ կենսակերպը: Եթե սա հաստատվի, ապա տարեց մարդկանց ուղեղի կրճատման նկատմամբ կայուն հատվածների հետազոտությունը կարող է դառնալ բազմաթիվ նոր հետազոտությունների նպատակը: Գիտնականների կարծիքով՝ ապագա հետազոտությունները պետք է կենտրոնանան  ուղեղի հատվածների պահպանման վրա ազդող գործոնների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել