• Latest news

Պարզվում է՝ թոքերն արյան ֆաբրիկա են. թրոմբոցիտներ են արտադրում

24 մարտի, 2017  17:43

Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի գիտնականները հայտնաբերել են թոքերի նախկինում անհայտ, սակայն շատ կարեւոր՝ թրոմբոցիտներ արտադրելու գործառույթը:

Մկների վրա կատարված փորձերով պարզվել է, որ նրանց թրոմբոցիտների մեծ մասը թոքերն են արտադրում: Անհրաժեշտության դեպքում թոքերը կարող են նույնիսկ վնասված ոսկրածուծում լրացնել արյան ցողունային բջիջների պակասը:

Հետազոտողները հետեւել են կենդանի մկան թոքերի արյունատար անոթներում առանձին բջիջների վարքագծին: Պրոֆեսոր Մարկ Լունին եւ նրա գործընկերները այս նպատակով օգտագործել են երկֆոտոն լազերային միկրոսկոպիայի կատարելագործված մեթոդը, նաեւ կենդանիների գենետիկորեն մոդիֆիկացված  գիծը, որոնց որոշակի բջիջները պարունակում են լուսարձակող սպիտակուց:

Սա թույլ է տվել հայտնաբերել մեգակարիոցիտների մեծ կուտակումներ. նախորդող վիթխարի բջիջներ, որոնցից են «անջատվում» մանր հասուն թրոմբոցիտները՝ արյան մակարդմանը մասնակցող բջիջները: Մինչեւ հիմա մեգակարիոցիտների առանցքային պաշար էր համարվում ոսկրածուծը, սակայն նոր դիտարկումները ստիպել են վերագնահատել թոքերում դրանց քանակը եւ նշանակությունը:

Հետազոտությամբ պարզվել է, որ մեգակարիոցիտները յուրաքանչյուր ժամ թոքերի անոթներում 10 մլն թրոմբոցիտ են արտադրում՝ մկների մոտ արտադրվող դրանց ընդհանուր քանակի կսից ավելին: Դրանից բացի, այս անոթների ծայրերին հայտնաբերվել է արյան ցողունային բջիջների բավական մեծաթիվ պոպուլյացիա: Դրանց ընդհանուր քանակը յուրաքանչյուր թոքում մեկ միլիոն է կազմում:

Արյունաստեղծ հիմնական օրգանի՝ ոսկրածուծի հետ դրանց փոխազդեցությունն ավելի լավ հասկանալու համար գիտնականները սովորական մկան թոքերը փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված կենդանուն, որի մեգակարիոցիտները լուսարձակող նշումներ ունեին: Շուտով այսպիսի լուսարձակող բջիջներ են հայտնաբերվել նաեւ թոքերում, որոնք այստեղ էին տեղափոխվել ոսկրածուծից: Նոր վայրում նրանք գործում են նվազագույնը մի քանի ամիս՝ արյունը լցնելով թրոմբոցիտներով. սա պարզվել է արյան այս մարմինների սեփական արտադրության խանգարումներով տառապող մկների թոքերի փոխպատվաստման փորձերով:

Գիտնականները վերջապես լուսարձակող բջիջներ պարունակող թոքեր են փոխպատվաստել այն մկներին, որոնք ոսկրածուծում արյան ցողունային բջիջների բնածին անբավարարությամբ էին տառապում: Շուտով լուսարձակող բջիջները թոքերից տեղափոխվել են ոսկրածուծի մեջ եւ սկսել են արտադրել ոչ միայն թրոմբոցիտներ, այլեւ արյան այլ բջիջներ՝ ներառյալ В- եւ Т-լիմֆոցիտներ:

«Այն, ինչը տվյալ դեպքում դիտարկել ենք մկների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ թոքերը արյան առաջացման մեջ առանցքային դեր ունեն նաեւ մարդկանց դեպքում»,- ամփոփել է Մարկ Լունին:

Հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել