• Latest news

Գիտնականները մարդու սրտի հյուսվածքներ են աճեցրել սպանախի վրա (ֆոտո)

27 մարտի, 2017  22:04

Մարդկային նոր կենդանի օրգան աճեցնելու նպատակով «խծուծանյութում» բջջային կառույցների համար բարդ հիմք եւ հենարան է պահանջվում: Գիտնականները ցույց են տվել, որ դրա համար կարելի է օգտագործել սովորական բույսերի ցելյուլոզային «հիմնակմախքը». նրանք սրտի հյուսվածքի նմուշ են աճեցրել սպանախի տերեւների վրա: Այս մասին հոդվածը հրապարակվել է Biomaterials ամսագրում:

Փորձելով հաղթահարել դոնորական օրգանների անբավարարության խնդիրը՝ բժիշկները դրանք լաբորատորիաներում աճեցնելու մեթոդներ են մշակում: Օրգանները բարդ կազմակերպված, բարակ անոթներով ծածկված եռաչափ կառույցներ են, որը ստանալը շատ բարդ խնդիր է: Մազանոթների ցանց աճեցնելու նպատակով հենարան եւ հիմք ապահովելու համար Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Գլեն Գոդեթը եւ նրա խումբը առաջարկել են օգտագործել բույսերի տերեւները:

Չնայած կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչները խիստ տարբերվում են ե՛ւ ֆիզիոլոգիայով, ե՛ւ կենսաքիմիայով, անոթային ցանցի կառուցվածքը, որը բջիջներին սնուցող նյութեր է մատակարարում, մեծ մասամբ նման է: Այդ պատճառով վերցնելով սովորական սպանախի տերեւը՝ Գոդեթը եւ նրա գործընկերները դրանից հանել են բոլոր բուսային բջիջները եւ մշակել դետերգենտով՝ թողնելով միայն մաքուր ցելյուլոզային հիմնակմախքը, որի մեջ խիտ տարածված էին անոթները:

Գիտնականներն այս հիմքի մեջ են ցանել անհրաժեշտ տեսակի ցողունային բջիջներ եւ գործարկել դրանց աճն ու անհրաժեշտ ուղղությամբ զարգացումը: Մի քանի օր հետո նրանք տեսել են, թե ինչպես է ցելյուլոզայի վրա աճել սրտի մկանների հյուսվածքը, որը սկսել է ինքնաբերաբար կծկվել: Նման բարակ մասեր կարելի է աճեցնել մեկը մյուսի ետեւից՝ ձեւավորելով նոր օրգանի բավական հաստ եւ ուժեղ կառուցվածք:

Մեթոդը դեռեւս հեռու է պրակտիկ կիրառումից: Գոդեթի աշխատանքը կարելի է անվանել նոր մոտեցման միայն առաջին հաջող ցուցադրությունը՝ գիտնականները դեռեւս պետք է հետազոտեն այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ մարդու օրգանիզմում բուսական հյուսվածքի փոխպատվաստման ժամանակ: Մյուս կողմից ցելյուլոզան լավ ուսումնասիրված, կենսահամատեղելի, էժան եւ հասանելի պոլիմեր է: Եվ եթե նման տեխնոլոգիան կիրառվի, ապա հնարավոր կլինի օգտագործել ամենատարբեր բույսեր:

Ամեն դեպքում, գիտնականները բջիջների հեռացման տեխնիկան փորձարկել են նաեւ օշինդրին, գետնընկույզի եւ մաղադանոսի վրա: Տվյալ կոնկրետ դեպքում սպանախն ընտրվել է միայն այն պատճառով, որ օժտված է ամենախիտ անոթային ցանցով, որը նման է մեր սրտի հյուսվածքներին: Ուրիշ օրգանների համար հավանաբար կարելի է օգտագործել այլ բույսեր՝ ստանալով «սալաթից թոքեր» կամ «սոճու երիկամներ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել