• Latest news

Հայաստանի դպրոցների 4 տոկոսում դեռեւս ջուր չկա. հետազոտություն

5 հունիսի, 2017  15:33

Հայաստանի դպրոցների 4 տոկոսում դեռեւս հոսող ջուր չկա, բայց անգամ այն դպրոցներում, որտեղ ջուր կա, երեխաներին ոչ միշտ են սովորեցնում ուտելուց առաջ լվացվել: Այս մասին են վկայում հետազոտության նախնական արդյունքները, որը հայկական 80 դպրոցներում անցկացրել է «Մոր եւ մանկան առողջության ալյանսը», որը միավորում է մոր եւ մանկան առողջության ոլորտում աշխատող մի շարք կազմակերպություններ:

Ալյանսի մեջ մտնող «Վստահություն» հասարակական կազմակերպության ղեկավար, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտության ընթացքում երկրի մարզերի դպրոցներում են եղել, որտեղ ընդհանրապես ջուր չկա: Մյուս դպրոցներում ջուր կա, բայց ոչ հոսող, որի առկայությունը երեխաների համար պատշաճ հիգիենիկ պայմաններ չի ապահովում:

«Մենք դպրոցներ ենք տեսել, որոնց սանհանգույցներն ուղղակի անհնար է բառերով նկարագրել: Դրանցից մի մասում ընդհանրապես ջրի ոչ մի աղբյուր չկա: Մյուսներում օրվա ընթացքում 1-2 դույլ ջուր են բերում: Այնտեղ ինքնաշեն լվացարաններ են պատրաստել, որոնց մեջ այդ ջուրը լցնում են, այսպիսի լվացարաններ ես հավանաբար արդեն 30 տարի ոչ մի տեղ չեմ տեսել: Սանհանգույցները փոշոտ են, կեղտոտ: Բնականաբար, այս ինքնաշեն լվացարաններից երեխաներից ոչ մեկը չի օգտվում»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Ձեռքերի հաճախակի լվացումը անչափ հասարակ, բայց մեծ թվով հիվանդությունների շատ արդյունավետ կանխարգելում է: Իսկ հոսող ջրի բացակայությունը, մասնագետի խոսքով, երեխաների առողջության համար մեծ վտանգներ է պարունակում եւ կարող է նպաստել ուսումնական հաստատությունում ինֆեկցիոն հիվանդությունների արագ տարածմանը:

Սուսաննա Հարությունյանը հիշեցրեց, որ ըստ սանիտարական նորմերի՝ դպրոցներում պետք է հոսող ջուր լինի, որպեսզի երեխաները կարողանան ուտելուց առաջ լվացվել, ըստ որում՝ ճաշարանում պետք է լինի ե՛ւ սառը, ե՛ւ տաք ջուր: Սանհանգույցներում նաեւ պետք է հեղուկ օճառ լինի, թղթե սրբիչներ կամ էլեկտրական չորացուցիչներ (բայց ոչ ընդհանուր սրբիչներ, որը ինֆեկցիաների եւս մեկ հնարավոր աղբյուր է):

Մասնագետը նշեց, որ որոշ դպրոցներում այս ամենն իսկապես պատշաճ մակարդակով է կազմակերպված: Լավ օրինակ են այն դպրոցները, որոնք վերանորոգվել են The Children of Armenia Fund (COAF) հիմնադրամի կողմից. դրանցում ե՛ւ ճաշարանները, ե՛ւ սանհանգույցները համապատասխանում են սանիտարական բոլոր նորմերին: Մի քանի դպրոցներում ամեն երեխա նույնիսկ ատամի իր խոզանակն ունի, որ կարողանա նախաճաշից հետո ատամները մաքրել:

Կան նաեւ դպրոցներ, որտեղ թղթե սրբիչներ եւ էլեկտրական չորացուցիչներ չկան, սակայն երեխաներին առաջարկում են իրենց մոտ անձեռոցիկ պահել եւ ձեռքերը դրանով չորացնել, ինչը ցուց է տալիս, որ դպրոցի ղեկավարությունը հասկանում է հիգիենայի հարցերի կարեւորությունը:

Ուրիշ դպրոցներում առաջին հայացքից թվում է, թե բոլոր հնարավորությունները կան, որպեսզի երեխաներն ուտելուց առաջ լվացվեն: Սակայն լանչի համար երեխաներին այնքան քիչ ժամանակ են տալիս, որ նրանցից ոչ մեկը չի էլ մտածում լվացվելու մասին: Մեկ այլ խնդիր է այն, որ ոչ բոլոր դպրոցներում են երեխաներին սովորեցնում ուտելուց առաջ լվացվել, ինչը, մասնագետի կարծիքով, նույնպես լուրջ խնդիր է:

Նշենք, որ նախապես դպրոցներում անցկացված մոնիթորինգի նպատակն էր պարզել, թե հայկական դպրոցներում ինչպիսին է տարրական դասարանների երեխաների սնունդի կազմակերպման վիճակը: Սակայն մոնիթորինգի ընթացքում այն անցկացնող մասնագետները ուշադրություն են դարձրել նաեւ դպրոցների սանիտարական պայմանների վրա եւ հայտնաբերած խախտումներն ընդգրկել իրենց հաշվետվության մեջ: Առայժմ հասանելի են մոնիթորինգի միայն նախնական արդյունքները, իսկ ամբողջական հաշվետվությունը, ինչպես սպասվում է, կներկայացվի հունիսի վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է