• Latest news

Ինտերն-բժիշկները՝ Հայաստանում եւ Քենիայում. միսիոների աչքերով

15 հունիսի, 2017  15:27

Հայաստանում եւ Քենիայում ինտերնների (փորձաշրջան անցնող բժիշկների) եւ օրիդանատորների աշխատանքի կազմակերպման սկզբունքները նկատելիորեն տարբերվում են. Հայաստանում, ինչպես, ի դեպ, նաեւ Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում, ինտերնները կարող են բավականին երկար սովորել հիվանդանոցի ավագ գործընկերներից եւ ինքնուրույն ոչ մի բան չանել, իսկ Քենիայում բժշկական բուհի շրջանավարտը հիվանդանոցում հայտնվելու առաջին օրվանից սկսում է բժիշկներին հավասար աշխատել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը:

Բժիշկ Բարխուդարյանը 6 ամիս Քենիայում է աշխատել, որից հետո մեկ ամիս անցկացրել է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում, որտեղ ռազմական բժիշկներ՝ փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանի եւ մայոր Հայկ Հովհաննիսյանի հետ ժամանակավորապես փոխարինել է միսիոներ բժիշկ Թոմ Քաթինային՝ մինչ նա Հայաստանում մասնակցում էր «Ավրորա» մարդասիրական մրցանակի եզրափակիչ միջոցառումներին:

Բժիշկ Բարխուդարյանի խոսքով՝ Քենիայում ապագա մանկաբարձ-գինեկոլոգ ինտերնը պետք է հիվանդանոցում աշխատելու առաջին ամսվա ընթացքում 15 կեսարյան հատում կատարի՝ բնականաբար, փորձառու բժիշկի ներկայությամբ: Նման մոտեցման շնորհիվ ինտերնը բավական արագ է փորձ ձեռք բերում՝ որպես կանոն, արդեն մեկ տարի հետո կարող է ինքնուրույն աշխատել եւ նույնիսկ ուղղորդել այլ ինտերնների:

Հետաքրքիր է, որ աշխատանքի նկատմամբ նման մոտեցման դեպքում սովորաբար ոչ մի լուրջ խնդիր չի առաջանում. ինտերններն իրենց պարտականությունները միանգամայն լավ են կատարում, իսկ նրանց հետեւող բժիշկները ցանկացած պահի կարող են միջամտել, եթե նկատեն, որ ինչ-որ բան սխալ է:

Ի տարբերություն ինտերնների ուսուցման քենիական համակարգի՝ Հայաստանում, ինչպես արեւմտյան շատ երկրներում, աշխատանքի առաջին տարիներին ինտերնները եւ օրդինատորները ինքնուրույն քիչ բան են անում, այս պատճառով իսկապես փորձառու բժիշկ են դառնում բավականին ուշ:

Հայաստանում արժի՞ ներդնել այնպիսի համակարգ, ինչպիսին Քենիայում է օգտագործվում: Բժիշկ Բարխուդարյանի կարծիքով՝ քենիական համակարգն իսկապես մի շարք առավելություններ ունի եւ օգնում է արագ պատրաստել փորձառու մասնագետներ: Սակայն Հայաստանում այն, ցավոք, հազիվ թե հնարավոր լինի կիրառել: Բանն այն է, որ Քենիայում քիչ թվով բժիշկներ կան, իսկ հիվանդներն անչափ շատ են, այս պատճառով այնտեղ մշտապես նոր կադրերի կարիք կա, եւ նրանք ջանում են ինտերններին որքան հնարավոր է արագ սովորեցնել: Իսկ Հայաստանում բնակչության մեկ մարդուն ընկնող բժիշկների թիվը չափից ավելի մեծ է, ուստի նման շտապողականության անհրաժեշտություն, ըստ երեւույթին, չկա:

Երբ բժիշկ Բարխուդարյանը Քենիայում էր աշխատում, ինտերններից մեկի հետ ստիպված էր ամեն օր առնվազն 3 կեսարյան կատարել: Օրեր են եղել, երբ նրանք մեկ օրում 9-10 վիրահատություն են կատարել: Իսկ Հայաստանում միայն եզակի բժիշկներ են ամեն օր օրվա ընթացքում այդքան վիրահատություն կատարում, իսկ ինտերնները, որպես կանոն, հանդես են գալիս միայն դիտողի կամ ասիստենտի դերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել