• Latest news

Գիտնականները սրտի կաթվածից վերականգնվելու նոր միջոց են առաջարկում

16 հունիսի, 2017  20:45

Ամերիկացի գիտնականները սրտի կաթվածից հետո սրտի վերականգնման նոր միջոց են առաջարկել՝ նրա մեջ բակտերիա ներարկելու օգնությամբ, որը ֆոտոսինթեզի արդյունքում թթվածին է արտադրում: Science Advances ամսագրում հրապարակված զեկույցում նշված է, որ լաբորատոր առնետների վրա կատարված փորձարկումները հաջողությամբ են անցել, սակայն գիտնականները հույս ունեն, որ ապագայում կհաջողվի մեթոդը կիրառել նաեւ մարդկանց դեպքում:

Սրտի կաթվածն առաջանում է սրտի մկաններին արյան մատակարարման խանգարման հետեւանքով: Թթվածնից զրկված բջիջները ոչնչանում են 15-20 րոպեում, եւ մեռուկացման հատված է առաջանում: Ավելի ուշ, եթե հիվանդը ողջ է մնում, մեռած բջիջները փոխարինվում են միացնող հյուսվածքով, եւ սրտամկանի վրա առաջանում է յուրատեսակ սպի:

Եթե բժիշկները հնարավորություն ունենային սրտամկանին արտահերթ թթվածին մատակարարել, մինչեւ արյան մատակարարումը կվերականգնվեր, ապա սրտի կաթվածի դեպքում հիվանդի մահվան հավանականությունը զգալիորեն կնվազեր: Սթենֆորդի եւ Փենսիլվանիայի համալսարանների գիտնականները, կարդիովիրաբույժ Ջոզեֆ Վուի ղեկավարությամբ, առաջարկել են  սրտամկանին ժամանակավորապես թթվածին մատակարարելու միանգամայն անսովոր մեթոդ: Հեղինակների մտահղացմամբ՝ սիրտը թթվածնով պետք է մատակարարեն ֆոտոսինթեզող բակտերիաները:

Փորձում օգտագործվել են Synechococcus elongatus բակտերիաները: Բույսերի նման դրանք օժտված են ֆոտոսինթեզ կատարելու հատկությամբ, այսինքն՝ արեգակի լույսի էներգիան օգտագործում են օրգանական միացությունների սինթեզի համար: Ըստ որում՝ եթե սովորաբար ֆոտոսինթեզող բակտերիաները օգտագործում են, այսպես կոչված, բակտերիոքլորոֆիլները, որոնք ֆոտոսինթեզին մասնակցում են առանց թթվածին արտադրելու, ապա Synechococcus elongatus-ը եւ ցիանոբակտերիաների տեսակի նրա ցեղակիցները բույսերի նման քլորոֆիլ ունեն, այդ պատճառով ֆոտոսինթեզի ժամանակ որպես կողմնակի արտադրանք թթվածին են արտադրում: Synechococcus elongates-ը հաճախ որպես մոդելային օրգանիզմ է օգտագործվում ցիրկադային ռիթմերի հետազոտման ժամանակ կամ կենսավառելանյութի արտադրության ընդլայնման փորձարկումներում:

Այս անգամ գիտնականները Synechococcus elongatus բակտերիաներով են վարակել առնետների սրտամկանը: Դրանից հետո առնետներին վիրահատել են՝ բացելով կրծքավանդակը եւ փակելով կորոնար հիմնական զարկերակները, այսինքն՝ արհեստականորեն սրտի կաթված են առաջացրել: Դրանից հետո առնետների սիրտը լույսի տակ են թողել, որպեսզի բակտերիաները ֆոտոսինթեզի հնարավորություն ունենան:

Սրտի հրահրված կաթվածից հետո 10 րոպե անց առնետի սրտամկանում թթվածնի պարունակությունը 25 անգամ մեծացել է: Իսկ 45 րոպե հետո առնետի ֆոտոսինթեզող բակտերիաներով սիրտը 60 տոկոսով ավելի շատ արյուն է արտամղել, քան նրանց սրտերը, որոնք բակտերիաներ են ստացել, որոնք լույսի տակ չեն թողնվել:

Ջոզեֆ Վուն եւ նրա գործընկերները կարծում են, որ եթե սրտի կաթված տարած մարդկանց մոտ հաջողվի սրտի ֆունկցիայի պահպանմանը հասնել նույն ծավալով, ապա դա կլինիկական վիթխարի հետեւանքներ կունենա՝ փաստորեն նպաստելով սրտային անբավարարության կանխմանը: Գիտնականները նման վիրահատության ենթարկված առնետների արյան անալիզ են կատարել առողջանալուց հետո մեկ շաբաթ անց եւ օրգանիզմում բակտերիաների տարածման կամ բակտերիաների առաջացրած պաթոլոգիական դրսեւորումների վկայություններ չեն գտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել