• Latest news

Հակաբեղմնավորիչ միջոցների բացակայությունն ու 12-ամյա ծննդկանը. բժշկուհու հիշողությունները Աֆրիկայի մասին

25 հունիսի, 2017  20:12

Քենիայում ու Սուդանում դեռ քիչ բան գիտեն հակաբեղմնավորիչների ու ընտանիքի պլանավորման մասին՝ կանանց մեծ մասը ծնում է 8-10 երեխա, իսկ համաբեղմնավորիչների հանդեպ վերաբերմունքը շատերի մոտ խիստ բացասական է, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են հենց կանանց առողջությունն ու կյանքը պահպանելու համար։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրոյցում պատմել է մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը։

Արմինե Բարխուդարյանը 6 ամիս աշխատել է Քենիայում, որից հետո մեկ ամիս է անցկացրել «Գթության մայր» հիվանդանոցում՝ Սուդանի Նուբա լեռներում, որտեղ զինվորական բժիշկներ փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանի ու մայոր Հայկ Հովհաննիսյանի հետ միասին ժամանակավորապես փոխարինել է միսիոներ- բժիշկ Թոմ Կատինային, մինչ նա Հայաստանում մասնակցում էր «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումներին։

Գինեկոլոգը պատմել է, որ Քենիայում շատ կանայք տանն են ծննդաբերում՝ հաճախ մոտակա հիվանդանոցը հեռու է, ու առանց լուրջ անհրաժեշտության քչերն են բժշկի դիմում։ Այդուհանդերձ՝ Քենիայում աշխատելիս Բարխուդարյանն ու նրա ինտերնը ամեն օր 8-10 կեսարյան հատում են արել, ու այդ բոլոր վիրահատություններն էլ շտապ էին ու շատ ծանր։

Հակաբեղմնավորիչ միջոցներ

Շատ կանանց, որոնք հիվանդանոցում են ծննդաբերում, ծննդաբերությունից հետո հակաբեղմնավորիչի ներարկում են անում, որը նրանց հետագա 3 ամիսներին պաշտպանում է հղիանալուց։ Առանց այդ ներարկումների, որոշ կանայք ծննդաբերությունից ընդամենը մեկ ամիս անց հղիանում են, ինչն իհարկե կարող է վատ ազդել նրանց առողջական վիճակի վրա։

Սակայն ոչ բոլորն են համաձայնում որեւէ տեսակի համաբեղմնավորիչների՝ բժշկուհու խոսքով Աֆրիկայում իր աշխատանքի ընթացքում ինքը հանդիպել է հիվանդների, որոնք հրաժարվել են հորմոնալ համաբեղմնավորիչներից ու արգանդափողերի կապումից, չնայած նրանց արդեն արել էին մի քանի բարդ կեսարյան հատումներ ու հաջորդ հղիությունն ու վիրահատությունը կարող էին արդեն սպառնալ նրանց կյանքին։

Սուդանում, «Գթության մայր» հիվանդանոցում, հակաբեղմնավորիչների հանդեպ վերաբերմունքն ավելի բացասական էր։ Հորմոնալ հակաբեղմնավորիչները, ինչպես նշեց մասնագետը, կարող են օգտագործվել ոչ միայն անցանկալի հղիությունը կանխելու, այլեւ մի շարք հիվանդությունների բուժման համար, բայց նույնիսկ այդ նպատակով այնտեղ, որպես կանոն, հրաժարվում են ընդունել դրանք։

Մի անգամ բժշկուհուն հորմոնալ դեղամիջոց է պետք եղել հիվանդ կանանցից մեկին բուժելու համար, բայց այնտեղ աշխատող բուժքույրը հայտնել է, որ դա կաթոլիկ հիվանդանոց է ու հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ գործածելն արգելված է։

Բժշկուհին պատմել է, որ Քենիայում ու Սուդանում ընտանիքի ու երեխաների հարցերում մարդկանց տեսակետները զգալիորեն տարբերվում են մեր տեսակետներից ՝ շատերն այնտեղ մտածում են, որ կանայք պետք է մի ծնեն այնքան երեխա, որքան կարող են։ Շատերն իրականում ծնում են 8-10 երեխա։

12-ամյա ծննդկանը

Քենիայում բժշկուհու հանդիպած ամենաերիտասադր ծննդկանը 12 տարեկան էր։ Տեսնելով նրա բժշկական անկետան / հարցաթերթ՞՞/ մյուս ծննդկանների անկետաների կողքին, բժշկուհի Բարխուդարյանը սկզբում կարծել է, թե դա ինչ որ սխալմունք է ու երեխայի անկետան պատահաբար է հայտնվել այնտեղ։ Քիչ հետո նա պարզել է, որ ոչ մի սխալմունք էր չկար՝ 12-ամյա աղջիկը երկվորյակներ էր լույս աշխարհ բերել։ Այդ երեխաների հայրը, պարզվում է, հարեւանի ամուսինն էր, որը երբեմն աղջկան ուտելիք էր տալիս։

Սուդանում Արմինե Բարխուդարյանը հանդիպել է բազմաթիվ 15-16-ամյա ծննդկանների։

Տարիք

Հետաքրքիր է, որ Քենիայում ու Սուդանում շատ կանայք իրենց տարիքը չգիտեն։ Շատ անկետաների վրա ճշգրիտ տարիքի փոխարեն գրվում է «30+» կամ էլ «40+», ինչը նշանակում է, որ հիվանդը մեծ է 30/40 տարեկանից, բայց թե ինչքանով է մեծ՝ հայտնի չէ։ Այլ անկետաների վրա էլ գրվում է «մեծահասակ» կամ «չափահաս»։

Դրա հիմնական պատճառն, ըստ երեւույթին, այն է, որ ընտանիքներում շատ երեխաներ կան ու ոչ ոք չի հիշում նրանց ծննդյան տարեթվերը ու չի հետեւում նրանց տարիքին։

Քանի որ երեխաների մեծ մասը տանն է ծնվում, իսկ բժշկական օգնությունը հաճախ հեռու է ու անհասանելի, մանկական մահացությունը Քենիայում ու Սուդանում շատ բարձր է։

«Այդքան մանկական մահեր ես երբեք չեմ տեսել ոչ Մոսկվայում, ոչ Երեւանում։ Եթե Երեւանում մահանում է երեխա, ամբողջ քաղաքն այդ մասին իմանում է։ Իսկ այնտեղ երեխայի մահը սովորական երեւույթ է»,- պատմել է բժշկուհին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել