Ճանաչենք հիվանդությունները․ Համակարգային կարմիր գայլախտ

3 հուլիսի, 2017  22:35

Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց կարող է յուրաքանչյուրը բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ: NEWS.am Medicine-ի նոր խորագրի ներքո մենք ներկայացնում ենք այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա, որպեսզի պատկերացում կազմի, թե դրանք իրենցից ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման համակարգային կարմիր գայլախտն է։ Այս հիվանդության մասին ավելին իմանալուն NEWS.am Medicine-ին օգնեց Մոսկվայի ՎԱՆասոնովայի անվան գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր ՍԿՍոլովյովը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգային կարմիր գայլախտը

«Դոկտոր Հաուս» բազմասերիանոց հայտնի ֆիլմի հանդիսատեսը շատ է լսում գայլախտի մասին․ դոկտոր Հաուսը ֆիլմի  բոլոր սերիաների ընթացքում այն մեծ թվով  հիվանդների մոտ է կասկածում՝ հավանաբար այն պատճառով, որ այս հիվանդությունը բազմաթիվ հակասական ախտանիշներ ունի։ Ֆիլմում ախտորոշումը հաստատվում է միայն մեկ դեպքում։ Կյանքում, սակայն, գայլախտը բավականին հաճախ է հանդիպում, ըստ որում՝ վերարտադրողական տարիքի երիտասարդ կանանց շրջանում։

Համակարգային կարմիր գայլախտը (ՀԿԳ) աուտոիմունային ռեւմատիկ հիվանդություն է, որի դեպքում իմունային բջիջները սկսում են գրոհել օրգանիզմի առողջ բջիջների վրա եւ դրանք ոչնչացնել։

Գայլախտի առաջացման պատճառները գիտությանն առայժմ հայտնի չեն, եւ հիվանդությունից անհնար է բուժվել։ Գայլախտը շատ ծանր եւ վտանգավոր հիվանդություն է, եւ ճիշտ բուժման բացակայության դեպքում այն կարող է արագ մահվամբ ավարտվել․ ՀԿԳ դեպքում օրգանիզմում սկսում են աուտո-հակամարմիններ արտադրվել, որոնք գրոհում են օրգանիզմի առողջ բջիջների եւ հյուսվածքների վրա։  Այս աուտո-հակամարմինները քայքայում են կենսականորեն կարեւոր օրգանները, ինչպիսին են երիկամները, թոքերը, ուղեղը, կենտրոնական նյարդային համակարգը կամ արյունաստեղծ համակարգը, ինչը կարող է մահվան հասցնել։

Գայլախտը վարակիչ չէ եւ ժառանգաբար չի փոխանցվում։

Տարածվածություն

Վիճակագրության համաձայն՝ համակարգային կարմիր գայլախտով է հիվանդանում 100 հազար մարդուց մոտ 80 մարդը։ Ինչպես արդեն նշեցինք, կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ․ այսպիսի ախտորոշմամբ 10 կնոջը բաժին է ընկնում միայն 1 տղամարդ։

Վտանգի գործոններ

Գայլախտի առաջացման վտանգի գործոններ են համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթումը, սթրեսը եւ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները․ սրանք չեն կարող հիվանդությունն առաջացնել, բայց կարող են այն հրահրել։ Հիշեցնենք, որ ՀԿԳ-ի առաջացման իսկական պատճառներն առայժմ գիտությանը հայտնի չեն։

Ախտանիշներ

Անհնար է գայլախտն ինքնուրույն տարբերակել․ հիվանդության ախտանիշները կարող են հակասական եւ ոչ միանշանակ լինել, ուստի այն ախտորոշել կկարողանա միայն մասնագետը՝ մի շարք հետազոտություններ կատարելուց հետո։

Գայլախտով հիվանդի դեմքին՝ այտերին եւ քթին բավականին հաճախ հայտնվում է թիթեռի ձեւ ունեցող բնութագրական ցան։ Սակայն որոշ դեպքերում կարող է նաեւ ցան չլինել։ Դրանից բացի, դեմքի ցանը կարող է նաեւ ոչ թե գայլախտի, այլ ուրիշ խնդիրների հետ կապված լինել։

Գայլախտով շատ հիվանդներ նշում են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խափանումների, դեպրեսիվ վիճակի, հոգնածության եւ ապատիայի մասին, երբեմն՝ առանց նկատելի պատճառի քաշի նվազման, մկաններում եւ հոդերում ցավի մասին։ ՀԿԳ-ով հիվանդների արյան անալիզում  երբեմն կարելի է անեմիա, լեյկոցիտների եւ թրոմբոցիտների մակարդակի նվազում տեսնել։

Այս ախտանիշները հատուկ են նաեւ մեծ թվով այլ հիվանդություններին, ինչը դժվարացնում է գայլախտի ախտորոշումը։

Բուժում

Այս հիվանդության անբավարար հետազոտության պատճառով բուժման ունիվերսալ միջոցներ դեռեւս չկան։ Բուժման նպատակն է հիվանդությանը թույլ չտալ ախտահարել կարեւոր օրգանները, հասնել երկարատեւ ռեմիսիայի, որ հիվանդի մոտ երկար ժամանակահատվածում հիվանդության ոչ մի դրսեւորում չլինի՝ ո՛չ լաբորատոր, ո՛չ կլինիկական։ Ռեմիսիայի ժամանակ հիվանդը կարող է երկար տարիների ընթացքում բուժում ստանալ եւ ապրել նորմալ, լիարժեք կյանքով։

ՀԿԳ հայտնվելու դեպքում հիվանդի կյանքի տեւողությունը կախված է այն հանգամանքից, թե հիվանդությունը որ օրգանները եւ համակարգերը կախտահարի։ Ախտորոշումը ժամանակին կատարելու եւ ճիշտ բուժման դեպքում 100-ից 93 հիվանդը հիվանդության սկզբից հետո ապրում է եւս 20 տարի։ Բուժման բացակայության եւ հիվանդությամբ երիկամների, թոքերի կամ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքում հիվանդը կարող է մահանալ տառացիորեն մի քանի օրում կամ մի քանի շաբաթում։

Գայլախտի բուժումը բավականին բարդ է, որը հենվում է գլյուկոկորտիկոիդային հորմոնների վրա։ Դրանց օգտագործումը կարող է կապված լինել մի շարք կողմնակի էֆեկտների հետ (ոսկորների կոտրվածքներ, կատարախտ, դիաբետ, ստամոքսի խոց եւ այլն), այդ պատճառով մասնագետներն այժմ փորձում են այս հորմոններով բուժումն օպտիմալացնել՝ ընտրելով ճիշտ դեղամիջոցներ եւ նվազագույն չափաքանակներ՝ լավ արդյունքներ ստանալու, կողմնակի էֆեկտները նվազագույնի հասցնելու համար։

Գլյուկոկորտիկոիդներից բացի, կան նաեւ միանգամայն նոր գենաինժեներական պատրաստուկներ, որոնք ավելի անվտանգ են եւ թիրախային ազդեցություն են ունենում հիվանդության զարգացման ախտագենետիկ օղակների վրա։ Այս պատրաստուկների կիրառման փորձը դեռեւս մեծ չէ, սակայն մասնագետներից շատերին դրանք հեռանկարային եւ արդյունավետ են թվում։

Վերջաբանի փոխարեն

Համակարգային կարմիր գայլախտը շատ ծանր եւ վտանգավոր հիվանդություն է, որն ավելի հաճախ ախտահարում է վերարտադրողական տարիքի կանանց։ Անհայտ է՝ ինչու։ Սակայն հայտնի է, որ ժամանակին կատարված ախտորոշման եւ ճիշտ բուժման դեպքում հիվանդները կարող են բավականին նորմալ եւ երկարատեւ կյանքի հույս ունենալ։

Գայլախտի բուժմամբ զբաղվում է բժիշկ ռեւմատոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի