• Latest news

Տավուշի մարզի հինգ գյուղերի բնակիչներին կպատվաստեն տուլարեմիայի դեմ․ Արտավազդ Վանյան

28 սեպտեմբերի, 2017  18:19

Վերջին մեկ ամսում Հայաստանում գրանցվել է տուլարեմիայով վարակվելու 25 դեպք, որոնցից 21 մարդ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչներ են, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչներ, երկուսն էլ՝ Երեւանի։ Վերջին չորս վարակվածները, պարզվել է, այցելել էին Արծվաբերդ գյուղ։ Հիմա վարակվածներից միայն մեկն է շարունակում ստացիոնար բուժում ստանալ։ Հիվանդացության ծանր դեպքեր չեն եղել։ Այս մասին առողջապահության, մայրության, սոցապահովման հարցերով մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով, առաջին դեպքը կլինիկապես բացահայտվել է օգոստոսի 29-ին։ Վարակվածը Երեւանի բնակիչ էր, որը դիմել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Պարզվել է, որ օգոստոսի սկզբին այդ մարդը այցելել էր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, ուր էլ հենց մեկնեցին Կենտրոնի մասնագետները։ Նրանք պարզել են, որ տուլարեմիայի կլինիկական դրսեւորումները մինչ այդ արդեն նկատվել են գյուղացիների մոտ, որոնց մի մասին գյուղի բժիշկները սխալմամբ բուժում էին անգինայից։

Արտավազդ Վանյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ Արծվաբերդ գյուղում վարակումը տեղի է ունեցել հուլիսի վերջից մինչեւ օգոստոսի կեսերը։ Ջրի ու սննդամթերքի նմուշների, նաեւ կրծողների հետազոտությունների ընթացքում տուլարեմիայի հարուցիչ չի անջատվել։ Այսինքն վարակումը տեղի է ունեցել առանց էպիզոոտիայի։ Կենտրոնում հանգել են այն եզրակացության, որ վարակումը կարող էր տեղի ունենալ օդափոշային ճանապարհով, խոտհունձի ժամանակ, ինչի մասին են վկայում դրա ձեւերը՝ աչք-բուբոնային ու անգինիոզ-բուբոնային, նաեւ բոլոր վարակվածների բնակության սահմանափակ տարածքը։

«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ մարդիկ հիվանդացել են տուլարեմիայով առանց էպիզոոտիայի ու առաջին դեպքն է, երբ հարուցիչի փոխանցումը տեղի է ունեցել օդափոշային ճանապարհով»,- ասել է Արտավազդ Վանյանը։

Նա հավելել է, որ Արծվաբերդ գյուղը գտնվում է Ադրբեջանին սահմանակից գոտում, ու հայ մասնագետները չեն կարող ամբողջ տարածքը հետազոտել։ Արտավազդ Վանյանի խոսքով՝ Արդբեջանը, ինչպես եւ Հայաստանը տուլարեմիայի համար էնդեմիկ երկիր է ու հնարավոր է տեղի է ունեցել կրծողների անցում սահմանի մյուս կողմից։

Հաշվի առնելով, որ վարակման ռիսկը պահպանվում է, չնայած էպիզոոտիա չկա, Կենտրոնը որոշում է կայացրել պատվաստել Արծվաբերդի ու հարակից գյուղերի՝ Չինարիի , Նորաշենի , Չորաթանի ու Այգեձորի յոթ տարեկանից մեծ բոլոր բնակիչներին։ Պատվաստումը, նրա խոսքով, կպաշտպանի նրանց տուլարեմիայից առաջիկա հինգ տարիներին։

Պատասխանելով պատգամավոր Մարգարիտ Եսայանի այն հարցին, արդյոք հնարավոր է հայկական տարածքների միտումնավոր վարակում՝ Արտավազդ Վանյանը նշեց, որ դատելով նրանից, որ տեղի է ունեցել լոկալ բռնկում, այլ ո չ թե համաճարակ, դա քիչ հավանական է։

Տուլարեմիան զոոանտրոպոնոզային ինֆեկցիա է, որի դեպքում հիվանդների մոտ լինում է թունավորում, տենդ, ավշային հանգույցների ախտահարում։ Հիվանդության հարուցիչը Francisella tularensis բակտերիան է։ Տուլարեմիայի ցուպիկի կրողներն են համարվում որոշ կենդանիներ, այդ թվում նապաստակները, ճագարները ու ջրային առնետները։ Ինֆեկցիան փոխանցվում է մարդուն՝ հիվանդ կենդանիների հետ անմիջական շփման դեպքում կամ էլ վարակված սննդամթերքի ու ջրի միջոցով։ Ավելի հազվադեպ են ասպիրացիոն ճանապարհով՝ օրինակ հատիկավոր մթերքների մշակման ժամանակ տուլարեմիայով վարակվելու դեպքերը, երբեմն էլ պատահում են տիզերի, մոծակների միջոցով վարակի փոխանցման դեպքեր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել