• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում յուրացնում են անոթների էմբոլիզացիայի տեխնոլոգիան

15 նոյեմբերի, 2017  20:47

«Աստղիկ» բժշկական կենտրոնում յուրացնում են անոթների էմբոլիզացիայի տեխնոլոգիան՝ տարբեր հիվանդությունների բուժման համար։ Լյարդի բարորակ ուռուցքների՝ հեմանգիոմաների  անոթների էմբոլիզացիայի վարպետության դասերն անցկացրել է Մոսկվայի, նախագահի աշխատակազմի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի Ռենտգեն վիրաբուժության բաժնի ղեկավար Անդրեյ Շելեսկոն։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Անդրեյ Շելեսկոն, «Աստղիկ» ԲԿ Սրտաբանության եւ առիթմոլոգիայի կենտրոնի ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու Նարինե Գոջաբաշյանը նրա գլխավորությամբ հեմանգիոմայի անոթների էմբոլիզացիայի երկու վիրահատություն է կատարել երկու երիտասարդի մոտ։

Առաջին դեպքում, երիտասարդ աղջկա մոտ, ուռուցքն զբաղեցրել է լյարդի աջ բլթի 60 տոկոսը, իսկ երկրորդ դեպքում՝ երիտասարդ տղամարդու լյարդի աջ բլթի 40 տոկոսը։ Երկու դեպքում էլ էմբոլիզացիային որպես այլընտրանք եղել է լյարդի աջ բլթի մասնակի կամ ամբողջական հեռացումը, այսինքն՝ բաց, մեծ վնասվածքներով վիրահատություն։

«Դրա փոխարեն մենք ժամանակակից մեթոդ ենք կիրառում՝ տրանսկաթետերային էմբոլիզացիա, որի ժամանակ զարկերակի միջով մտցվում է ոչ հաստ խողովակ եւ դրա միջով ներարկվում են էմբոլաները՝ չափսերով աստիճանավորված գնդիկները։ Այդ գնդիկները փակում են արյան հոսքը։ Հեմանգիոման գոյացություն է, որը հարուստ է արյունատար անոթներով, որոնք մենք փակում ենք  եւ կրճատում արյան շրջանառությունը, դադարեցնում ուռուցքի աճը։ Ժամանակի հետ հեմանգիոման կարծես թե չորանում է եւ մենք խուսափում ենք հնարավոր այնպիսի բարդությունից, ինչպիսին դրա պատռվելն  է», - պատմել է նա։

Ռուս բժշկի խոսքով՝ հեմանգիոմայի հիմնական վտանգը դրա պատռվելու մեջ է, ինչը կարող է պատահել նույնիսկ ամենափոքր կենցաղային վնասվածքից։

Ընդ որում, էմբոլիզացիան ցուցված է մեծ չափերի բարորակ գոյացությունների դեպքում, եւ այդ ժամանակ այն փրկում է լյարդի փոխպատվաստումից։ Պարզապես մեծ հեմանգիոմաների դեպքում այն կարող է իրականացվել մի քանի փուլով։

Մասնավորապես, «Աստղիկ» ԲԿ–ում վիրահատված երիտասարդ տղամարդու դեպքում դա առաջին փուլն էր։

 «Մենք անջատեցինք հեմանգիոմայի մոտավորապես կեսը եւ հաջորդ փուլում կփակենք արդեն մնացած կեսը։ Կարելի է անել 3 կամ 4 փուլով», - ասել է Անդրեյ Շելեսկոն։

Անոթների էմբոլիզացիայից հետո, հեմանգիոմայի փոքրացումը տեղի է ունենում մի քանի ամիսների ընթացքում։ «Իրականում մեր հիմնական խնդիրն աճը դադարեցնելն ու արյան մատակարարումը նվազեցնելն է։ Հեմանգիոմայի փոքրացումն արդեն երկրորդական է, քանի որ այն չի ճնշում հարակից օրգանների վրա եւ չափերի հետ կապված ախտանշանները ոչ մի կերպ չեն արտահայտվում։ Մեծ հեմանգիոմաները կարող են փոքրացվել 20 տոկոսով, փոքրերը կարող են առհասարակ վերանալ», - պատմել է նա։

Ռուս մասնագետը հավելել է, որ էմբոլիզացիան լայնորեն կիրառվում է նաեւ լյարդի  ինչպես առաջնային (հեպատոցելյուլար կարցինոմա), այնպես էլ երկրորդային (մետաստազներ) չարորակ ուռուցքների դեպքում։ Այդ դեպքում անցկացվում է քիմիաէմբոլիզացիա՝ նախապես էմբոլաների մեջ լցնում են քիմիաթերապիայի դեղեր։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Գոջաբաշյանը պատմել է, որ արդեն երկար ժամանակ է ծրագրում է «Աստղիկ» ԲԿ-ում ներդնել էմբոլիզացիայի վիրահատություններ։ Դրա համար նա աշխատում է կենտրոնի  գինեկոլոգների, ուրոլոգների եւ ընդհանուր վիրաբույժների հետ, որպեսզի նրանք նախապատրաստեն պացիենտներին։

Մասնավորապես, հենց ընդհանուր վիրաբույժներն են առաջարկել այդ երկու երիտասարդ պացիենտներին հեմանգիոմայի անոթների էմբոլիզացիա կատարել, հակառակ դեպքում նրանց բարդ վիրահատություն էր սպասվում։ Բժիշկ Անդրեյ Շելեսկոն պատրաստակամորեն արձագանքեց այդ հարցում օգնելու առաջարկին։ Ծրագրվում է ներդնել նաեւ արգանդի միոմայի եւ շագանակագեղձի բարորակ գերաճի, ինչպես նաեւ լյարդի չարորակ ուռուցքների անոթների էմբոլիզացիայի վիրահատություններ։

«Էմբոլիզացիան օրգանպահպանող, քիչ ինվազիվ, իդեալական մեթոդ է։ Պացիենտները հիվանդանոցում երկար մնալու կարիք չունեն։ Միակ թերությունը բարձր ինքնարժեքն է, բայց մենք հույս ունենք, որ առողջապահական համակարգում այդ ուղղությամբ քայլեր կարվեն», - ասել է Նարինե Գոջաբաշյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է