• Latest news

Ցեղասպանությունը վերապրած հայերի մոտ դիտվել են հետվնասվածքային սթրես խանգարման համախտանիշի (ՀՎՍԽ) դասական ախտանիշներ

26 ապրիլի, 2014  18:09

Ցեղասպանությունը վերապրած հայերի բժշկական գրառումներն ուսումնասիրելով հետազոտողները եկել են այն եզրակացության, որ դրանցում նկարագրված են հետվնասվածքային խանգարման (ՀՎՍԽ) դասական ախտանիշներ: ՀՎՍԽ հիվանդություն է, որը նկարագրվել է հայերի ապրած իրադարձություններից շատ ավելի ուշ: Դժբախտաբար նմանատիպ բժշկական գրառումներ շատ քիչ են պահպանվել, իսկ գենետիկական հետազոտություն այն ժամանակներում ընդհանրապես չէին կատարում, սակայն գիտությունը թույլ է տալիս ավելի ուշ կատարված լայնածավալ հետազոտությունների եզրակացությունները տարածել նաեւ Մեծ Եղեռնը վերաապրած հայերի սերունդների վրա: Իսկ հետազոտողների հիմնական եզրակացությունն այն է, որ ՀՎՍԽ-ը կարող է ունենալ գենետիկական հետեւանքներ, որից հետեւում է, որ ցեղասպանությունները եւ պատերազմները ազդում են ոչ միայն այդ իրադարձությունները ապրած մարդկանց, այլ նաեւ նրանց հետագա սերունդների կյանքի վրա: Այդ մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հոլանդական «Մետրիս» ընկերության փոխտնօրեն եւ տեխնիկական մենեջեր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լեւոն Բաղդասարյանը, ով նշված խնդրի հետազոտման նպատակով հետազոտողների միջազգային թիմ է հավաքել եւ մի շարք գիտաժողովներ է կազմակերպել, որոնցից մեկը՝ անցյալ տարի Երեւանի ֆիզիոլոգիայի ինստիտուտում:

Նա պարզաբանեց, որ գենետիկական հետազոտություններն կատարվել են վիետնամական եւ իրաքյան պատերազմին մասնակցած, ինչպես նաեւ 1994թ.-ին Ռուանդայի ցեղասպանությունն վերապրած մարդկանց մոտ: «Ցեղասպանությունը վերապրած հայերի այժմ ապրող հետնորդների գենետիկական վերլուծությունները չեն կարող որեւէ տեղեկատվություն տալ, քանի որ մենք չունենք նրանց նախնիների գեները՝ այն ժամանակ այդպիսի հետազոտություններ չէին արվում: Մենք միայն ունենք նրանց պատմությունները՝ գրված բժիշկների ձեռքով: Սակայն արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվել են Հոլոքոստի զոհերի ԴՆԹ-ի վերլուծություններ: Եվ եթե ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ հետվնասվածքային խանգարումներն ազդում են գենետիկայի վրա, դրանց արդյունքները ինքնաբերաբար կիրառելի են նաեւ հայերի նկատմամբ»,- պարզաբանեց նա: Հետազոտողը նշեց, որ իրեն հաջողվել է հայերի մասին տվյալներ ստանալ Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ նույնիսկ ԱՄՆ արխիվներից, սակայն այդպիսի տվյալներ՝ ինչքան էլ դա անհեթեթ թվա, չկան հենց Հայաստանում: «Այստեղ մի քիչ մատների արանքից են նայում այդ խնդրին: Նույնիսկ Արցախյան պատերազմի հետեւանքների մասին տվյալներ չկան»,- նշեց նա:

Ըստ գիտնականի, հետվնասվածքային սթրեսի հնարավոր գենետիկական հետեւանքների վերաբերյալ գիտական հաստատում ստացվել է 2009 թ-ին: Համենայն դեպս, ուժեղ ապրումներ տարած մարդկանց սերունդների մոտ 40%-ով բարձրանում է հետվնասվածքային սթրեսային խանգարումների նախատրամադրվածությունը: Ապացուցված է, որ այս մարդիկ բացասական իրադարձություններն այլ կերպ են ընկալում: Նրանց մոտ ուշադրության կենտրոնացման խնդիրներ են լինում, արագ խուճապի են մատնվում, դյուրագրգիռ են լինում եւ այլն:

Իր հետազոտության մեջ, որի թեզերը ներկայացվել էին երեւանյան գիտաժողովում, Լեւոն Բաղդասարյանը ցույց է տվել, որ ցեղասպանություն ապրած մարդկանց մոտ ՀՎՍԽ-ի տոկոսն ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր անցել են պատերազմով, ընդ որում դա վերաբերում է բոլոր տարիքի կանանց եւ տղամարդկանց: Ամենահետաքրքիրն այն է, որ գենետիկական հետեւանքները իրենց վրա կրում են ոչ միայն զոհերը, այլեւ ողբերգական իրադարձությունների մեղավորները: «Դա ապացուցված է: Հենց Թուրքիայում արդեն կատարվում են նմանատիպ հետազոտություններ: Տվյալներ կան այն մասին, որ հայկական ջարդերի վկա եւ մասնակից բազմաթիվ զինծառայողներ հետագայում առողջության հետ լուրջ խնդիրներ են ունեցել», - պատմեց նա, ավելացնելով, որ թուրք հետազոտողները անգամ չեն էլ թաքցնում այն փաստը, որ այս զինծառայողների մոտ խնդիրներն եղել են ոչ թե պարզապես պատերազմին մասնակցելու պատճառով, այլ հենց հայերի ցեղասպանության մասնակիցը լինելու հետեւանքով:

Խոսելով նմանատիպ հետազոտությունների հնարավոր գործնական կիրառությունների մասին Լ. Բաղդասարյանը նշեց, որ առայժմ խնդիրը գնտնվում է ուսումնասիրման փուլում եւ բոլոր հնարավոր հետեւանքները պարզաբանելուց հետո, բնականաբար, անհրաժեշտ կլինի դրանք հաղթահարելու մեխանիզմներ փնտրել: «Մասնավորապես, հայերի ցեղասպանության հարցում նշված խնդրի լուծումը գտնվում է ինչպես բժշկական, այնպես էլ քաղաքական հարթությունում, եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ ՀՎՍԽ բուժման բաղկացուցիչներից մեկը: Հայաստանի եւ թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը (իհարկե դա երկարատեւ գործընթաց է) կբերի նրան, որ արդեն գենետիկական մակարդակի վրա գործող վախը կհաղթահարվի»:

Հիշեցնենք, որ «Սթրես եւ վարք» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են 12 երկրների գիտնականներ եւ մասնագետներ, անցել է Երեւանում 2013 թ-ի սեպտեմբերի 20-23-ը: Գիտաժողովի մասնակիցների քննարկած հիմնահարցերից մեկն էր անձի եւ ազգի վերապրած ցնցումների՝ մասնավորապես, ցեղասպանության, բժշկական եւ հոգեբանական հետեւանքների հարցը:

Լեւոն Բաղդասարյանը նաեւ հայտնեց, որ 2015թ.-ին նա նախատեսում է այս թեմայով գիտաժողով անցկացնել Հոլանդիայում եւ միայն 2016թ.-ին՝ Երեւանում, քանի որ 2015թ.-ին Հայաստանում առանց այդ էլ բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ կլինեն:

Հետվնասվածքային սթրեսային խանգարումը (ՀՎՍԽ, անգլ. PTSD - post-traumatic stress disorder) հիվանդություն է, որն առաջանում է մարդկային սովորական փորձի եւ մարդկանց ու սուբյեկտների ֆիզիկական ամբողջականության սպառնալիքների սահմաններից դուրս եկող հոգեվնասող իրադարձությունների արդյունքում: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՎՍԽ-ի հանդեպ կա գենետիկական նախատրամադրվածություն, ինչպես նաեւ, որ այդ նախատրամադրվածությունը կարող է առաջանալ ուժեղ սթրեսներից առաջացած գենետիկական մուտացիաների հետեւանքով, հատկապես եթե դրանք տարվել են մանկական հասակում։

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել