• Latest news

2017 թվականին Հայաստանում բոտուլիզմի 13 դեպք եւ 2 մահ է գրանցվել

22 հունվարի, 2018  16:29

2017 թվականին Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 13 դեպք, տուժել է 21 մարդ, որից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: 2016 թվականի համեմատությամբ բոտուլիզմի դեպքերի թիվն ավելացել է 3-ով, իսկ տուժածների թիվը՝ 1-ով: 2016 թվականին ևս արձանագրվել է 2 մահվան դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի և վարունգի մարինադներն են, կարմիր պղպեղը, սմբուկը, շուշանի թթուն և այլն:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ` 20-370C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլինատոքսին: Այդ պայմաններում հարուցչի աճը և բազմացումը տեղի է ունենում 3-4 օրվա ընթացքում:

Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: Բոտուլինատոքսինով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է (կարող է տևել մինչև 30 օր): Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում (միդրիազ), կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` եռացնելով առնվազն 20-25 րոպե
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես (սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն) անմիջապես դիմե´ք բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է