• Latest news

Կանադացի գիտնականները հոդված են հրապարակել ծաղիկի վիրուսի ստեղծման հրահանգներով

24 հունվարի, 2018  09:49

Անցյալ տարվա հուլիսին Կանադայի Ալբերտի համալսարանից վիրուսաբան Դեւիդ Էվանսը եւ նրա գիտաշխատող Ռայան Նոյսը համացանցում ձիու ծաղիկի վիրուսի ԴՆԹ են պատվիրել, այնուհետեւ կրկին այն միացրել են: Ստացված վիրուսը կարող էր վարակել մարդու բջիջները եւ ինքնավերարտադրվել: Այս մասին հոդվածը հրապարակվել է PLOS ONE ամսագրում: Գիտական հանրույթը համարում է, որ այս հրապարակումը աշխարհը սպառնալիքի տակ է դնում, հայտնում է Science Mag-ը:

Հոդվածում ներկայացված են վիրուսի ստեղծման մանրամասն հրահանգները, սակայն չկա գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ են դա արել:

Պաշտոնապես նշվում է, որ այս գիտական աշխատանքը, որը ֆինանսավորում է Tonix դեղագործական ընկերությունը (կենտրոնակայանը Նյու Յորքում է), կարող է նպաստել ծաղիկի դեմ ավելի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Սակայն ծաղիկի դեմ անվտանգ պատվաստանյութեր արդեն կան, եւ ձիու ծաղիկի վիրուսի հիմքով նորը ստեղծելու ոչ մի պատճառ, հավանաբար, չկար, ասում է Գերմանիայի Մարբուրգի համալսարանի վիրուսաբան Սթեֆան Բեքերը:

«Հաշվի առնելով առավելությունների ակնհայտ անբավարարությունը՝ այս հոդվածի հրապարակումը լուրջ սխալ էր»,- նշել է Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանի (ԱՄՆ, Մերիլենդ) Առողջապահության անվտանգության կենտրոնի տնօրեն Թոմաս Ինգլեսբին:

Դեւիդ Էվանսն ասում է, որ ինքն «ավելի շատ հետաքրքրված էր տեխնոլոգիայի զարգացմամբ», քան պատվաստանյութի մշակմամբ: Նրա կարծիքով՝ զրոյից ծաղիկի վիրուսի ստեղծումը կարող է օգնել պատասխանել դրա կենսաբանության վերաբերյալ հիմնական հարցերին: «Սա շատ հզոր տեխնոլոգիա է, եւ ես կարծում եմ, որ այն կարող է ունենալ մեծ թվով հավելվածներ, օրինակ՝ քաղցկեղի դեմ վիրուսների մշակումը»,- նշում է նա:

Էվանսը համաձայն չէ, որ իր հրապարակումը աշխարհը պակաս անվտանգ է դարձնում: Նա համոզված է, որ իր աշխատանքը կօգնի հակազդել սինթետիկ ծաղիկին, որի ստեղծման հնարավորությանը երկար ժամանակ ոչ մեկը չէր հավատում:

Ծաղիկը մահացու հիվանդություն է, որ միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Ծաղիկի դեմ պատվաստումն աշխարհում ավարտվել է 1980-ական թվականներին, եւ այսօր մարդկանց մեծամասնությունը իմունիտետ չունի: Փորձագետները վախենում են, որ ծաղիկ առաջացնող Variola վիրուսը կարող են օգտագործել ահաբեկչական հարձակումների կամ կենսաբանական պատերազմի նպատակով: Variola-ի վերջին նմուշները պահպանվում են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել