• Latest news

Երեխային կորցրած ծննդկանի հարազատները բողոքում են՝ նա այլեւս չի կարող երեխա ունենալ

16 փետրվարի, 2018  21:41

Առաջնեկին վերջերս կորցրած 27-ամյա Տ․ Բադալյանի հարազատները պնդում են, որ բժիշկների գործողությունների պատճառով կինը այլեւս չի կարողանա երեխաներ ունենալ. հեռացրել են ոչ միայն նրա արգանդը, այլ նաեւ ձվարանները։ Բժիշկներն իրենց հերթին նշում են, որ կնոջ կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, եւ մասնագետների բոլոր գործողությունները արդարացված էին եւ ուղղված նրա կյանքը փրկելուն։

NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Գավառում։

Կնոջ հարազատները պնդում են, որ տեղի ունեցածից մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, նա այցելել էր Գավառի բժշկական կենտրոն, որտեղ հաշվառված էր, եւ հերթական կոնսուլտացիան էր անցել իր հղիությունը վարող մասնագետի մոտ։ Հարազատների խոսքով՝ բժիշկը չափել է ճնշումը եւ չնայած այն շատ բարձր է եղել (ըստ հարազատների՝ սիստոլիկ ճնշումը 180 էր), հասպիտալացնել կնոջը եւ կեսարյան հատում կատարել նրան չեն առաջարկել եւ ուղարկել են տուն։

Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանն իր հերթին նշում է, որ ամեն ինչ լրիվ այլ կերպ է եղել. Տ․ Բադալյանը, տնօրենի խոսքով, հղիության ամենասկզբից ճնշման հետ խնդիրներ է ունեցել, եւ երկու անգամ նրան հոսպիտալացրել են Գավառի ԲԿ-ում, եւս մեկ շաբաթ նա պառկած է եղել Երեւանում՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում։ Այդ ամբողջ ժամանակ նրա սիստոլիկ ճնշումը, կլինիկայի ղեկավարի խոսքով, 150-ից բարձր չի եղել, սակայն 150-ն էլ բավականին բարձր ցուցանիշ է, որը չէր կարող չանհանգստացնել մասնագետներին։  

Ինչ վերաբերում է փետրվարի 13-ին, ապա կնոջ ճնշումն այդ օրը, տնօրենի խոսքով, նորմայի շրջանակում է եղել՝ շուրջ 130/90։ Երբ կինը եկել է կոնսուլտացիայի, նրան նաեւ ուլտրաձայնային հետազոտություն են կատարել՝ համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, նրան ուղարկել են տուն։ Պացիենտի ինքնազգացողությունն այդ օրը եւս լավ է եղել, նա ոչնչից չի բողոքել, եւ կոնսուլտացիայից հետո գնացել է Տյանընդառաջը (Տրնդեզը) տոնելու:

«Եթե նա իր հղիության սկզբում երեք անգամ հոսպիտալացվել է 150 ճնշմամբ, կարո՞ղ էին բժիշկները անտեսել 180-ի հասնող ճնշումը՝ հղիության 30-րդ շաբաթում։ Բացի այդ, եթե կինը հղիության այդ փուլում իրեն վատ զգար եւ բարձր ճնշում ունենար, կարո՞ղ էր նա վեր կենալ եւ գնալ Տրնդեզի», - հարցնում է տնօրենը։

Փետրվարի 14-ին Տ․ Բադալյանի մոտ ուժեղ ցավեր էին սկսվել, եւ ամուսինը նրան տեղափոխել էր հիվանդանոց։ Հարազատները մտածել էին, որ կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն է։ Բժիշկները, սակայն, պնդում են, որ նրա մոտ ընկերքի շերտազատում է եղել, իսկ պտուղը հիվանդանոց հասնելիս արդեն մահացած է եղել։

Կլինիկայի տնօրենի խոսքով՝ երբ կինը հիվանդանոց է եկել՝ հերթապահ բժիշկն առաջին հերթին փորձել է լսել պտուղի սրտի բաբխը, բայց չի լսել, ապա ուլտրաձայնային հետազոտություն է անցկացվել, որն հաստատել է, որ պտուղը մահացած է։

Որոշվել է անհապաղ կեսարյան հատում իրականացնել։ Հարազատներին խնդրել են դոնորական արյուն գտնել՝ կնոջ արյունը հազվադեպ չորրոդ խմբի դրական էր։ Արյան այս խումբը ներկաներից ոչ ոք չի ունեցել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պացիենտի հարազատներից Վահրամ Խաչատրյանը նշել է, որ մոտ երկու լիտր արյուն բերել են Հրազդանից՝ կնոջ ծննդավայրից։ Ավելի ուշ արյուն են հասցրել նաեւ Երեւանից։  

Գավառի բժիշկները կեսարյան հատում են իրականացրել, ու կնոջ արգանդը պահպանել էին, չնայած նրան, որ նրա մոտ արգանդի կենտրոնական շերտազատում է եղել, որի դեպքում արյունը դուրս չի գալիս մարմնից, այլ տարածվում է արգանդի պատերին՝ առաջացնելով հետընկերքային հեմատոմա։ Բժիշկները որոշել են, որ չարժի հեռացնել չծննդաբերած կնոջ արգանդը։

Վիրահատությունից հետո պացիենտի արյունահոսությունը չի դադարել, նրա վիճակը վատթարացել է, եւ Գավառի բժիշկները հրավիրել են Երեւանից իրենց գործընկերոջը: Վիրաբույժ Նելս Ավագյանը, իր հետ մի քանի լիտր արյուն վերցնելով, ուղեւորվել է Գավառ, եւ այնտեղ է հասել գիշերը ժամը մոտ 4:30-ին:

Հիվանդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, ճնշումը եւ հեմոգլոբինը հասել են վտանգավոր ցածր մակարդակի: Այն ժամանակ վիրաբույժն անցել է երկրորդ վիրահատությանը, որի նպատակն է եղել դադարեցնել արյունահոսությունը եւ փրկել կնոջ կյանքը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժը նշել է, որ հիվանդի փոքր կոնքի բոլոր օրգանները ողողված էին արյամբ, եւ արգանդը, ձվարանները կամ ֆալոպյան փողերը փրկել հնարավոր չի եղել՝ ստիպված են եղել դրանք հեռացնել։

Կնոջ հարազատներին խիստ վրդովվեցրել է այն լուրը, որ հեռացվել է ոչ միայն արգանդը, այլ նաեւ ձվարանները`զրկելով նրան երեխաներ ունենալու հնարավորությունից: Երկրորդ վիրահատությունից հետո նրանք պահանջել են, որ կնոջը տեղափոխեն Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ:

«Եթե գոնե ձվարանները պահպանվեին, նա եւ իր ամուսինը դեռ հնարավորություն կունենային երեխաներ ունենալ՝ գոնե սուրոգատ մոր միջոցով: Իսկ հիմա նա լիովին կորցրել է այդ հնարավորությունը: Նա կորցրել է իր երեխային, կորցրել է երջանկության բոլոր հնարավորությունները», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է կնոջ հարազատներից Վահրամ Խաչատրյանը:

Սակայն վիրաբույժի խոսքով՝ եթե հնարավորություն լիներ պահպանել կնոջ վերարտադրողական օրգանները, նա դա կաներ, բայց նման հնարավորություն չի եղել, իսկ ինքն ամեն ինչ արել է կնոջ կյանքը փրկելու համար:

«Այս դեպքում ձվարանները չհեռացնելը սխալ կլիներ. հավանականությունը չափազանց մեծ էր, որ դրանցում նորից արյունահոսություն կարող էր սկսվել, այդ պարագայում հեշտությամբ կարող էինք կորցնել պացիենտին, հնարավոր է, որ եւս մեկ վիրահատություն անել ուղղակի չհասցնեինք։ Ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր արարքի համար, եւ վստահ եմ, որ արել եմ պացիենտի համար ամեն ինչ», - ասաց վիրաբույժը:

Նշենք, որ Տ․ Բադալյանը դեռեւս գտնվում է Երեւանում, նրա վիճակը կայուն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել