• Latest news

Ծնվելուց մի քանի օր հետո երեխա է մահացել. պատճառը սրտի արատն էր. բժիշկներ

23 փետրվարի, 2018  17:01

Հունվարի 25-ին Էջմիածնում ծնված եւ մի քանի օր հետո մահացած նորածնի մոտ սրտի բնածին արատ է եղել եւ ներարգանդային ինֆեկցիա: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Էջմիածնի ծննդատնից, երեխան անհաս է ծնվել՝ հղիության 36-րդ շաբաթում, ունեցել է 2200 գրամ քաշ:

Երեխայի մայրը՝ Ռ. Կ.-ն (1992 թվականի ծնված), ծննդատուն է ընդունվել հունվարի 25-ին, մոտ ժամը 17:10-ին, եւ քանի որ սա նրա 4-րդ ծննդաբերությունն էր, շատ արագ տղա է ունեցել: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահտել, չնայած ծնվել էր ժամկետից 2-4 շաբաթ վաղ եւ նորմայից քիչ է կշռել, շնչառոթյան եւ սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, եւ Ապգարի սանդղակով նրան 8 միավորով են գնահատել:

Նորածնին ստուգել են նաեւ զարկերակաչափի միջոցով, ինչը թույլ է տալիս չափել արյան սատուրացիան, զարկերակի հաճախականությունը եւ զարկերակային ալիքների տատանումները: Երեխայի մոտ բոլոր ցուցանիշները նորմայի մեջ էին, եւ նրան տարել են հիվանդասենյակ մոր մոտ, որպեսզի նրան կերակրի:

Առաջին օրը երեխան իրեն լավ է զգացել եւ նորմալ սնվել է, սակայն 26-ի երեկոյան հերթապահ բուժքույրը զննում կատարելիս նկատել է, որ երեխայի ոտքերը սառն են: Նա երեխային տեղադրել է հատուկ լամպի տակ, որ նրան տաքացնի:

Հաջորդ առավոտյան երեխային վերադարձրել են մոր մոտ հիվանդասենյակ: Առավոտյան 9:30-ին ծննդատան բժիշկներից մեկը շրջայց կատարելիս զննել է երեխային եւ հայտնաբերել, որ նրա մաշկի գույնը փոխվել է: Գործընկերների եւ բաժանմունքի վարիչի  հետ խորհրդակցելով՝ բժիշը ռեանամոբիլ է կանչել՝ երեխային Երեւան տեղափոխելու համար:

Բժիշկները սկզբում որոշել են, որ երեխայի մոտ ներարգանդային ինֆեկցիա է. ինչպես արդեն նշվեց, նա Ռ. Կ.-ի չորրորդ երեխան էր, 3 երեխայից 2-ը ծնվել էին ներարգանդային ինֆեկցիայով եւ ծնվելուց որոշ ժամանակ հետո բուժվել էին «Մուրացան» հիվանդանոցում: Այս վարկածի օգտին էր վկայում նաեւ այն փաստը, որ ծննդաբերելուց մեկ ամիս առաջ մայրը գրիպով էր հիվանդացել: Ավելին՝ նա այդ ժամանակ հոսպիտալացվելուց հրաժարվել էր, քանի որ 3 երեխաներին խնամող չկար, եւ գրիպի դեմ տանն է բուժվել:

Իհարկե, երեխայի մոտ սրտի արատի առկայության հնարավորությունը եւս բժիշկները չեն բացառել, չնայած դա մատնացույց անող ոչ մի նշան չի եղել՝ նրա սրտում աղմուկ նույնպես չէր լսվում: Բժիշկների խոսքով՝ երեխայի մոտ եղել է, այսպես կոչված, սրտի համր արատ, որը կարող է երկար ժամանակ չդրսեւորվել: Բացառված չէ, որ նրա մոտ այս արատի զարգացման պատճառը որեւէ ինֆեկցիոն հիվանդությունն էր, որով մայրը հիվանդացել էր հղիության վաղ ժամկետներում:

Հունվարի 27-ին երեխային արդեն Երեւան էին տեղափոխել՝ «Մուրացան» հիվանդանոց: Այստեղ մասնագետները հաստատել են, որ նրա մոտ սրտի արատ կա, եւ նրան տեղափոխել են մասնագիտացված   «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Այնտեղ երեխան  բուժում է ստացել, որից հետո վիրահատվել է: Սակայն վիրահատությունից մի քանի ժամ անց մահացել է:

Երեխայի մահվան փաստով քննություն է կատարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է