• Latest news

Դեղատոմսերով դեղերի տրամադրման նախաձեռնությունը գովասանքի է արժանի, սակայն կտրուկ անցումներ պետք չէր կատարել. մանկական հեմատոլոգ

7 մարտի, 2018  13:12

Հայաստանում դեղատոմսերով դեղերի վաճառքի վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը գովասանքի արժանի է: Մարտի 7-ին ««Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյանը:

Նրա խոսքով՝ սա միայն մեկ նպատակ է հետապնդում. անել այնպես, որպեսզի հիվանդն ավելի մոտ լինի բժշկին եւ ավելի լավ բժշկական օգնություն ստանա, ինչը կհանգեցնի հանրապետությունում քաղաքացիների շրջանում ինքնաբուժության կրճատմանը եւ հետագա վերացմանը: «Դա նաեւ թույլ կտա վերահսկողության տակ պահել ողջ իրավիճակը դեղերի համապատասխան տեսակների իրացման շուկայում, ինչն ինքնին ողջունելի է», - մանրամասնեց Զախարյանը:

Սակայն, ինչպես նշեց գլխավոր մանկական արյունաբանը, նման անսպասելի որոշումը եւ կտրուկ անցումը դեղերի իրացման նոր համակարգին անհանգստության առիթ է դարձել բնակչության որոշակի շրջանում եւ նույնիսկ՝ բժիշկների մոտ, քանի որ վերջիններս երբեմն ցանկանում են հիվանդին կոնկրետ դեղորայք նշանակել, սակայն չեն կարողանա դա անել, քանի որ նոր դեղատոմսային ձեւեր պետք է ներդրվեն: Այս ամենը, ըստ Զախարյանի, ավելորդ իրարանցում է առաջացնում: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ ցանկացած խնդիր կարելի է ժամանակի ընթացքում լուծել՝ աստիճանաբար, փուլ առ փուլ եւ առանց ավելորդ աղմուկի՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքնաբուժությունն անընդունելի է, եւ հիվանդն անպայման պետք է դիմի բժշկի:

«Կարծում եմ, սա ամենաճիշտ ձեւն է այն իմաստով, որ հիվանդների բուժման արդյունավետությունը կավելանա, կավելանա նաեւ այս ոլորտում ընդհանուր վերահսկողությունը»,- եզրափակեց Զախարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով:

Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել